Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է լինել շա՜տ լավը, որպեսզի արվեստի շուկայում «գլուխդ» մի քիչ երեւա»

Հունվար 15,2016 12:30

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատառումները

Տարին հոբելյանական է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) համար, հունվարի 25-ին լրանում է հիմնադրման տասնամյակը: «Առավոտը» նվագախմբի հիմնադիր ղեկավար Սերգեյ Սմբատյանին խնդրեց առանձնացնել 10 տարիների ընթացքում ունեցած երեք հատկապես խոշոր ձեռքբերումները: Սերգեյ Սմբատյանը առաջին ձեռքբերումը համարում է Երիտասարդական նվագախմբին պետական կարգավիճակ շնորհելը, ասում է՝ պետականորեն գնահատված լինելու ցգացողությունն է մղում նորանոր հաջողությունների: Երկրորդը համարում է այն գաղափարը, որի շուրջ շնորհալի երիտասարդներով միավորվել էին, ու հիմա ավելի փորձառու եւ միավորված են: Դիրիժորի ձեւակերպմամբ, երրորդ ձեռքբերումն այն է, որ նվագախումբը հասել է այնպիսի հաջողության, ինչն իրենց թույլ է տալիս, որ, օրինակ, աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ներկա լինի Երիտասարդականի տասնամյա հոբելյանին. «Դա խոսում է այն մասին, որ մշակութապաշտ աշխարհում արդեն ունենք հեղինակություն, մարդիկ գիտեն, որ կա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ, ու Հայաստանը կարող են ճանաչել բարձր արվեստով, գաղափարով, երիտասարդներով»: Դիրիժորը նշում է, որ իրենց այցեքարտը, որով ներկայանում են աշխարհին, որակն է, որը հիմնված է հայ մշակույթի բացառիկ լինելը հարստացնելու վրա:

Նրա խոսքով. «Մենք ունենք շատ ավելի հարուստ մշակույթ, քան պատկերացնում ենք: Այն սերունդը, որ տարիներ հետո կլինի իսկապես ազատ եւ որոշումներ կայացնող սերունդ, կապացուցի, որ մեր մշակույթը դատապարտված է լինել աշխարհում ամենահայտնիներից մեկը»:

«Առավոտի» դիտարկմանը, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը չի դնում ժանրային, կոմպոզիտորների եւ այլ խտրականություն, հակված է առաջին հայացքից անսովոր համադրությունների ու նորարարությունների, արդյոք դա ավելի հանրամատչելի լինելու խա՞յծ է, մեր զրուցակիցը պատասխանում է, որ իրենք կողմնակից են բազմաժանրությանը՝ փորձելով լինել բացառիկ, ամեն ինչ ներկայացնում են այնպիսի ձեւաչափով, որտեղ շեշտադրված է որակը.
«Կարեւորը որակն է…Եթե որեւէ գաղափարի շուրջ չձեւավորես որակ, կպարտվես: Իսկ եթե պարտվեինք, չէինք կարողանա 10 տարի այսքան ակտիվ կայացնել մեր գործունեությունը: Ի դեպ, բազմաժանր լինելը առավելություն է»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ հունվարի 25-ին ՀՊԵՆ-ի հիմնադրման 10-ամյակի առիթով կայանալիք հոբելյանական համերգին: Սերգեյ Սմբատյանը նշեց, որ համերգին մասնակցում են ամենասպասված ու հանրահայտ երաժիշտները՝ ակորդեոնահար/բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Հայկ Կազազյանը, թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը: «Պենդերեցկին երաժշտական աշխարհում առաջիններից է, եւ ահա գալիս է Հայաստան՝ մեր կողքին լինելու: Դա մեծ պատիվ է մեզ համար: Մենք պետք է հասնենք նրան, որ մարդիկ հաջողություն համարեն Երիտասարդական նվագախմբին իրենց երկիր հրավիրելը: Կարծում եմ՝ դժվար չէ, այդ ամենին հասնելը: Իսկ եթե Հայաստանում կան մարդիկ, որ իրենց անհաջողության պատճառը տեսնում են ուրիշի հաջողության մեջ, առաջին հերթին իրենք հենց հասարակության համար են մեծագույն խնդիր: Մենք իրավունք չունենք մամուլ հանել «սեւ» ինֆորմացիան ու դրանով իսկ մարդկանց վանել մեր մշակույթից: Մարդիկ պետք է հավատան, որ իրենց երեխաներին ճիշտ են անում երաժշտական դպրոցներ տալով, պետք է հավատան, որ Հայաստանում մշակույթը միակ ճանապարհն է, որի միջոցով բարձր մակարդակով կարող ենք ներկայանալ աշխարհին»,- համոզված է մեր զրուցակիցը:
Խնդրեցինք որեւէ տպավորիչ դրվագ պատմել: Սերգեյ Սմբատյանը չի մոռանում հատկապես 2007-ի իրենց համերգը՝ Բեռլինում, որին հետեւել էին հոտնկայս ծափահարություններ: Ասում է. «Համերգից հետո դահլիճի ղեկավարը մեզ ասաց, որ նման ծափահարություններ եղել են 2001-ին եւ 6 տարի Բեռլինը չի տեսել նման բան…Մենք աշխատել եւ աշխատում ենք աշխարհի հեղինակավոր ձայնագրման ստուդիաների հետ, ունեցել ենք համերգային լայն շրջագայություն, բայց բեռլինյան հաջողությունը ամենատպավորիչն էր, քանի որ Բեռլինը համարվում է 21-րդ դարի մշակութային մայրաքաղաք»:

