Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցն այն է, թե ազատ երկրի հնարավորությունները մենք ինչքանո՞վ ենք օգտագործել». Հակոբ Մովսես

Հունիս 16,2015 13:39

Գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը կարծում է, որ մենք մեր մշակութային կառուցվածքները, ձևերը դեռևս չենք գտել այն նոր իրողությունների մեջ, որոնցում կամա թե ակամա հայտնվել ենք: «Թե ինչու չենք գտել, մշակութաբանական բարդ խոսակցություն է, բայց ես ավելի հակված եմ մտածելու, որ պակաս դեր չի խաղում իներցիոն ծուլությունը: Մենք մշակութային մի ժառանգություն ենք ստացել, որն իր միջավայրում բավականին լավ գործել է, իր գործառույթները կատարել է: Եվ մենք, փոխանակ մտածեինք դրա հիմքի վրա նոր իրողություններին, նոր իրավիճակներին համապատասխան մշակութային ֆորմաներ ստեղծելու մասին, բավարարվեցինք ավելի հեշտ ճանապարհով՝ ամեն ինչ պահելով մի տեղում, որն այլևս գոյություն չունի: Բայց սա լրիվ ուրիշ խոսակցություն է»,- հունիսի 15-ին՝ «Թատրոն-Իքս» հանրապետական 8-րդ փառատոնի մեկնարկն ազդարարած «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց Հակոբ Մովսեսը:

Գրողն ընդգծեց, որ իր համար մեր այսօրվա մշակութային կյանքի ամենակարևոր հարցն այն է, թե մենք հիմա ինչքանով ենք մշակութային տարր համաշխարհային մշակույթի մեջ. մենք՝ իբրև մշակութային տարր, կա՞նք, թե՞ չկանք: «Խոսքս չի վերաբերվում մեր պատմական նկարագրին. բոլորս էլ գիտենք, որ պատմականորեն մենք կանք, ունենք հարուստ մշակույթ, ունեք այս ու այն… Ես կուզենայի, որ մեր մշակութային անցյալի մասին խոսելիս ոչ միայն ասեինք՝ 5-րդ դարում ունեցել ենք ահա այսպիսի լեզու, պատմագրություն, 7-րդ, 12-րդ դարերում՝ այսպիսի ճարտարապետություն և այլն, այլև հիշեինք, որ նույն այդ ժամանակաշրջաններում, կրոնի, աստվածաբանության, փիլիսոփայության ոլորտներում հավասար բանավիճող ենք եղել միջազգային ասպարեզներում»,- հստակեցրեց նա:

Մենք ինչո՞ւ 5-րդ դարում ունեինք շատ մեծ գրականություն, լեզու, արվեստ:

«Առաջին հերթին այն պատճառով, որ մենք այդ ժամանակվա բոլոր բանավեճերին ոչ միայն հավասար մասնակիցներ էինք, այլև, թող մեծամտություն չթվա, հիմնական «տոն տվողներից» էինք: Մենք մշակույթից, մշակութային մտածողությունից դուրս ենք մղվել այն ժամանակ, երբ դուրս ենք մղվել ընդհանուր մշակութաբանական պատկերացումներից: Թե ինչքանով ենք դրա մեջ այսօր, ես չեմ կարող ասել: Խոսքս այն մասին չէ, որ այսօր Հայաստանում լավ համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ են լինում կամ կարող են լինել: Շատերիս մտատանջող հարցերի հարցն այն է, թե 20-25 տարվա մեր հնարավորությունները, այսինքն՝ ազատ երկրի հնարավորությունները մենք ինչքանո՞վ ենք օգտագործել՝ այսօրվա մշակութաբանական օրգանիզմի մեջ հավասար բանավիճող լինելու առումով»,- ասաց Հակոբ Մովսեսը:

Գրողը կարծում է, որ այս տեսակետից շատ կարևոր են նմանատիպ քննարկումները, շփումներն ու այցելությունները, որոնց շնորհիվ կարելի է հասկանալ, թե մենք այսօր մեր անցյալի պոտենցիալը որտեղ կարող ենք դնել և, ի վերջո, մենք այսօրվա մշակութային համայնապատկերի մեջ ով ենք: Սա, ըստ Հակոբ Մովսեսի, այն առաջնային հարցերից մեկն է, որը պետք է այսօր բոլորիս մտահոգի:

«Ասել, թե Հայաստանում վերջին 20-25 տարիների ընթացքում մշակութային զարգացումներ չկան, սխալ կլինի: Շատ լավ բաներ կան, բայց կարծում եմ, որ ընդհանուր մտածողական համակարգի առումով իմ ասածի մեջ գոնե դույզն-ինչ ճշմարտություն կա»,- հավելեց նա:

Մտավորականի համոզմամբ՝ մշակութային են այն ժողովուրդները, որոնք ունեն մշակութային կենցաղ, մշակութային մտածողություն և այլն: Ըստ նրա՝ մենք ունենք դա. «Ես կարծում եմ, որ մենք, ինչքան էլ հարաբերությունների մեջ «բարբարոսանանք», մեր սրտի խորքում մշակութաբանական հարաբերություններ ունեցող ժողովուրդ ենք և իրար նաև դրանով ենք գնահատում: Ես չեմ կարծում, որ այսօրվա չափանիշները, որոնք ուղղակի հեղեղի նման լցվել են մեզ վրա, կարողացել են մեր միջից հանել այդ բնազդները: Այլ հարց է, թե դրանք ինչքանով են սոցիումի մեջ մտնում»,- ամփոփեց բանախոսը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930