Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանավանը ադրբեջանական սահմանից 200 մետր է հեռու՝ սահմանապահ համայնքների ցանկում չկա

Նոյեմբեր 11,2015 19:55

Այսօր ԱԺ-ում կառավարությունը ներկայացրեց մի նախագիծ՝ համայնքների խոշորացման մասին:

Նախատեսվում է, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի եւ հարակից գյուղական համայնքների, Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթեւ եւ հարակից համայնքների համար, ինչպես նաեւ Լոռու մարզի Թումանյան համայնքում կկիրառեն համայնքների խոշորացումը:

Սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը հարցրեց, թե ինչքա՞ն գումար են տնտեսելու համայնքների խոշորացման արդյունքում:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ որեւէ գումարի տնտեսման մասին խոսք չկա, ոչ մի հաստիք չեն կրճատում, որ տնտեսեն: Էդուարդ Շարմազանովն էլ պարզաբանեց, որ համայնքների խոշորացման նպատակն է ավելի արդյունավետ կազմակերպել համայնքների կառավարումը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց խմբակցությունում համայնքների խոշորացման հետ կապված տարաձայնություններ կան եւ իրենց վերջնական կարծիքը կասեն ավելի ուշ:

Օգտվելով առիթից՝ Նաիրա Զոհրաբյանը մեկ այլ խնդիր բարձրացրեց. «Կրկին ինձ դիմել են Տավուշի մարզի Կայանավան համայնքի բնակիչները, որպեսզի միջնորդեմ, որ իրենց համայնքը, որ առավելագույնը 250 մետր է հեռու ադրբեջանական դիրքերից, ճանաչվի սահմանապահ: Իրենք չեն կարողանում օգտվել բավականին սոցիալական ծրագրերից, որոնցից օգտվում են սահմանապահ ճանաչված համայնքները: Ավելի սահմանապահ, քան Կայանավանն է, ես չեմ տեսել՝ 200 մետր այն կողմ ականապատ տարածքն է, ադրբեջանական դիրքերն են: Ի վերջո` սահմանամերձ համայնքի մեր բնակիչներն են իրենց կյանքի գնով պահում մեր եւ ձեր թիկունքը, ի՞նչն է խանգարում, որ այս ավանը դուրս է մնացել այդ կատեգորիայից»:

Վաչե Տերտերյանը պատասխանեց. «Կայանավանը ընդգրկված է Այգեհովիտ համայնքի մեջ եւ եթե Այգեհովիտը սահմանամերձ համայնքների ցանկում է, հարցը փակ է: Եթե ինչ-որ արտոնություն կա, որ Այկգեհովիտի բնակիչները ստանում են, Կայանավանի բնակիչները չեն ստանում, դա սկզբունքորեն անհնար է: Դա իրավական առումով նոնսենս է, չի կարող նման բան լինել»:

Նաիրա Զոհրաբյանն էլ վստահեցրեց, որ կա նման բան. «Մենք լարվածության օրերին Կայանավանում էինք, եւ բոլորս էլ գիտենք, որ ձեր սահմանված ցանկի բնակավայրերը օգտվում են, օրինակ, դասագրքերի 70 տոկոսանոց սուբսիդավորումից: Կայանավանում նման սուբսիդավորում չեղավ: Ես առանձին դիմեցի ԿԳ նախարարությանը, իրենք ասեցին, որ այդ ավանը ընդգրկված չէ սուբսիդիա ստացող համայնքների ցանկում: Բացառության կարգով նախարարը այդ ավանի աշակերտների համար արեց սոբսիդավորումը»:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ  դասագրքերի արտոնությունը առանձին ծրագրեր են գուցե, բայց այնպես չէ, որ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված արտոնություն չեն ստանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30