Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենչիկացրել ենք կայքերը՝ չանդրադառնալով ձեռնափայտով նախագահական հասած հերոսին». Գյումրու թատրոնի պրոդյուսեր

Սեպտեմբեր 23,2015 15:17

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն, անդրադառնալով ամերիկահայ ռաբիզ երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելու շուրջ բարձրացված աղմուկին, ասաց. «Եկեք չմոռանանք, որ նա այսօր Հայաստանի ամենապահանջված արտիստն է: Ուզենք, թե չուզենք, նա ամենապահանջվածն է, թե ինչո՞ւ ենք պահանջում իրեն, դա խնդրի մյուս կողմն է: Ու ոչ միայն Հայաստանում է պահանջված, այլ դրսում, նա կարող է 10 հազարանոց համալիր լցնել ու իրար սպանելով տոմսերը գնեն նույն հայերը: Նա շնորհքով մարդ է. բազմաթիվ բարեգործություններ է անում, իր վերջին համերգի ողջ հասույթը նվիրեց «Նվիրիր կյանք» հիմնադրամին, քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը, ինքը որպես մարդկային տեսակ լավն է:

Այլ հարց է, թե իր այդ գործողությունները հաշվի անելով՝ կարելի՞ է իրեն վաստակավոր արտիստի կոչում տալ, թե՞ ոչ: Խնդիրը դա է, խորքային է: Հիմա, երբ բոլորս բողոքում ենք, թե ինչո՞ւ են նրան վաստակավորի կոչում տալիս, ինչո՞ւ չէինք բողոքում, երբ Հայաստանի կարեւոր հեռուստաընկերություններն են պրոպագանդում նրա արվեստը: Եթե բոլորի վերաբերմունքը համատարած այդպիսին է, հենց սկզբից բողոքեինք, պիտի հասցնեինք վաստակավորի, որ սկսեինք աղմուկ անե՞լ: Դե ուրեմն մի թողեք ինքը համալիրներում համերգ տա, մի թողեք, Հայաստանի կարեւորագույն հեռուստատեսություններով պրոպագանդվի: Այս թեմային այսքան օր անդրադառնա՞լ… մարդիկ կան՝ չգիտեն, որ Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը ժողովրդական արտիստի կոչումներ են ստացել, հերոս տղերքից մեկը ձեռնափայտով հազիվ հասել է նախագահական:

Մինչ Արմենչիկին անդրադառնալը ու նրա մասին աղմուկ բարձրացնելը, շատ ավելի կարեւոր է, որ մենք այդ նույն ոգեւորությամբ անդրադառանք այն մարդկանց կոչումներին, որոնք արժանի էին ու ստացան այդ կոչումները, որովհետեւ այս համատարած աղմուկը խանգարեց մարդկանց հստակ ինֆորմացիա ստանալ, թե արդյոք ովքե՞ր են պարգեւատրվել, արդյոք էլ ո՞վ ստացավ պարգեւ:

Ամենակարեւորն ինձ համար այն հերոս տղերքի պարգեւատրումներն էին, որոնք ստացան պարգեւներ հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար, մեկը ձեռնափայտով հասել էր նախագահական ու ստացավ պարգեւը:

Երկրորդը, որը, ցավոք սրտի, զոհվել էր բախման ժամանակ, իր հայրը եկավ ու ստացավ պարգեւը, մենք իրենց մասին ոչինչ չենք գրում եւ ամբողջ երեք օր խոսում ենք Արմենչիկի վաստակավոր արտիստի կոչում ստանալու մասին:

Ըստ իս, շատ ավելի կարեւոր էր, որ համացանցը ողողեինք այդ մարդկանց անուններով, ցույց տայինք, որ այդ մարդիկ էլ են գնահատվել մեր երկրում սահմանները անառիկ պահելու համար, քան այսքան շատ խոսեինք Արմենչիկի վաստակավոր արտիստ ստանալու մասին»:

Մեր դիտարկմանը, այդ մարդիկ արժանի են եղել պարգեւներին, այդ պատճառով էլ նրանց մասին չի խոսվել, մեր զրուցակիցն ասաց. «Իսկ կարեւոր չէ՞, որ մենք խոսեինք արժանի մարդկանց մասին, Հայաստանի բոլոր կայքերը ողողված լիներ դիվերսիոն փորձը խափանած ու հետ շպրտած այդ տղերքի ֆոտոներով, շատ ավելի կարեւոր է, որ հերոսներին գնահատեինք ու արժեւորեինք: Հայաստանի մեկ-երկու կայքում տեսա նրանց մասին տեղեկատվության, մնացածը բոլոր լրատվամիջոցները արմենչիկացրել ենք…

Սա նաեւ ոգեւորելու միջոց է այն տղաներին, որոնք այսօր սահմանին են կանգնած: Շատ հուզիչ էր, որ զոհված տղայի հայրը սեւ շորերով հասել էր նախագահական, նրա 17-18 տարեկան որդին կյանքն է ներդրել հայրենիքի համար ու գնահատվել է, այս մասին չի խոսվում ընդհանրապես, ինձ համար ամենակարեւորը հերոսներին տված պարգեւներն են»,- ասում է Տիգրան Վիրաբյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ president.am կայքի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. whisteblower says:

    Արմենչիկին պետք է նշանակել Մշակույթի նախարար` ունի կապեր ու փող, աշխույժ է ու նպատակասլաց:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930