Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քանակը եւ որակը

Մայիս 18,2023 10:00

Երեկ գիրք էի նվեր ստացել Հովհաննես Չեքիջյանից: 95-ամյա դիրիժորը, որն, ի դեպ, շարունակում է ապրել ակտիվ ստեղծագործական կյանքով, մակագրության մեջ ջերմ բառեր է գրել իմ հասցեին: Եվ միտքս գնաց հետեւյալ ուղղությամբ. մեկ այդպիսի մարդու դրվատանքն ինձ համար ավելի կարեւոր է, քան 10 հազար մարդու, ենթադրենք՝ ֆեյսբուքյան օգտատերերի հայհոյանքը կամ կսմիթը: Որակի եւ քանակի փոխհարաբերության խնդիր է:

Մոտավորապես 18-րդ դարից սկսած՝ մեր ուղեղի մեջ փորձում են մտցնել «ժողովուրդը միշտ ճիշտ է» անիմաստ եւ սնամեջ թեզը, որի «շուկայական» ձեւափոխումն է՝ «հաճախորդը միշտ ճիշտ է» նույնքան անբովանդակ պնդումը:

Ռաբիսը միլիոնավոր դիտումներ է հավաքում, ուրեմն, եկեք բոլորս ռաբիս լսենք, եւ ի վերջո այդպիսին դառնանք: «Սովետի ժամանակ» մարդիկ գլուխ էին կոտրում՝ Զեյնաբ Խանլարովայի համերգներն ունկնդրելու համար:

Կամ՝ նույն ժամանակահատվածում պետությունից գողանալը համարվում էր «աչքաբացության» նշան: Արդյոք «ժողովուրդը ճի՞շտ էր»:

Այսօր երիտասարդներին տոննաներով թմրանյութ է պետք՝ եկեք այն տրամադրենք, չէ՞ որ հաճախորդի ցանկությունն օրենք է:

Հարյուր հազարավոր հայաստանցիներ պատերազմում պարտությունից հետո ազգային նվաստացում չեն զգում, եւ այդ պարտության համար Փաշինյանին մեղավոր չեն համարում՝ ինչո՞ւ չես միանում մեծամասնությանը: Կարո՞ղ է «նախկին» ես, կամ գուցե ուզում ես, որ Պողոսը կամ Պետրոսը գան իշխանությա՞ն:

Հասկանալ, թե ինչ է ուզում մեծամասնությունը՝ դա, իհարկե, քաղաքական գործչից տաղանդ է պահանջում: Ավելին՝ դա քաղաքական գործչի արհեստի ամենակարեւոր բաղադրամասն է: Վերջերս նայում էի տարիներ առաջ արված Պոզների հարցազրույցը պատմավեպերի հեղինակ Էդուարդ Ռաձինսկու հետ, եւ գրողը հիշեցրեց, որ 1917 թվականի ալեկոծությունների ժամանակ ժամանակավոր կառավարությունը, կուսակցությունների եւ մտավորականության մեծ մասը չգիտեին, թե ինչ է պետք անել: Եվ միայն ոչ բազմանդամ կուսակցություններից մեկի ղեկավարը հասկացավ, թե ինչ է ուզում ժողովուրդը: Ըստ այդմ, նա առաջ քաշեց երկու կարգախոս՝ «թալանի՛ր թալանածը» եւ «վե՛րջ պատերազմին»: «Փազլը» լրացվեց, եւ իշխանության ու ժողովրդի միջեւ հաստատվեց կատարյալ ներդաշնակություն: Որովհետեւ, ըստ նույն հեղինակի, ռուս ժողովրդին պետք է ոչ թե ժողովրդավարություն եւ օրինականություն, այլ՝ «արդարություն»: Հենց այդ «արդարությունն» էլ հաստատվեց՝ ժողովրդի ուզած ձեւով: Կարծում եմ, նույնը պետք է նաեւ հայաստանցիներին:

Քաղաքական գործիչները, ինչպես եւ՝ լավ առեւտրականները, պետք է զգան, թե ինչ է պետք է ժողովրդին կամ հաճախորդին, եւ իրենց գործունեությամբ նպաստեն այդ պահանջարկի բավարարմանը: Բայց ես նման պարտավորություն բացարձակապես չունեմ: Իմ առաքելությունը ես բացարձակապես այլ տեղ եմ տեսնում՝ նրանց, ովքեր դրա անհրաժեշտությունը զգում են, ներկայացնել այն, ինչ համապատասխանում է իմ ճաշակին: Մարդկանց քանակը տվյալ դեպքում կարեւոր չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Բոլոր պետությունների ղեկավարությունը անտեսանելի գլոբալ գերուժերի տեսանելի դրածոներն են, այդ դրածոները մի կենտրոնից են ղեկավարվում, նրանց նպատակն է, որքան հնարավոր է գժտժություններ ու այլասերվածություններ տարածել ժողովուրդների մեջ եւ այլասերվող ժողովուրդներին զոմբիների նման քսի տալ չայլասերվող ժողովուրդների դեմ, այդ այլասերվածների վեջնական նպատակը’ ժողովուրդներին միլիոններով մատաղ են տալիս իրենց այլասերված աստվածներին եւ դրանով իրենց բարվոք ապագան ապահովում: Ժողովուրդները պետք է հասկանան, որ ժողովուրդների միջեւ չեն լինում գոյաբանական տարաձայնություններ եւ այսօրվա պատերազմները ժողովորդների միջեւ միայն մի նպատակ է հետապնդում’ մատաղացու դառնալ այլասերվածների համար: Կամ պատերազմող ժողովուրդները մատաղացու են դառնում այլասերվածների համար կամ պատերազմող ժողովուրդները իրենց մեջ այնքան իմաստնություն են գտնում, որ նախաձեռնում են գոյաբանական համագործակցություն: Թերագնահատել կամ գերագնահատել թշնամուն նշանակում է պարտություն, այո, այդ ուժերը գերհզոր են, քանի դեռ ժողովուրդները չեն գիտակցում ինքնակազմակերպման գոյաբանական անհրաժեշտությունը, որ խաղաղությունը ժողովուրդների միջեւ նպատակ լինել չի կարող, պետք է հենց գոյաբանական, այսինքն’ իրարից գոյաբանական ռազմավարական կախվածություն, որն էլ կապահովի այդ ժողովուրդների համեմատական անկախությունը այլասերված թշնամի ուժերից: Ինքնակազմակերպված ժողովուրդների դեմ խաղ չկա, մենք մեր միտքն ու գործերը պետք է շեղենք պետական զոմբի ղեկավարներին քննարկելուց եւ անցնենք ինքնակազմակերպչական աշխատանքներին: Օրինակ, արեւմտյան քաղաքական մշակույթում ընդունված է որոշում ընդունելու միաձայն կոնսենսուսային ձեւը, երբ ցանկացած սուբյեկտ վետոի իրավունք ունի: Սա բարձր քաղաքական մշակույթ է եւ մենք պետք է այն ընդունենք մեր ինքնակազմակերպման համար:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031