Միջազգային արձագանք խոսքի ազատությանը Հայաստանում
«ՔՀԿ չափիչը» (CSO Meter), որը գնահատում է քաղաքացիական հասարակության իրավիճակն Արևելյան գործընկերության երկրներում (այդ թվում՝ Հայաստանում), անդրադարձել է Հայաստանում խոսքի ազատության իրավիճակին և սոցիալական հարթակներում հրապարակումների համար քրեական հետապնդումներին։
Հրապարակման մեջ նշվում է, որ պետական պաշտոնյաներին ուղղված առցանց կոշտ քննադատության համար քրեական հետապնդումները, ազատազրկումները և այլ սահմանափակումները մտահոգիչ են դրանց համաչափության, ընտրովի կիրառության և հանրային բանավեճի նկատմամբ զսպող ազդեցության (chilling effect) տեսակետից։
ՔՀԿ չափիչն անդրադարձել է ծանր վիրավորանքի ապաքրեականացման համատեքստում շարունակվող՝ խուլիգանության, բռնության հրապարակային կոչերի և այլ հանցակազմերի կիրառմամբ վերջին շրջանում իրականացված քրեական հետապնդումներին, ներառյալ՝ թատերագիր Վահրամ Սահակյանի, ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանի և ակտիվիստ Արթուր Օսիպյանի գործերին։ Հրապարակման մեջ հղում է կատարվել Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի «Ատելության խոսքի» հոդվածները՝ որպես քաղաքական հետապնդման գործիք» զեկույցին, որտեղ մանրամասն վերլուծված է Հայաստանում քրեականացված ատելության խոսքի հոդվածների (329-րդ և 330-րդ) կիրառման ոչ իրավաչափ գործելաոճը։
Արտահայտման ազատության նշված զարգացումները «ՔՀԿ չափիչը» համարել է քաղաքացիական հասարակության համար բացասական փոփոխություն։
Հիշեցնենք, որ անցած տարի «ՔՀԿ չափիչը» Հայաստանում քաղհասարակության միջավայրի գնահատականը նույնպես նվազեցրել էր՝ ՀՀ ՆԳՆ-ին 24/7 ռեժիմով հեռավար կենսաչափական վերահսկողության լիազորություն տվող օրենքի փոփոխության պատճառով՝ հղում կատարելով ««Մեծ եղբայրը» Հայաստանում է» ՔԻՀԿ զեկույցին։



















































