Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Հարգանքո՛վ վերաբերվենք լրագրողներին»

Փետրվար 02,2016 17:47 Share

Այսօր էլի կխոսեմ քաղաքակիրթ պետությանը հարիր արժեքների ու կանոնների մասին, որովհետև ես հավատում եմ, որ բացի օրենքներ գրելու մենք նաև ժամանակի պահանջներին հարիր վարքականոններին պետք է տիրապետենք, եթե ուզում ենք նորմալ երկիր ու հասարակական հարաբերություններ ունենալ: Իմ հորդորը առաջին հայացքից պարզ է, բայց մենք լավ գիտենք, թե ինչ խնդիրներ ունենք այդ պարզության ընկալման հարցում: Իսկ հորդորս շատ կարճ է՝ մի՛ արհամարհեք լրագրողներին ու լրագրողի աշխատանքը:

Լրագրողը նման է բժշկի: Մարդուս առողջական խնդիրներն ախտորոշելու, ախտերը բուժելու համար բժիշկը հաճախ ցավ է պատճառում: Դա անհրաժեշտ է ու արվում է ավելի մեծ ցավը կանխելու, վերացնելու համար։ Լրագրողների հարցերը շատ հաճախ բժշկի ասեղի ծակոցին են նման։ Սակայն համաձայնվեք, որ առանց դրանց հնարավոր չէ ախտորոշել հասարակության խնդիրները:

Լրագրողի աշխատանքը նման է և ոստիկանի ծառայությանը: Ոստիկանն իր ծառայության բերումով կոչված է բախվելու մարդու իրավունքների ու հասարակության անվտանգության խախտումներին ու առաջինը միջամտելու՝ փորձելով ծառայել հասարակությանն ու պաշտպան մարդուն։ Լրագրողն էլ իր հակասություններով լի աշխատանքային գործունեության մեջ չի կարող բավարարել յուրաքանչյուրին, այլ կոչված է պաշտպանել թույլին՝ ուժեղից, շատերին՝ մեկ-երկուսից։

Լրագրողը մեր հասարակության բարոյականության հայելին է ու հավաքարարը։ Ու ամեն անգամ հայելուց մեզ նայող ծուռ պատկերի մեջ հայելուն մեղադրելուց առաջ հիշենք, որ պատկերը մերն է, հայելունը չի։

Հարգանքո՛վ վերաբերվենք լրագրողներին: Մեր համբերատար պատասխաններով ներկայացնենք մեր տեսլականը, մեր կարծիքը, մեր զգացմունքներն ու ընկալումները: Գիտակցենք, որ «ծակոց» հարցերը նպաստելու են մեր երկրի խոցերի Ճիշտ
ախտորոշմանը, ու ճիշտ զարգացումներ ուրվագծելուն: Չէ՞ որ հաճախ կարող ենք մեր ընկալմամբ «սխալ հարցին» անգամ ճիշտ պատասխանել:

Մենք ծափահարում ենք թարգմանիչներին որևէ միջոցառման ավարտին, քանի որ նրանք են, որ օգնեցին մեզ հասկանալ միմյանց, մեր մտքերը հաղորդել մյուսներին: Թարգմանության սխալի դեպքում անգամ խնդրում ենք ուղղել սխալն ու վերջում կրկին ծափահարում ենք: Սովորե՛նք ծափահարել նաև մեր հասարակությանը մեր մտքերը հաղորդողներին։ Ողջունե՛նք ու գնահատե՛նք լրագրողների ջանքերը, հարգելի գործընկերներ։

Հարգե՛նք միմյանց։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հայտարարությունն ԱԺ-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29