Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան ուտում է խորոված, աղցաններ, կրեմով տորթ, վրայից էլ` ցոգոլ (Տեսանյութ)

Հունիս 23,2015 16:55

«Արմավիրում համաճարակային իրավիճակ չունենք եւ դեպքերի թիվը սովորականից ավելի չէ եւ մտահոգությունների առիթ չի տալիս»,-այսօր առողջապահության նախարարությունում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Aravot.am-ի հարցին, թե կասկածելի չէ՞, որ արձանագրված բոլոր դեպքերը հենց Արմավիրում են, տիկին Բակունցն ասաց, որ գրեթե բոլոր մարզերում էլ նույն թվով մարդիկ են դիմել հիվանդանոցներ, ինչը ամեն տարվա ցուցանիշները չի գերազանցել: Սակայն մասնավորապես` Արմավիրի վրա ուշադրությունը կենտրոնացել է 4-ամյա երեխայի մահվան դեպքից հետո:

Տիկին Բակունցն ասաց, որ Արմավիրում աղիքային վարակներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները տարբեր բնակավայրերից են, տարբեր հարուցիչներով:
Ուսումնասիրվել է նաեւ այդ բնակավայրերի խմելու ջուրը, սակայն համաճարակաբանական իրավիճակը նորմալ է եղել եւ ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել:

Ըստ նախարարության մասնագետի, աղիքային վարակիչ հիվանդություններն ունեն սեզոնայնություն, եւ գարնանն ու ամռանը գլուխ են բարձրացնում, սակայն համեմատելով անցյալ տարվա ցուցանիշների հետ, Նունե Բակունցն ասաց, որ որեւէ անհանգստացնող միտում այս պահին չունենք:

Խոսելով Արմավիրի Ջրաշեն գյուղի մահացած 4-ամյա երեխայի  եւ այս օրերին կոմայի  մեջ գտնվող մեկ այլ փոքրիկի դեպքերի մասին, տիկին Բակունցն ասաց, որ մահացած երեխայի գործով իրավապահներն են զբաղվում եւ ինքը ոչինչ չի կարող ասել, սակայն կոմայի մեջ գտնվող երեխան մինչ այդ էլ ծանր առողջական խնդիրներ է ունեցել եւ տասնյակ անգամ դիմել է բուժօգնության:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը ծնողներին ու տատիկներին կոչ արեց լինել ուշադիր, եւ եթե անցյալ տարի մրգի դեֆիցիտ է եղել, ապա, նրա խոսքերով, այս տարի պետք չէ անցյալ տարվա տեղն էլ ուտել` հատկապես` չպահպանելով հիգիենայի կանոնները:
Նրա խոսքերով, երբ զրուցում է հիվանդանոց տեղափոխված երեխաների ծնողների հետ, պարզում է, որ երեխան կերել է խորոված, հետո աղցաններ, վրայից երշիկ, կրեմով տորթ, վերջում էլ` ցոգոլ:

Նախարարության մասնագետները հորդորեցին ծնողներին եւ մյուս քաղաքացիներին պահպանել հիգիենան, ձեռքերը լավ լվանալ, միրգն ու բանջարեղենը` նույնպես: Ըստ նրանց, ինֆեկցիաները տարածվում են սննդի, կեղտոտ ձեռքերի, ընտանի կենդանիների, թռչունների միջոցով: Սնունդը պետք է պահել սառնարանում, ճաշն ուտելուց առաջ լավ եռացնել, Արա Ասոյանի խոսքերով, կարծիք կա, որ մեր բակի, մեր հողամասի թութը, խնձորը ապահով են եւ ուտելուց առաջ պետք չէ լվանալ, բայց մասնագետները վստահեցնում են, որ բացօթյա աճած ոչ մի բան ապահովագրված չէ ինֆեկցիաներից, դրանք կարող են այդ նույն մրգի, բանջարեղենի վրա հայտնվել ասենք` թռչունների միջոցով: Պարոն Ասոյանն ասաց, որ Արմավիրի մարզում օրեկան միջինը 4-8 հիվանդ է ընդունվում հիվանդանոց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930