Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաբիս «երգարվեստը» օրնիբուն քարոզվում է հեռուստաէկրաններից, ռադիոյով. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 23,2015 10:18

Հետաքրքիր է, բայց անողոք փաստ. այսօր մի ռաբիս երգչի՝ «վաստակավոր արտիստի» կոչում ստանալն ավելի ինտենսիվ ու ավելի կրքոտ է քննարկվում, քան, ասենք, սահմանադրության փոփոխությունները, հոսանքի թանկացումն ու սահմանում տիրող իրավիճակը միասին վերցրած:

Նման վիճակ էր երեկ չէ առաջին օրը, նման պատկեր էր եւ երեկ: Ինչ-որ տեղ նույնիսկ տարօրինակ է, քանզի այդ վիրտուալ աշխուժությանը հետեւելով՝ կարելի է թյուր եզրակացության հանգել, թե հասարակությունն ու երկիրը այլ դարդուցավ չունեն, քան այս կամ այն բեմական կերպարին կոչում շնորհել-չշնորհելու հարցն է:

Մյուս հետաքրքիր պահն այն է, որ Արմենչիկ բեմական անունով հայտնի Արմեն Գոնդրաչյանից բացի, կոչումներ ու նաեւ պետական բարձր պարգեւներ՝ մեդալներ, շքանշաններ են ստացել նաեւ բազմաթիվ ուրիշները, օրինակ, մեր պատանեկության ու երիտասարդության տարիների սիրված երգիչներից Հարություն Փամբուկչյանը (Ձախ Հարութ), բայց քննարկող բազմությունը կենտրոնացել է գերազանցապես առաջինի վրա:
Թերեւս կարելի է ենթադրել, որ Արմենչիկին կոչում շնորհելուց բորբոքված մեր հայրենակիցները մյուսների պարգեւատրումը տեղին են համարում: Եթե այդպես է, ապա՝ կես կատակ, կես լուրջ, բայց դա էլ կարելի է որոշակի առաջխաղացում համարել, այլապես կարող էին «ցուցակով» քննադատել:

Կարծում ենք, այս փաստը եւ գոնե վիրտուալ դաշտում փոթորկոտ արձագանքը որոշակի մտորումների տեղիք տվեցին: Ու որքան ավելի ես խորամուխ լինում մանրամասների մեջ, ի վերջո հանգում ես ենթադրության, թե գուցե բուն խնդիրը, այնուամենայնիվ, կոչո՞ւմը չէ:
Բայց, մյուս կողմից, ի՞նչն է այդպես բորբոքել շատ-շատերիս: Այն, որ կոչում է ստացել ռաբիս երգի՞չը, որի համերգները, ի դեպ, անցնում են լեփ-լեցուն համերգային դահլիճներում: Երբ հետեւում ես քննարկումներին, ապա՝ այո, հիմնական բորբոքիչը այդ հանգամանքն է:

Այդ պարագայում, սակայն, հետաքրքիր է, որ եթե այդքան մարդ բորբոքված է, ապա ովքե՞ր են լցնում համերգասրահները՝ ռաբիս երգիչների ելույթների ժամանակ: Եվ արդյոք դա ավելի նախընտրելի կամ ընկալելի՞ երեւույթ է, քան թե, ասենք, նրան կոչում շնորհելը:
Վերջին հաշվով, որտեղի՞ց կամ ինչի՞ հաշվին կան այդ բոլոր ռաբիս կամ ուլտրառաբիս երգիչները՝ Ուզբեկ, Թաթուլ, Վլե եւ ինչ իմանաս է՛լ ով: Իրենց «երգարվեստի» սպառողների հաշվին կան նրանք, ի վերջո։ Ունկնդիր ու լսարան ունեն:

Ռաբիս երգչի կոչում ստանալը շատ մարդկանց վրդովեցրել է: Բայց նույն այդ շատ մարդիկ մի տեսակ չնկատելու են տալիս, որ այդ նույն ռաբիս «երգարվեստը» օրնիբուն քարոզվում է հեռուստաէկրաններից, ռադիոյով:

Չնկատելու են տալիս կամ ուշադրություն չեն դարձնում, որ երթուղային միկրոավտոբուսների ու տաքսիների յուրաքանչյուր երրորդ, եթե ոչ երկրորդ վարորդը հենց այդ կարգի «երաժշտություն» է լսում: Սակայն չէ՞ որ նրանք, այդ ունկնդիրներն էլ մեր հասարակության մի մասն են: Ու կարծես այնքան էլ փոքր մասը չեն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930