Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք չենք ֆինանսավորում մշակույթը, էլ ինչի՞ համար ենք պայքարում»

Հուլիս 11,2015 18:40

Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության հարցման արդյունքների՝ վրացիները կարծում են, որ պետական բյուջեից ամենաքիչ ֆինանսավորումը պետք է տրամադրվի մշակութային ոլորտին:

Այս մասին Երևանում այսօր մեկնարկած «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ ասաց Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն:

Նախարարին մտահոգել են հարցման այսպիսի արդյունքները, քանի որ, նրա խոսքով, ինքն իր առջև նպատակ է դրել թեկուզ մեկ քայլ առաջ տանել Վրաստանի մշակութային կյանքը:

«Ինձ համար այնքան օրինակելի են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի՝ մշակույթի մասին ունեցած պատկերացումները: Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանն են ներկայացնում երկրի բյուջեն, նա տեսնում է, որ զինված ուժերին մեծ գումարներ են հատկացված, իսկ մշակույթը գրեթե անտեսված է: Այդ ժամանակ նա ասում է՝ եթե մենք չենք ֆինանսավորում մշակույթը, այդ դեպքում էլ ինչի՞ համար ենք պայքարում, ի՞նչն ենք պաշտպանում: Սա մշակույթի արժևորման բարձրագույն օրինակ է ինձ համար»,- ասաց Մ. Գիորգաձեն՝ նկատելով, որ եթե մշակույթի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն չկա, ապա հնարավոր չէ ոչնչի հասնել. «Դրա համար էլ մշակույթի նախարար նշանակվելուց հետո անցա այդ ռազմավարության մշակմանը: Մենք չորս ամիս աշխատեցինք ԵՄ փորձագետների հետ և մշակեցինք մշակութային ռազմավարության քարտեզ, որը հստակ մատնանշում է, թե որոնք պետք է լինեն կառավարության և հասարակության գործողություններն այս ոլորտում: Քարտեզի հիմքում նախևառաջ դրեցինք երեք սկզբունք՝ հանրայնություն, թափանցիկություն և ներառականություն: Այնուհետև կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին նախարարության կազմում, ներքին համակարգման խումբ ստեղծեց»,- ներկայացրեց նախարարը:

Նրա խոսքով՝ իրենք պարբերաբար այցելում են երկրի տարբեր շրջաններ, խնդրում են մարդկանց հնարավորինս բաց ներկայացնել իրենց տեսլականը մշակույթի զարգացման ուղղությամբ. «Մոտ հազար մարդ է մասնակցել այս գործընթացին: Ընդգրկվել են ոլորտի ամենատարբեր մասնագետներ: Արձագանքը դրական էր, քանի որ մարդիկ սովոր չէին, որ նախարարը շրջի, լսի իրենց խնդիրների մասին, ծանոթանա իրենց առաջարկություններին: Մարդիկ սովոր չէին նաև, որ նախարարը կքննադատի իր կառավարության և հենց իր իսկ գործունեությունը»,- ասաց Վրաստանի մշակույթի նախարարը:

Դառնալով ֆինանսավորմանը՝ Մ. Գիորգաձեն ընդգծեց, որ մշակութային ոլորտը բավարար չափով չի ֆինանսավորվում գրեթե բոլոր երկրներում. «Հարցրեք ցանկացած մշակույթի նախարարի, և նա կասի, որ քիչ ֆինանս է հատկացվում: Բոլոր մշակույթի նախարարներն էլ գիտեն՝ առանց մասնավոր ներդրումների, կարճ ժամանակահատվածում դժվար է մեծ ապագա ապահովել այս ոլորտում: Այդ իսկ պատճառով մենք հիմա բարեգործության մասին օրենք ենք մշակում, որը կնպաստի մշակութային ոլորտում ներդրումների աճին, քանի որ մարդիկ շահագրգիռ կլինեն ոլորտում ներդրումներ անելու և փոխարենը հարկային առավելություններ ստանալու հարցում»,- ասաց Մ. Գիորգաձեն՝ ընդգծելով, որ թոշակի գնալիս այս բարեփոխումը համարելու է իր կարիերայի ամենամեծ ձեռքբերումը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031