Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը բարձր արդյունքներով ամփոփել է JICA-ի ծրագիրը

Հունվար 18,2016 16:02

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հայաստանյան ծրագիրը գնահատվել է որպես լավագույն ծրագիր՝ նմանատիպ ճապոնական ծրագրերի շարքում։ Այդ մասին տեղեկացրել են ճապոնացի մասնագետները՝ հունվարի 18-ին Կոնգրես հյուրանոցում կայացած Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Հայաստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» համատեղ ծրագրի ամփոփման ժամանակ:

2013թ. մայիսին մեկնարկած հայ-ճապոնական ծրագրի, ինչպես նաև հայկական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village-One Product-OVOP) շարժում-հայեցակարգի ներդրումից ի վեր Հայաստանի մարզերում Ծրագրի շրջանակում ուսուցողական և խորհրդատվական աջակցություն է ստացել 296 սկսնակ և գործող գործարար: Նրանցից 139 մասնակցել է տարբեր տեխնոլոգիական դասընթացների, 90 ձեռնարկատեր` հայկական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգի վրա հիմնված շուկայավարման և ապրանքանշման դասընթացների, իսկ 67 սկսնակ մասնակցել է զբոսաշրջային ծառայությունների և հարակից ոլորտների զարգացման դասընթացների: Սկսնակ գործարարների դասընթացներից հետո ստեղծվել է 11 նոր հյուրատնային բիզնես, որոնք Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ստացել են ընդհանուր առմամբ 46,5 մլն դրամի վարկային երաշխավորություն: Եվս 21 սկսնակ գործարար կֆինանսավորվի 2016թ․ ընթացքում՝ 74 մլն․ դրամի չափով:

Ծրագրի իրականացման շրջանակում Տավուշի, Սյունիքի և Արարատի մարզերում ձիթապտղի, պանրի, չորացրած մրգերի, բանջարեղենի և բույսերի ուսումնաարտադրական կենտրոնների հիմնման աջակցության նպատակով տրամադրվել է 33.1 մլն․ դրամի արտադրական սարքավորում:

Տեղական արտադրանքի հիգիենիկ և անվտանգ փաթեթավորման, հաճախորդներին պատշաճ ներկայացման նպատակով 21,8 մլն․ դրամ արժեքով ցուցափեղկ սառնարաններ և վակուումային փաթեթավորման սարքավորումներ են տրամադրվել մարզերում գործող 18 ՓՄՁ-ի:

Չրերի, չորացրած բույսերի և դեղաբույսերի, ձիթապտղի, գինու և պանրի արտադրության ոլորտի 6 կազմակերպություն OVOP հայեցակարգի շրջանակում ստացած աջակցության շնորհիվ ձևավորել է սեփական տարբերանշանը։

Ծրագիրն աջակցել է 6 շուկայավարման հարթակների կայացմանը և գործարկմանը, որոնցից 4-ը` փառատոնային միջոցառումներ, OVOP Armenia ֆեյսբուքյան էջ, և սպառողական շուկաների 1 ուսումնասիրություն: 47 ՓՄՁ և սկսնակ գործարար աջակցություն է ստացել շուկայավարման հարթակներում ներկայացված լինելու համար:

Ծրագրի իրականացման ժամանակահատվածում ճապոնացի փորձագետները մշակել և հրատարակել են ՓՄՁ սուբյեկտների և սկսնակ գործարարների համար նախատեսված արտադրության բարելավման, ապրանքանշման և շուկայավարման, նոր ապրանքների պլանավորման և խմբային շուկայավարման վերաբերյալ կրթական նյութեր: Իսկ փորձագետների և դասընթացավարների համար մշակվել և հրատարակվել է «Հայկական OVOP ուղեցույց» մեթոդական նյութերի հավաքածուն:

JICA-ի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համատեղ ծրագիրը նպաստել է Սյունիքի մարզի Տաթևի տարածաշրջանում մեծ թափ հավաքած հյուրատնային և զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը: ՃՄՀԳ-ն անցկացրել է դասընթացներ տեխնոլոգիական գիտելիքի և գործարար ծրագիր կազմելու վերաբերյալ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը վարկային երաշխավորություն է տրամադրել այդ դասընթացների արդյունքում ներկայացված և ֆինանսավորված լավագույն գործարար ծրագրերի հեղինակներին: Ծրագիրն իրականացվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ և աջակցությամբ: Նմանատիպ դասընթացներ անցկացվել են նաև Կոտայքի մարզի Գառնի և Բջնի համայնքներում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:

«Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագիրը միտված է Հայաստանի համայնքների տնտեսական վիճակի բարելավմանը` տեղական արտադրանքի և գործարարությանն աջակցության միջոցով: Ծրագրի նպատակն է ճապոնական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village One Product-OVOP) հայեցակարգի` Հայաստանում տեղայնացման միջոցով տեղական արտադրանքի և ծառայությունների զարգացումն ու նոր ապրանքանիշերի առաջմղումը:

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության
զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031