Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն պետք է սկսեր այն պատգամավորից, որը սպառնում էր բռնաբարել, մորթել, վիզը պոկել». Ալումյան

Սեպտեմբեր 24,2015 13:05

«Ես ուզում էի պարզություն մտցնել՝ արդյոք ԱԱԾ-ի գործառույթների մե՞ջ է մտնում ինչ-որ մեկին ինչ-որ բանի մասին զգուշացնել: Պետական մարմիններն իրավունք ունեն կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար հատուկ լիազորված են օրենքով: Որ օրենքի ո՞ր դրույթն է իրավունք տալիս ԱԱԾ-ին ինչ-որ մարդկանց ինչ-որ բաների մասին զգուշացնել»,- փաստաբան Հայկ Ալումյանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղղված հայտարարության մասին այսպիսի տեսակետ հայտնեց:

Ըստ Հայկ Ալումյանի, սա շատ վատ նախադեպ կարող է դառնալ, երբ գործադիր իշխանության մարմիններից մեկը փորձում է ազդել օրենսդիր իշխանության վրա, ընդ որում, այնպիսի կարեւոր իրավունքի իրացման մեջ, ինչպիսին է կարծիքի ազատ արտահայտման իրավունքը. «Երբ պատգամավորներից մեկը սպառնում էր ինչ-որ մարդկանց բռնաբարել, վիզները կտրել, այդ պատգամավորին ոչ մի բանի մասին չէին զգուշացրել: Սա շատ լավ համեմատություն էր, որը հանդիպեցի համացանցում: Այդ պատգամավորի նկատմամբ քրգործ չեն հարուցել, մինչեւ հիմա նա դեռ ազատության մեջ ման է գալիս: Իսկ այս դեպքում, երբ ընդամենը պատկերավոր արտահայտություն էր արել՝ համեմատելով ԱԱԾ շենքը Բաստիլի հետ, ԱԱԾ-ն այդքան հապճեպ գործողություններ է կատարում: Թող սկզբում մյուս պատգամավորին կարգի հրավիրեն, քրեական գործ հարուցեն, հետո մենք տեսնենք դա իրենց մոտ ոնց է ստացվում, նոր թող փորձեին մյուսներով զբաղվել: Ընդհանրապես զգուշացնելը իրենց գործառույթների մեջ չի մտնում: Կա ընթացակարգ, որը պետք է սկսեր այն պատգամավորից, որը սպառնում էր բռնաբարել, մորթել, վիզը պոկել: Տեսնո՞ւմ եք ինչպիսի երկակի մոտեցումներ են եւ շատ տխուր է այդ ամեն ինչը տեսնել»:

Մեր հարցին՝ պատգամավորն ունի՞ հնարավորություն հայց ներկայացնել եւ ԱԱԾ-ին պատժել այդ գործելաոճի համար՝ Հայկ Ալումյանը պատասխանեց. «Իհարկե, նա կարող է միջոցներ ձեռնարկել: Բայց արդյոք արժե՞ միջոցներ եւ ռեսուրսներ վատնել՝ այդ կարգի դատարկախոսություններին պատասխանելու համար: Դա թող ինքը որոշի, իհարկե, այդ հնարավորություններն ու իրավունքներն ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930