Սերգեյ Սմբատյանը փաստում է, որ եթե մարդ անում է, ինչ սիրում է, ուրեմն կայացած մարդ է, իսկ եթե սիրում է, ինչ անում է, ուրեմն երջանիկ է: Ինքը սիրում է այն, ինչ անում է: Եվ համոզում ունի, որ պետք է լինել շա՜տ լավը, որպեսզի արվեստի քմահաճ ու պահանջկոտ շուկայում «գլուխդ» մի քիչ երեւա: Ինչ վերաբերում է Երիտասարդական նվագախմբին, դիրիժորի խոսքով, այն իսկապես բացառիկ է, որովհետեւ առողջ ու շնորհալի թիմ է, աշխարհին էլ անսահման հետաքրքիր է՝ տեսնել նույն նվագախմբում մեկ ազգ, մեկ լեզու, մեկ կոնսերվատորիա, մեկ սերունդ:

2015թ. ՀՊԵՆ-ը տվել է 66 համերգ, իսկ 10 տարիների ընթացքում՝ շուրջ 350: Ունեցել են համերգներ բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներում, մեր զրուցակցի համար, սակայն, ամենակարեւորը երեքն են՝ Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճը Փարիզում եւ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճը:
Հունվարի 15-ից էլ ՀՊԵՆ-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ կոմպոզիտորների միության հետ համատեղ արդեն 7-րդ անգամ մեկնարկում է հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, իբրեւ մենակատար հանդես է գալու մեր աշխարհահռչակ հայրենակիցը՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: «Միայն Սերգեյ Խաչատրյանի մասնակցությունը եւ բոլոր տոմսերի արդեն սպառված լինելը խոսում է փառատոնի հաջողության մասին: Սերգեյ Խաչատրյանը կկատարի կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանի՝ հենց Սերգեյի համար գրված ստեղծագործությունը: Խաչատուր Մարտիրոսյանին չի ճանաչում լայն ունկնդիրը, չեն ճանաչում անգամ երաժիշտները…Մեր կատարողների մեղքն այն է, որ մենք չենք ստեղծում այն արժեքները, որոնք կապրեն: Պատմությո՛ւնը պետք է սիրի կոմպոզիտորին, բայց մենք գոնե պետք է մեր գործառույթը կատարենք: Ուրախ եմ, որ Սերգեյ Խաչատրյանը մեր գաղափարակիցն է եւ պատրաստ է գալ Հայաստան, նվագել այդ ստեղծագործությունը, որն առաջին անգամ է կատարվելու»,- նշում է Երիտասարդականի հիմնադիր ղեկավարը: Նրա ձեւակերպմամբ, իրենք փորձում են ոչ թե գնալ տրորված արահետով ու կատարել միայն շատ հայտնի գործեր, այլ փորձում են չհետազոտված ձեւաչափում լինել որակյալ եւ հաջողակ: «Եթե այսօր Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի բացման համերգին գեթ մեկ չվաճառված տոմս չունենք, ուրեմն դա որակի եւ շուկայական ճիշտ հարաբերությունների շնորհիվ է: Ես համաձայն չեմ այն արվեստագետների հետ, թե շուկայական հարաբերությունները Հայաստանում ցածր են: Չկա՛ նման բան, շուկա՛ն է ստեղծում արվեստը»,- համոզված է Սերգեյ Սմբատյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
14.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սերգեյ ջան, շատ հարցերում քեղ հետ համաձայն եմ: Սակայն, արժեքավոր շատ գործեր / հատկապես` մոնումենտալ ժանրի / տասնյակ տարիներով մնում են թղթի վրա` չեն հասնում ունկնդրին: Օրինակ` հայկական առաջին ,,Ռեքվիեմ,,-ը, գրված` 1984թ., հայկական ,, Մագնիֆիկատ,,-ը, գրված` 1982 թ., ,,Հայկ և Բել,, օրատորիան և նմանատիպ այլ գործեր … Հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031