Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցում Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի 86-ամյա բնակչուհի է մահացել․ 2 քրեական վարույթ է նախաձեռնվել

Նոյեմբեր 06,2026 22:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի տարեց բնակիչներից մեկի՝ 86-ամյա Լ.Դ.-ի մահվան հանգամանքը։

Նա մահացել է հունիսի 8-ին՝ Գյումրի բժշկական կենտրոնում։ Նրա մահից անմիջապես հետո Շիրակի մարզի քննչական վարչությունում հետո մեկը մյուսի հետևից նախաձեռնվել են երկու տարբեր քրեական վարույթներ․ նախ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ «Առողջությանը ծանր վնաս պատճառելը», իսկ վերջերս ՀՀ Քրեական օրենսգրքի 187 հոդվածի 2-րդ մասի, այն է՝ «Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը» հատկանիշներով։

Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նրա մահվան պատճառ հանդիսացել է բազմաօրգանային անբավարարությունը՝ պայմանավորված ստամոքսի կալյոզ, խոց կայացած արյունահոսությամբ, հայտնաբերվել է նաև «ձախ սրունքի մեծ ոլոքի միջային կոճի փակ կոտրվածք», որը, ըստ փորձաքննության, պատճառվել է բութ առարկայի առնվազն մեկ ներգործությամբ՝ Գյումրի բժշկական կենտրոն ընդունվելուց ոչ շատ առաջ, հնարավոր է՝ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով, ինչը դասվում է առողջության ծանր վնասվածքների շարքին և մահվան պատճառ չի հանդիսանում։

Նախաքննությամբ պարզվել է, որ տարեց կինը նշված վնասվածքը ստացել է մայիսի 27-ի գիշերը՝ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում վայր ընկնելու հետևանքով, այդ նույն օրն առավոտյան արյունահոսության պատճառով նրա առողջական վիճակը վատթարացել է, տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ էլ հունիսի 8-ին մահացել է։

Սեպտեմբերի 18-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի հատկանիշներով, իսկ հոկտեմբերի 2-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 187 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

ՀՀ Քրեական օրենսգրքի 166 հոդվածը, որ դասվում է առողջության դեմ ուղղված հանցագործությունների շարքին և կոչվում է «Առողջությանը ծանր վնաս պատճառելը», սահմանում է․

Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը` վտանգավոր է կյանքի համար, պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Իսկ 187 հոդվածը, որը կոչվում է «Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը», որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։

Ըստ բժիշկների, շուրջօրյա խնամքի կենտրոնների շահառուների մահվան դեպքում՝ անկախ մահվան հանգամանքից, նախաձեռնվում է քրեական վարույթ և իրականացվում է դատական հերձում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել