Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակված 30-օրյա կալանքի ժամկետը լրանալուց հետո Ռադհի Ֆադհել Աբբաս Ալին ազատ է արձակվել. վերջինիս հանձնումը Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններին որևէ այլ հիմքով՝ բացառվում է:
Aravot.am-ի հարցին, թե ինչպես է իրականացվում հանձնումը պետությունների միջեւ, Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ հանձնումը պետությունների միջև իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան:
Հարցին, թե «Բահրեյնի Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել են պայմանագրեր» արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ երբևէ չեն կնքվել և չեն գործում հանձնման կամ արտահանձնման վերաբերյալ միջազգային երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր:
Համապատասխանաբար, ՀՀ արդարադատության նախարարությունը, չունենալով Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիին՝ Բահրեյնի Թագավորությանը հանձնելու համար անհրաժեշտ միջազգային պայմանագրային հիմք, առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54.1 գլխի համապատասխան դրույթներով, որոնցով կարգավորվում է քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 482-րդ հոդվածի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը կարող է ուսումնասիրել Բահրեյնի Թագավորության հանձնման միջնորդությունը դիվանագիտական ուղիներով հանձնումը փոխադարձության հիման վրա իրականացնելու մասին երկու պետությունների միջև համաձայնություն ձեռք բերելուց հետո:
ԱՆ-ից հավելեցին նաեւ, որ Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններից Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալիի հանձնման խնդրանքը ստացվել է ոչ դիվանագիտական ուղիներով, որի ուսումնասիրության արդյունքում դրանում հայտնաբերված մի շարք թերությունների մասին վերջիններս տեղեկացվել են:
Հաշվի առնելով վերոգրյալը և ելնելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի բացակայությունից՝ ՀՀ արդարադատության նախարարը Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիի հանձնման միջնորդությամբ ՀՀ իրավասու դատարան չի դիմել:
Այ ծեզ մատաղ, Ռադհի Ֆադհել Աբբաս Ալին ո՞վ ա…