Լրահոս
Օրվա լրահոսը

 Քաշաթաղից նոր տղաներ մեկնեցին՝ պաշտպանելու մեր մայրերի ու մանուկների անդորրը

Հուլիս 27,2015 15:41

Այսօր՝ հուլիսի 27-ին, Քաշաթաղի շրջանից հերթական զորակոչիկները մեկնեցին Ստեփանակերտի զինվորական հավաքակայան՝ համալրելու հայոց բանակի շարքերը: Տարբեր բնակավայրերից են տղաները և պատրաստ են 2 տարի դառնալու հայրենի երկրի սահմանապահը:

Մինչ նորակոչիկների տեղ հասնելը՝ զրուցում եմ զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանի հետ: Ասաց՝ նախկին զորակոչերը կայացել են ըստ պլանի: Զորակոչիկներն արդեն իրենց զորամասերում են՝ վիճակահանության արդյունքներով: Ամսի վերջին կկայանա ամառային վերջին զորակոչը:

Զինկոմը տեղեկացրեց նաև, որ զորակոչիկներից կան 2-3 հոգի, ովքեր ունեն առողջական խնդիրներ և գտնվում են բուժզննման մեջ

Զորակոչիկներից Նվեր Մարտիրոսյանը Բերձորից է. դպրոցական տարիներին զբաղվում էր հանդբոլով. Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի հանդբոլի տղաների թիմի լավագույն մարզիկներից էր: Այժմ ՀՀ ագրարային պետական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանող է. ավարտել է առաջին կուրսը:

-Մնացածը բանակից հետո կշարունակեմ, -ասաց Նվերը, որը բազմազավակ ընտանիքից է:

Ծնողները, քույր ու եղբայրները ճանապարհեցին հայրենիքի նոր զինվորին՝ հավատով, որ 2 տարի անց նույն ոգով տուն կընդունեն:

Կումայրիից Սուլթանյան Ռաֆիկի 6 որդիներից Գոռը 5-րդն է, որ դարձավ զինվոր: Սումգայիթից են եկել և 1997 թվականից բնակվում են Կումայրիում: 1 տարեկան էր Գոռը և այստեղ հասակ առավ, ավարտեց դպրոցը՝ հիմնական կրթությամբ:

-Լավ տրամադրությամբ եմ գնում, ասաց Գոռը, -միևնույն է՝ ինչ զորամաս կընկնեմ, բայց ուզում եմ կապավոր դառնալ:

Zorakoch (3) Zorakoch (1) Zorakoch zinkomisariat

Զինկոմիսարիատում ասացին, որ Գոռը ժամանակին առողջական խնդիրներ է ունեցել, իսկ այժմ, փառք Աստծո, արդեն առողջ է և պատրաստ է զինվորական պարտքը կատարել հայրենիքի հանդեպ:

Զինկոմիսարիատի միջանցքում զորակոչիկներին բարի ծառայություն ու վերադարձ մաղթեց զինկոմ Ստ. Օհանջանյանը՝ ասելով, որ հայրենիքի պաշտպանության խնդիրն այժմ նաև նրանց ուսերին է, ուստի պետք է լինեն արի, զգոն, ենթարկվեն զորամասի հրամանատարության հրահանգներին և տուն գան ավելի առնականացած:

Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, ողջունելով զորակոչիկներին, կարևորեց այն, որ տղաներն իմանան՝ ինչի համար և ուր են գնալու: Ասաց՝ զինվոր լինելը մեծ պարտականություն է:

Զորակոչի բաժնում զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանն ու բաժնի պետ, ավագ-լեյտենանտ Հովհաննես Բայաթյանը ևս մեկ անգամ ստուգում են տղաների փաստաթղթերը, ճշտում՝ որևէ մեկը չունի՞ խնդիր, ապա հրահանգում տեղավորվել մեքենաները:

Մրիկ գյուղից է Երվանդ Մուրադյանը, որի մայրն ասում է.

-Չեմ լացելու, Աստված բոլորիդ հաջողություն տա, հովանի ու պահապան լինի:

Հերթական զորակոչն էլ կայացավ, և նոր տղաներ մեկնեցին՝ պաշտպանելու մեր մայրերի ու մանուկների անդորրը:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031