Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Միքայել Մելքումյանը զանգում վարչապետին

Հունվար 13,2016 13:22

Այսօրվա քաղաքական դաշտը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին վերադասավորումների հեռանկար չի հուշում: «Չկա ռեալ ուժ, որն իշխանափոխություն առաջադրի եւ ժողովրդի մոտ վստահություն ներշնչի»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց պատգամավորը`հավելելով, որ այդ պատճառով ինքը փոփոխություններ չի ակնկալում:

«Որեւէ բեւեռացված պայքար չի լինելու, թեժ գարուն, ամառ, աշուն չեն լինելու: Մինչեւ հունիս-հուլիս խորհրդարանական ուժերը խորհրդարանում ակտիվ կլինեն: Խորհրդարանից դուրս ակտիվություն չեմ տեսնում»,- ասաց նա:

Մինչեւ խորհրդարանական ընտրություններ կոալիցիաների հեռանկար պատգամավորը նույնպես չի տեսնում, բայց ինչ-որ համագործակցությունները չի բացառում: Ըստ նրա, կոալիցիա կազմելով, կուսակցությունը մեխանիկորեն կիսելու է կառավարության բեռը. «Կուսակցությունները կցանկանա՞ն այս ծանր շրջանում կառավարության ծանր բեռը վերցնելով գնալ հաջորդ ընտրությունների: Պետք է համադրել`քաղաքական ուժի համար ավելի ձեռնտո՞ւ է մնալ ընդդիմություն, ժողովրդին հաճոյանալով առաջ գնալ, թե՞ մաս կազմել իշխանության եւ կիսել այդ բեռը»:

Սա, ըստ Միքայել Մելքումյանի, չի նշանակում, որ միայն պետք է ժողովրդահաճո հայտարարություններ անելով քաղաքական ուժերը փորձեն միավորներ շահել: Նա կարծում է, որ քննադատելուն զուգահեռ՝ նաեւ կառավարության հետ պետք է աշխատել`կիսվել սեփական առաջարկներով, ծրագրերով. «Օրինակ` ես իշխանության, վարչապետի հետ միշտ խոսում եմ, նախագծեր եմ տանում, քննարկում ենք որոշ հարցեր»:

Քանի որ ընթացիկ տարին նախընտրական է, ըստ բանախոսի, եկող խորհրդարանում տեղ զբաղեցնելու հավակնող կուսակցությունները պետք է ավելի մատչելի դարձնեն իրենց ծրագրերը հանրության համար: Պատգամավորի համոզմամբ, ներկայիս խորհրդարանի բոլոր ուժերն էլ ակնկալում են, որ կլինեն նաեւ հաջորդ խորհրդարանում: ԲՀԿ-ն էլ ակնկալում է, որ կրկին երկրորդ քաղաքական ուժը կլինի: Խորհրդարանից դուրս որեւէ ուժի կողմից շատ լուրջ հավակնություն չի տեսնում, որ լինեն առաջիկա խորհրդարանում:

ԲՀԿ-ական պատգամավորը եւս կարեւոր է համարում Ընտրական օրենսգրքի քննարկումներն ու ընդունումը: Նախագիծ խորհրդարանում դեռ չկա, ընդհանուր մոտեցումներ են`ընտրությունների թափանցիկության ապահովումը`էլեկտրոնային քվեարկության միջոցով, ընդհանուր ընտրական համակարգի ձեւավորումը` հանձնաժողովների ձեւավորում, դիտորդներ, քվեաթերթիկներ եւ այլն, վարկանիշային քվեարկությունը եւ ընտրատարածքների ձեւավորման տարբերակները. քաղաքական թիմի եւ վարկանիշայինի համատեղումը, ապագա կոալիցիայի սկզբունքների ձեւավորման չափանիշները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031