«Սպանվում է և առյուծը, առյուծությունը՝ երբեք»։ Գ. Նժդեհ
Հիշեցի Վրեժի մշտաժպիտ ու բարի դեմքը։ Այսօր՝ հուլիսի 1-ին, նա կդառնար 34 տարեկան, բայց 2020 թ. 44-օրյա պատերազմում նահատակվեց։ Արցախի Քաշաթաղի շրջանից նահատակվեցին մոտ 80 քաջորդիներ, կան նաև անհայտ կորածներ։ Նահատակ հերոսներից շատերը երիտասարդ էին, ծնվել էին Արցախի Քաշաթաղի շրջանի տարբեր բնակավայրերում կամ մանկուց էին տեղափոխվել Քաշաթաղ, և այդ տարածքը նրանց հարազատ տունն էր։ Մինչ պատերազմը նույնպես շրջանը սահմանում կորուստներ ունեցավ։
Միշտ եմ գրում, անդրադառնում շրջանի երեխաների ու երիտասարդների մասին՝ նրանց համարելով աշխարհի լավագույն երեխաներ ու երիտասարդներ։ Նրանց շարքում էր Վրեժիկ Սեյրանի Պողոսյանը, որն այսօր գուցե ընտանիք ու զավակ կունենար։ Սակայն պատերազմում նա հերոսացավ և այսօր Անմահների լուսե բանակի շարքում է։
2021 թ. հուլիսի 1-ին Սիսիանի զինվորական պանթեոնում պատվո պահակ էին կանգնած Վրեժի զորամասի զինվորները։ Նշվեց Հերոսի ծննդյան տարեդարձը։ Նույն օրը նրա ծննդավայր Ույծ գյուղի դպրոցի մի դասարան անվանակոչվեց հերոսի պատվին։ Ընդամենը 2 տարի էր սովորել Վրեժն այս դպրոցում, բայց նրա հերոսությունը դարերի համար է։
Կարդացեք նաև
Նախօրեին Շաքիի ջրվեժի մոտ զրուցում էինք ընկերներով՝ Վրեժի հայրը՝ Սեյրանը, ես ու Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ՆԶՊ գծով տեսուչ Վոլոդյա-Արին Գալստյանը, որը լավ էր ճանաչում Հերոսին, եւ որի համար նույնպես Վրեժը լավագույն տղաներից էր և հավերժ այդպիսին մնաց։
— Մանկության տարիներին Վրեժը շատ էր գալիս այստեղ և ունկնդրում Որոտանի զրույցը,— պատմում է հայրը։
Աշխատելով Քաշաթաղի շրջանի կրթության համակարգում, այնուհետև՝ «Մերան» շրջանային պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, հաճախ էի այցելում տարբեր բնակավայրեր և շատերի հետ էի ծանոթանում։ Վրեժին էլ ճանաչում էի. դեռ դպրոցական էր, հետո՝ ուսանող, զինվորական, վարորդ․․․ Սակայն ամենակարևորը՝ լավ մարդ էր, ճանապարհի ընկեր։
Հազարավոր կիլոմետրեր ենք անցել միասին Քաշաթաղի շրջանում, և այսօր մեծ կարոտով եմ հիշում այդ օրերը, Վրեժի մշտաժպիտ դեմքը, նվիրումը հայրենիքին։ Մեծ սիրով էր լցված հայրենի Քաշաթաղի հանդեպ։
Մի անգամ միասին բարձրացանք Ամուտեղի սրբավայր։ Մինչ պատերազմը Իշխանաձորում «Հայրենասեր» հասարակական կազմակերպության աջակցությամբ կառուցվեց մարզադաշտ, որը կրում էր 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի Անմահ հերոս Անդրանիկ Զոհրաբյանի անունը։ Այդ մարզադաշտում հաճախ էր կազմակերպվում ֆուտբոլի շրջանային առաջնություն։ Տարբեր բնակավայրերի թիմեր էին մրցում միմյանց հետ, և բոլոր տղաները, նաև տարեցները, ծանոթացել, ընկերացել ու բարեկամացել էին։ Եվ նույն տղաները միասին նաև մարտադաշտ ելան՝ հայրենիքը պաշտպանելու։
Այսօր ցավով եմ հիշում նրանց, ովքեր տուն չեկան պատերազմից։ Ժորան, Էրիկը, Ռուսլանը, Գարեգինը, Արսենը, Մխիթարը, Հովհաննեսը, Մոնթեն, Աշոտը, Սուրենը․․․
Մրցումները լուսաբանելու հաճախ էի գնում։ Վրեժը և՛ մեքենան էր վարում, և՛ ֆուտբոլ խաղում։ Հիմնականում Սարատակի թիմի կազմում էր. մանկությունն այդ գյուղում էր անցել, հետո էին ընտանիքով տեղափոխվել Բերձոր։
Վերադառնում էինք Իշխանաձորից։ Գիտեր, որ ծանոթ եմ շրջանի պատմական հուշարձաններին, հարցրեց՝ մոտակայքում ո՞րն է։ Ամուտեղի բարձունքից նայում էր աջ ու ձախ, հրճվում.
