Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծըղրիդներ,
Ո՞վ է լըսում հիմի ձեզ:
Հովհ․ Թումանյան
Կարդացեք նաև
1992 թ․ այս օրը՝ մայիսի 18-ին, կայացավ հայ ժողովրդի մի կարևոր պահանջ-երազանք-նպատակ՝ Արցախը Մայր Հայրենիքին միացումը։ Պայքարեցինք ազգովի ու, չնայած կրած դժվարություններին, կորուստներին, Արցախ աշխարհի համար բացեցինք Կյանքի ճանապարհը։ Մեր հայրենիքի 2 հատվածների համար անջրպետ դարձած Լաչին-Բերձոր քաղաքն ու Զաբուղ-Աղավնո գյուղն ազատագրեցինք։ 10 օր առաջ ազատագրվել էր Շուշին, որն էլ դարձավ Արցախյան գոյամարտում շրջադարձային։ Մեկ տարի գերության մեջ մնացած Բերդաձորն էլ ազատագրվեց մայիսի 17-ին։
Իհարկե, պատերազմը հետագայում ավելի դժվար ու դաժան դարձավ, ու հազարավոր քաջորդիների անձնազոհության գնով հաղթեցինք․ 1994 թ․ մայիսի 12-ին կնքվեց հրադադար։ Դեռևս ընթանում էր պատերազմը, երբ կազմավորվեց Արցախի 7-րդ՝ Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր շրջկենտրոնով։ 18-րդ դարասկզբից մինչև 1930-ականներին տարբեր պատճառներով հայաթափ էին եղել Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների որոշ տարածքներ, որոնք ազատագրվեցին Արցախյան առաջին գոյամարտում։ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք-Քաշաթաղ, Կովսական, Քաշունիք և այլն, ինչպես նաև Արցախի Վայկունիք և Բերդաձոր գավառների՝ Ադրբեջանից ազատագրված հատվածները միավորվեցին Քաշաթաղի նորաստեղծ շրջանի մեջ։ Սկսվեց տարածքի վերահայացումը։
Մայիսյան Եռատոնը Քաշաթաղի շրջանում Քառատոն էր։ 1995 թվականից սկսած՝ յուրաքանչյուր մայիսի 18-ին տոնական էր Բերձորում։ Իհարկե, մայիսի 9-ին նույնպես կայանում էին տոնական միջոցառումներ, սակայն Բերձորի ազատագրման օրը մեծ շուքով էր նշվում։
Գրեթե միշտ ներկա են եղել Արցախի նախագահը, վարչապետը, պետական այլ այրեր։ Երևանից ու ՀՀ տարբեր մարզերից նույնպես շատերն էին գալիս Բերձոր, հատկապես ազատամարտիկները, ովքեր մասնակցել էին Կյանքի ճանապարհի բացմանն ու պաշտպանությանը։ 2017 թ․ Բերձորում էր նաև լեգենդար Կոմանդոսը։
Առաջին տարիներին տոնական միջոցառումները տեղի էին ունենում քաղաքի մի հատվածում, որը կոչվում էր Վեհափառի հրապարակ։ Հետագայում քաղաքի կենտրոնում՝ Խաղաղության հրապարակին կից բլրի վրա, կառուցվեց Արցախյան գոյամարտում նահատակված քաջորդիների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Տոնական օրվա ընթացքում սկզբում տեղի էր ունենում այցելություն հուշահամալիր։
3 խոնարհված պատերին քանդակված էին Քաշաթաղի տարածքի ազատագրման համար մարտիրոսված 300-ից ավելի քաջորդիների անունները։ Ծաղիկների խոնարհում, հանդիսավոր մաս․․․ Պաշտոնական ելույթներից, պարգևատրումներից հետո ասմունքով, երգ ու պարով ելույթ էին ունենում Բերձորի և այլ դպրոցների աշակերտները։
Մայիսի 18-ին նաև Հուշարձանների միջազգային օրն է, և հուշահամալիրում կայացած հանդիսավոր մասից հետո տոնի մասնակիցներն այցելում էին Բերձորում գործող Քաշաթաղի երկրագիտական թանգարան։ Տեղի էին ունենում նաև մարզական ու ինտելեկտուալ խաղերի մրցույթներ։ Երեկոյան քաղաքի Վեհափառի հրապարակում կայանում էր տոնական համերգ՝ տեղի և հաճախ Ստեփանակերտից, Շուշիից, Գորիսից, Վայքից, Երևանից և այլ վայրերից եկած մշակութային խմբերի մասնակցությամբ։ Օրն ամփոփվում էր հրավառությամբ։ Տոնական միջոցառումները երբեմն տեղի էին ունենում Բերձորի նորակառույց Սուրբ Համբարձման եկեղեցու բակում՝ հոգևոր արարողությամբ, մոմավառությամբ։
Վերջին անգամ Բերձորում մայիսի 18-ին մեծ միջոցառում տեղի ունեցավ 2019 թվականին։ 2020-ին կորոնավիրուսի պատճառով քիչ մարդ այցելեց հուշահամալիր։
44-օրյա պատերազմի ընթացքում թշնամին բազում անգամ փորձեց գրավել Բերձորը, բայց չկարողացավ ճեղքել քաշաթաղցի հերոսների դիմակայությունը։ Հայրենի հողը պաշտպանում էին շրջանի գրեթե բոլոր տղամարդիկ, որոնցից մոտ 80-ը նահատակվեցին, կան անհայտ կորածներ։
Պատերազմից հետո էլ Բերձորում ու Աղավնոյում կյանքը շարունակվեց, չնայած շրջանի հյուսիսային մասն անկռիվ հանձնվեց թշնամուն։ 2021-2022 թվականներին էլ Բերձորի հուշահամալիրում տոնական օրերին այցեր լինում էին։ Այսօր հայաթափ է ողջ Արցախը, ավերվել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին ու Արցախյան գոյամարտի հուշահամալիրը։ Պահպանվել են հիշողությունը, կարոտը և տուն դարձի հավատը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ






























































