Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը Վարշավայում

Ապրիլ 12,2017 14:20

Ապրիլի 11-ին Վարշավայի ազգային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդայի պատվո հովանու ներքո անցկացվող Բեթհովենի անվան Զատկի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Համերգն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո և նվիրված էր Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոմկևիչ Վալցը, աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, Լեհաստանի հասարակական-քաղաքական և մշակութային հեղինակավոր գործիչներ, արվեստաբաններ, լրագրողներ և այլք:

Համերգից հետո Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր հատուկ ընդունելություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և «Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլիժբետա Պենդերեցկան:

Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ իր համար մեծ հպարտություն է լինել հազարամյակների հարուստ պատմություն և մշակույթ ունեցող ժողովրդի ներկայացուցիչ, ով կրկնակի հպարտությամբ է հետևում, թե ինչպես են հայ երաժիշտները իրենց կատարումներով հիացնում լեհ հանդիսատեսին:

Իր հերթին, Էլիժբետա Պենդերեցկան իր երախտագիտության խոսքը հղեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին և ՀՀ մշակույթի նախարարությանը, որոնք իրենց մշտական հոգածությամբ հանդիսանում են փառատոնի բարեկամները և մեծ աջակցություն են ցուցաբերել այդ համերգի կայացման գործին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930