Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ ձեռնարկ՝ Հատուկ քննչական ծառայությունից

Հունիս 10,2015 12:30

Հատուկ քննչական ծառայությունը վերջերս հասարակության լայն զանգվածների դատին է ներկայացրել «Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման եւ քննության մեթոդիկայի առանձնահատկությունները» վերնագրով գիտագործնական, վերլուծական աշխատությունը: Հիշյալ աշխատությունը հեղինակել են Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման բաժնի պետ, իրավագիտության դոկտոր Սերգեյ Առաքելյանը եւ բաժնի աշխատակիցներ՝ Տիգրան Խաչիկյանը, Գրիգոր Ամիրյանը, Տիգրան Ղազարյանը եւ Արթուր Նահապետյանը: Աշխատության հեղինակները վերլուծել են պաշտոնատար անձանց կողմից կատարվող՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցանքների քրեաիրավական որակման եւ քննության մեթոդիկայի տեսական ու գործնական նշանակություն ունեցող մի շարք արդիական հիմնախնդիրներ:

Մասնավորապես՝ գիտագործնական աշխատությունում տեղ են գտել վերլուծություններ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագրի, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական անփութության որակման ու քննության մեթոդիկայի առանձնահատկությունների վերաբերյալ: Աշխատության գիտական խմբագիր, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական, դատախազական եւ քննչական մարմինների ներկայացուցիչները որոշակի բարդություններ են ունենում պաշտոնատար անձանց կողմից կատարվող հանցանքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցակազմերով ճիշտ որակելու, դրանք միմյանցից եւ հարակից այլ հանցագործություններից սահմանազատելու, ապացուցողական համապատասխան բազան ձեւավորելու ու այն ճիշտ գնահատելու գործառույթներն իրականացնելիս:

«Այս առումով հիշյալ աշխատության շրջանակներում նպատակ է դրվել պարզաբանելու պաշտոնատար անձանց կողմից կատարվող՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցանքների որակման եւ դրանց վերաբերյալ քրեական գործերի քննության մեթոդիկայի առանձնահատկությունները, ինչպես նաեւ մշակելու իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ»,- ասում է արդարադատության գեներալ-լեյտենատ Վահրամ Շահինյանը: Գիտագործնական հիշյալ ձեռնարկը նախատեսված է ՀՀ-ում նախաքննություն իրականացնող մարմինների, դատական-դատախազական համակարգերի, իրավապահ այլ մարմինների աշխատողների, փաստաբանների, ինչպես նաեւ իրավաբանական բուհերի ու ֆակուլտետների ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, դասախոսների ու քրեական իրավունքի հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձանց համար:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մինչ այս աշխատությունը հրատարակելը, հանրությանն էր ներկայացրել եւս երկու գիտագործնական աշխատանք: Հասարակության լայն զանգվածների շրջանում հատկապես աչքի էր ընկել 2014 թ. հրատարակված «Խոշտանգման գործերով քննության կազմակերպման եւ իրականացման ուղեցույց» ձեռնարկը: Մեզ հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի պատասխանատու Միքայել Ահարոնյանը նշեց, որ ինչպես սույն ձեռնարկը, այնպես էլ ծառայության կողմից մշակված եւ հրատարակված այլ աշխատանքները տեղ են գտել Հատուկ քննչականի պաշտոնական՝ www.ccc.am կայքէջի «Գրադարան» բաժնում:

ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930