— Ի՜նչ չքնաղ աշխարհ ունենք։
Այցելեցինք նաև Քրոնքի ժայռափոր եկեղեցին՝ Քրօնից վանքը։ Եկեղեցու դիմաց, բարձր ժայռերի մեջ, 4-հարկանի քարանձավներ են, որոնք ժամանակին եղել են բնակելի, ճգնարան կամ թաքստարան։ Մտանք քարանձավները և բարձրացանք վեր։ Մի հատվածում ժամանակին, հնարավոր է, որպես թաքստոց, ուղղանկյուն և մոտ 2 մ խորությամբ փոս կար։ Իջավ փոսի մեջ ու ձեռքերին ինչ-որ թռչնի երկու ճուտ հանեց։ Փոքրիկներն ընկել էին փոսի մեջ։ Բերեց տուն, միշտ պատմում էր, որ թռչունները մեծանում են։ Կրտսեր եղբայրը՝ Մոնթեն, էր խնամում։ Մի օր էլ եկավ, ասաց, որ թռել-գնացել են։ Եվ տխուր էր, և ուրախ՝ փրկել էր երկու թռչնակի։
Հարար գյուղում էինք՝ լուսաբանելու ճանապարհի բարեկարգման աշխատանքները։ Իմացավ, որ գյուղում ավերակ եկեղեցի կա, միասին այցելեցինք։ Սկսեց ուսումնասիրել պատերն ու տարածքը, հարցեր էր տալիս, տխրում, որ խորհրդային իշխանության հաստատումից հետո Հարարը հայաթափ էր եղել, եկեղեցին էլ ավերվել էր թշնամու կողմից։
Այցելեցինք նաև 1992 թ. Հարարը ազատագրելիս քաջորդիներ Արամ Մինասյանի և Էրիկ Բաղդասարյանի նահատակության վայրը, որտեղ հուշաքար կար։
Խաղաղ ժամանակներում հաճախ էինք այցելում նաև առաջնագիծ՝ զինվորներին աջակցելու, նվերներ հասցնելու և այլ պատճառներով։ Սիրով էր վարում մեքենան դեպի դիրքեր։ Ծանոթ էր տարածքին, սիրում էր զինվորական գործը, զինվորին։
Երկար կարելի է պատմել երիտասարդ ընկերոջս մասին։
Վրեժիկ Սեյրանի Պողոսյանը ծնվել է 1992 թ. հուլիսի 1-ին Սիսիանի շրջանի Ույծ գյուղում։
Սիսիանի զինվորական պանթեոնում իրենց վերջին հանգրվանն են գտել Արցախյան առաջին գոյամարտի և հետագա տարիներին հայոց հողը պաշտպանելիս նահատակված բազում սիսիանցիներ։ Այստեղ է հուղարկավորված նաև Վրեժը՝ մորաքրոջ որդու և մարտական ընկերոջ՝ Հայոց բանակի կապիտան Արայիկ Սաֆյանի շիրմի հարևանությամբ։ Միասին են զոհվել 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ Ջրականում, որտեղ էին պատերազմի առաջին օրվանից և բազում քաջագործություններ էին իրականացրել։
Քույրը՝ Արևիկը, որը մշտապես անդրադառնում է եղբոր ապրած տարիներին, ասում է.
— Վրեժս փոքր եղբորը՝ Մոնթեին, իր լավ օրինակներով շատ էր դաստիարակում։
Իսկ եղբոր ծննդյան օրվա առթիվ գրել է.
— Այժմ ես ոնց շնորհավորեմ ծննդյանդ օրը, Վրեժս։ Ախր չեմ ուզում հայացքս վերև պարզեմ ու ասեմ այն ամենը, ինչ կասեի քեզ, երբ գրկեի ու շնորհավորեի։ Ուզում եմ ամուր գրկեմ քեզ, շատ ամուր․․․
Մեծ է 2020 թ. 44-օրյա պատերազմում մեր ժողովրդի կրած կորուստը՝ հազարավոր տղաներ։ Առավել ծանր է, որ նույն տղաների պաշտպանած հայրենիքի մեծ մասը, այդ թվում՝ Արցախի Քաշաթաղի շրջանը, մնաց թշնամու տիրապետության տակ։ Տարածքային ու մարդկային կորուստներ ունեցանք նաև պատերազմից հետո, և այսօր Արցախը հայաթափ է։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

























































