Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պատգամավորները ստիպված կլինեն խոսել ռուսերեն. ռուսերենը՝ աշխատանքային լեզու

Հոկտեմբեր 20,2015 20:20

Ժնևում Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ-ի անունից հայտարարել է, որ ՀՀ-ն կողմ է Միջխորհրդարանական միությունում ռուսերենը պաշտոնական կամ աշխատանքային լեզու դարձնելու Ռուսաստանի առաջարկին:

Aravot.am-ը «Ընդդեմ օտարալեզու դպրոցների» նախաձեռնության մասնակից Արմեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ այս համաձայնությունը վտանգավոր չէ՞, նա պատասխանեց. «Այս հարցում կան սկզբունքային և գործնական պահեր: Գործնական պահն այն է, որ տարին երկու անգամ միջխորհրդարանական հանդիպում է տեղի ունենում, և այդ ժամանակ պետք է ռուսերեն խոսեն: Բայց այս համաձայնությունը ցույց է տալիս, որ մենք արժանապատվությունից զուրկ ենք: Դա նորություն չէ մեզ համար, որ իրենք արժանապատվությունից զուրկ մարդիկ են և համաձայնելու էին»:

Պարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ այս որոշումը սկզբունքորեն շատ վտանգավոր է: Արմեն Հովհաննիսյանը որպես օրինակ բերեց, որ այլ վերպետական կառույցներում նույնիսկ փոքր երկրների լեզուներն ունեն հատուկ կարգավիճակ՝ օրինակ՝ ԵՄ-ում էստոներենը:

Դառնալով կոնկրետ այս համաձայնությանը՝ նշեց. «Ցանկացած վերպետական կառույցի բոլոր հնարավոր թերություններից ու ախտերից բացի սա նաև կոնկրետ ռուսական կայսրության ինչ-որ վերարտադրության ձև է: Ռուսերեն լեզուն, ռուսերեն մշակույթը պարզապես փաթաթվում են ժողովրդի վզին՝ իհարկե կոռումպացված էլիտայի միջոցով, վառ օրինակ՝ Գալուստ Սահակյանը»:

Այս համատեքստում պարոն Հովհաննիսյանը հիշեցրեց այն, որ մաքսային գործավարության լեզուն են համաձայնել, որ լինի ռուսերենը, իսկ դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին, մտնելով իր երկիր, պիտի օտար լեզվով լրացնի փաստաթղթեր:

Ուստի Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ «ԵՏՄ-ն հայ ժողովրդի նվաստացման կառույց է բացի տնտեսականից, նաև լեզվական և արժանապատվության ոլորտում»: Մեր հարցին՝ մինչև ռուսերենը աշխատանքային լեզու դարձնելը առանց այդ էլ տարբեր մակարդակի ռուս գործիչներ Հայաստան գալիս ու հաթաթա էին տալիս, թե ինչու ռուսերեն լավ չգիտեն Հայաստանում, հիմա՞ ինչ սպասել, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Տրամաբանորեն այսուհետև պաշտոնական այցերի ժամանակ մեր պատգամավորները Հայաստանում պարտավոր են խոսել ռուսերեն»:

Արմեն Հովհաննիսյանը հեգնեց, թե մնում է հիմա պատգամավոր ընտրելուց ռուսերենի թեստ էլ մտցնել: Հետաքրքրվեցինք՝ իսկ արդյո՞ք մեր պատգամավորները կկարողանան ռուսերենով «տակից դուրս գալ», պարոն Հովհաննիսյանն արձագանքեց, թե նրանք իրենց մասին բարձր կարծիքին են ու մյուս կողմից, եթե Արա Աբրահամյանն իր այդ լեզվաիմացությամբ Ռուսաստանում հասել է այդ ամենին, մեր պատգամավորներն էլ կարող են այդպես մտածել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031