Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր վարկային պորտֆելի անունը կարելի է դնել «սպառողական վարկերի պորտֆել»

Հուլիս 11,2015 14:30

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը սխալ է համարում, որ արտադրական, գյուղատնտեսական, նտեսությանը խթան հաղորդող շինարարական վարկերի տեսակարար կշիռը մեր վարկային պորտֆելում այդքան էլ մեծ չէ:

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին եւ այս տարվա հունվարի սկզբին մեր երկրում տեղի ունեցած արտարժութային ճգնաժամից հետո ամիսներ շարունակ հայաստանյան բանկերը, կարելի է ասել, մտել էին փակ ռեժիմի մեջ: Մի շարք բանկեր դադարեցրել էին վարկավորումը, այն հատուկենտ բանկերն էլ, որոնք վարկ էին տրամադրում, բարձր տոկոսադրույքով էին ու դոլարով:

Հայաստանյան բանկերում այս իրավիճակը ստեղծվեց, երբ ազգային դրամն արժեզրկվեց, իսկ դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացավ՝ մեկ դոլարը 410 դրամից հասնելով մոտ 500-ի:

Վերջին մեկ-երկու ամիսներին որոշ բանկեր վերսկսեցին վարկավորումը, սակայն ոչ նախկին տոկոսադրույքներով: Բանկերն արտարժութային ճգնաժամից հետո փոքր-ինչ բարձրացրել են վարկավորման տոկոսադրույքը, ինչը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ պարոն Խաչատրյանն ասաց, որ արտարժութային ճգնաժամերին, սովորաբար, հաջորդում է բանկային ճգնաժամը. «Մեր բանկերը հայտնվեցին նման ռիսկի առաջ եւ սկսեցին, այսպես ասած, վերանայել իրենց քաղաքականությունը որոշակի ժամանակահատված, որպեսզի հասկանան՝ տնտեսության մեջ ի՞նչ է սպասվելու, որպեսզի այնուհետեւ սկսեն վարկավորումը: Բայց, այնուամենայնիվ, սա հանգեցրեց վարկավորման պրոցեսի դադարեցման»:

Տնտեսագետի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, վարկավորումը մոտ 95-100 միլիարդի չափով նվազել է՝ կազմելով 2 տրիլիոն 90 միլիարդ: Ըստ պարոն Խաչատրյանի՝ մեր բանկերի կողմից տրված վարկային պորտֆելի մեջ 1,3 տրիլիոնը արտարժութային վարկերն են. «Այսինքն՝ մենք տալիս ենք վարկ դոլարով, եվրոյով, բայց մենք չենք տալիս ավելի շատ դրամով:

Դրամի տոկոսադրույքը բարձր է, եւ մարդիկ նախընտրում են ցածր տոկոսադրույքով դոլարային վարկ վերցնել, այլ ոչ թե դրամային վարկ: Եվ այդ դոլարային-դրամային վարկերի միջեւ առկա տոկոսադրույքները ստիպել են, որպեսզի մեր բանկային համակարգը դոլարիզացվի: Այդ վարկերի տոկոսադրույքները ճիշտ է՝ ցածր են, բայց դոլարային վարկերը մեր երկրի տնտեսության համար շատ բացասական են:
Երբ մենք ունեինք արժեզրկված դրամ, մարդիկ աշխատավարձը ստանում են դրամով, նրանց եկամուտների մեծ մասը դոլարով չի, բայց նրանք վերցրել են դոլարով վարկ, եւ իրենց գումարների շատ ավելի մեծ մասն է ուղղվում նրանց վարկերի մարմանը»:
Վիլեն Խաչատրյանի խոսքերով՝ հայաստանյան բանկերը չհետեւեցին ռուսաստանյան բանկերի օրինակին եւ չգնացին այն քայլին, որ դոլարային վարկերը վերածեն դրամային վարկերի, ինչպես որ Ռուսաստանն արեց. «Ռուսաստանն իր դոլարային վարկերի մեծ մասը փոխեց ռուբլով վարկերի՝ թեթեւացնելով դոլարի բեռը, որովհետեւ դա լրացուցիչ ծանրություն է գցում դոլարի վրա, մարդիկ դոլար են ուզում գնել, որի պատճառով ռուբլին արժեզրկվում է, այսինքն՝ երբ որ դոլարի պահանջարկը մեծանում է, առաջանում են նման խնդիրներ: Մեր բանկային համակարգը դոլարի պահանջարկը, որպես այդպիսին, չկրճատեց, պահեց: Կարող էր անել, որոշակի կորուստներով, բայց համակարգն էլ կառողջացվեր»: Վիլեն Խաչատրյանը բանկային համակարգը համեմատում է հիվանդ մարդու հետ, որին մի քանի սրսկումով, թեեւ ցավոտ, բայց կարելի էր բուժել. «Նախընտրեցին թողնել հիվանդը դանդաղ թուլանա կամ ինքն իրեն կբուժվի, թե չի բուժվի՝ հարց է, բայց այդ սրսկումը, այսպես ասած, միջամտությունը չանեն, այսինքն՝ ցավոտ տարբերակով հիվանդին առողջացնելու մեխանիզմ չընտրեցին, նախընտրեցին հիվանդին թողնել ինքն իր հույսին՝ ոնց կբուժվի կբուժվի»:

Տնտեսագետի խոսքերով՝ մեր բանկային համակարգը դարձել է իր քաղաքականության զոհը. «Ասում ենք՝ կայուն է, բայց 18-20 տոկոսով վարկեր են տալիս, միջին տոկոսադրույք են բերում՝ իհարկե, որը ցածր է, բայց միջին տոկոսադրույքը բերվում է ավելի մեծ գումարների համար, եւ փոքր գումարներն ավելի բարձր տոկոսադրույքով են տրվում: Հիմա բանկերի կողմից նաեւ մեծ գումարների վարկեր չեն տրվում, ավելի նախընտրում են 100 հոգու տալ 1000 դոլարի վարկ, այլ ոչ թե մեկ հոգու՝ 100 հազար դոլար վարկ, քանի որ վերջինս ավելի ռիսկային է, 100 հազարի տոկոսադրույքն ավելի ցածր է եւ այլն:
Իսկ սպառողական վարկերը կազմում են մեր վարկային պորտֆելի մոտ 450 միլիարդը, այսինքն՝ մեր վարկային պորտֆելի մոտ 25 տոկոսը սպառողական վարկերն են, իսկ սպառողական վարկերը սպասարկվում են միայն դրսից ներմուծված ապրանքների առեւտրին: Մարդիկ հեռախոս, համակարգիչ, սառնարան են գնում, հետեւաբար ստացվում է, որ մեր սպառողական վարկերի միջոցով մենք խթանում ենք ընդամենը մեր ներմուծումը: Ներմուծված ապրանքի իրացման համար մենք զարգացնում ենք մեր սպառողական վարկերի շուկան: Իսկ արտադրական, գյուղատնտեսական, տնտեսությանը խթան հաղորդող շինարարական վարկերի տեսակարար կշիռը այդքան էլ մեծ չէ»:
Վիլեն Խաչատրյանի խոսքերով՝ մեր վարկային պորտֆելի անունը «կլասիկ կարելի է դնել սպառողական վարկերի պորտֆել»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031