Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դատավորի որդու գործից բացակայում է քրեական գործ հարուցելու մասին որոշումը

Օգոստոս 19,2015 13:00
qreakan

Պաշտպաններից մեկը հարցրեց՝ հիմա էլ մե՞նք ցույց անենք դատախազի դեմ
Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ բուռն սկսվեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի նախկին պետ Արտյոմ Սեդրակյանի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Օգոստոսի 14-ին դատարան չէր ներկայացել մեղադրանքը պաշտպանող դատախազ Էդգար Արամյանը:

Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը տեղեկացրեց, որ դատախազից ստացվել է գրություն, համաձայն որի՝ նա չի կարող մասնակցել դատական նիստին՝ «աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»:
Ի դեպ, դատախազը նախորդ դատական նիստին օրը նշանակելու հետ կապված որեւէ առարկություն չէր արել:

Հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Արտյոմ Սեդրակյանի պաշտպանը՝ Ժաննա Կոտիկյանը: Նա ասաց, որ ավելի քան վստահ է, որ «դատախազը զբաղված չէ», եւ որ դատախազի գրությունը ձեւական բնույթ է կրում: Նա պահանջեց, որպեսզի դատարանը տեղեկացնի, թե երբ եւ ինչով է դատախազը զբաղված, որտեղ է զբաղված, պարտավորեցնելով, որ նա ճիշտ ժամանակին ներկայանա:

«Իմ պաշտպանյալը յոթ ամիս է՝ անազատության մեջ է: Որքան փորձում ենք հարգալից լինել, ճիշտ հակառակ վերաբերմունքին ենք արժանանում: Հիմա ինչ. մե՞նք ցույց անենք, որ հակառակ դեպքում ապահովեն»,- հարցրեց պաշտպանը:

Ամբաստանյալի երկրորդ պաշտպանը՝ Սիմոն Ամիրխանյանը, դիմեց դատարանին, որպեսզի զանգի միջոցով դատավորը գլխավոր դատախազությունից իմանա, թե ինչով է զբաղված դատախազը:

Պաշտպանական կողմն ակնարկեց երկրորդ դատախազին ընդգրկելու մասին, քանի որ սա առաջին դեպքը չէր, երբ դատախազը բացակայում է դատական նիստից:

Դատավորը մեկ անգամ արդեն զանգել էր գլխավոր դատախազություն. չէին պատասխանել: Քանի որ անհնար էր նիստը շարունակել, դատավորը կրկին կարճ դադար հայտարարեց: Նա վերադառնալով դատական նիստերի դահլիճ, հայտնեց, թե նկարագրել է վիճակը վարչության պետին, որը ասել է, թե դատախազը գտնվում է Տավուշի մարզում: Իսկ թե որ գործով, ինչ հարցով, անհայտ մնաց: Դատական նիստը, երբ նշանակվեց սեպտեմբերի 29-ին, այստեղ էլ տեղի տվեցին ամբաստանյալի մոր՝ նախկին դատավոր Իսկուհի Վարդանյանի նյարդերը: Նա արցունքախառն տեղից ասաց, որ չի լռելու, որ ամբաստանյալներից միայն իր տղան է կալանավորված, այն դեպքում, երբ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշում ըստ էության չկա:

Հիշեցնենք, որ Արտյոմին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ-ից բացակայող Ալբերտ Սլոյանի անձամբ անձագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում, վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել է 5000 ԱՄՆ դոլար: Ըստ դատարան ուղարկված գործի նյութերի, նա 2013թ. օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1. 833. 035 ՀՀ դրամի համարժեք` 4500 ԱՄՆ դոլար կաշառք: Այուհետեւ Ա. Սլոյանի անունից կեղծ դիմում լրացնելու եւ անձնագրի կորստյան կեղծ գործ կազմելու համար հանրային ծառայող Ս. Ունուսյանին տվել է համարժեք 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն եւ շահադիտական նպատակով անձամբ, ինչպես նաեւ իր ենթակայության տակ գտնվող պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայողների օժանդակությամբ կազմակերպել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ Ա. Սլոյանի՝ ՀՀ-ում գտնվելու, Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ է մտցրել պաշտոնական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր:

Ամբաստանյալի պաշտպան Սիմոն Ամիրխանյանը դեռ նախորդ նիստի ժամանակ միջնորդել էր, որպեսզի արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Արտյոմ Սեդրակյանի նկատմամբ այլընտրանքային միջոց գրավ կիրառվի: Եվ նաեւ հռչակվի նրա անմեղությունը, քանի որ «առանց հանցագործության մասին Նավո Սլոյանից (անձնագիրը ստացած Ալբերտի պապն է) հաղորդում ստանալու, 2014թ. դեկտեմբերի 16-ից հետո առանց նոր քրեական գործ հարուցելու առկայության, Նավո Սլոյանի, Աիդա Սարգսյանի, Սոֆյա Ունուսյանի եւ մյուսների առանձին ու առերես ցուցմունքների, ինչպես նաեւ նույն ժամանակահատվածում անօրինական ստացված եւ գործի մեղադրական եզրակացությունում նշված տվյալները որպես ապացույց են օգտագործվել, դրանք անթույլատրելի պետք է ճանաչվեն»:

Պաշտպանական կողմն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գործով չի պարզվել , թե ո՞վ է Ա. Սլոյանի անվամբ լրացված դիմումում Էրեբունու զինկոմիսարիտում հաշվառման կանգնելու մասին նույն զինկոմիսարիատի կնիքն ու դրոշմակնիքը դրել, ում կողմից է նշված տարածքի զինկոմիսարի փոխարեն կնիքների վրա կեղծ ստորագրություն կատարվել:

Ըստ պաշտպան Ժաննա Կոտիկյանի էլ՝ դատախազ Էդգար Արամյանն առանց գլխավոր դատախազի հանձնարարության, Հատուկ քննչական ծառայությունից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանին ետ վերադարձրած գործը ուղարկել է ՀՔԾ՝ նախաքննությունը շարունակելու:

«Ուսումնասիրելով Ալբերտ Սլոյանին կորստյան հիմքով անձնագիր հատկացնելու վերաբերյալ անձնագրային գործի նյութերը, պարզ է դառնում, որ Արտյոմ Սեդրակյանը մակագրել եւ ստորագրել է այն դիմումները եւ գրագրությունները, որոնք անձամբ քաղաքացուց ընդունում են անձնագրավարները, անձնագրային պետի կողմից դիմումի մակագրությունները, դրանք անհրաժեշտ եւ պարտադիր գործողություններ են, որոնց կատարման ժամանակ քաղաքացու ներկայությունը պետի մոտ չի պահանջվում: Հետեւաբար, դրանք մակագրելիս կամ ստորագրելիս պետը չէր կարող կռահել, որ քաղաքացին անձամբ չի ներկայացել եւ չի ստորագրել նշված դիմումները»,- «Առավոտին» ասաց Ժ. Կոտիկյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31