Լրահոս
Օրվա լրահոսը

Մերոնք տանձի ծառի ծաղիկն էլ են ՀՆԱ-ում հաշվում, իսկ այդ ծաղիկը պտուղ կտա, թե՝ ոչ, կարեւոր չէ (Տեսանյութ)

Փետրվար 04,2016 17:40

2015 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն արձանագրվել է 3.1% տնտեսական ակտիվություն, որտեղ գյուղատնտեսությունը՝ 11.7% աճ է արձանագրել, ընդ որում՝ ամեն անգամ, երբ Հայաստանում տնտեսական աճ ապահովելու խնդիր է լինում, գյուղատնտեսությունն է հասնում օգնության եւ մեծ աճ ցույց տալիս, որն էլ ազդում է ընդհանուր տնտեսական աճի թվերի վրա:

Aravot.am-ն այսօր «Մեդիա կենտրոնում» հյուրընկալված տնտեսագետներից հետաքրքրվեց՝ վստահելի՞ թվեր են գյուղատնտեսության աճի մասին ցուցանիշները, արդյոք գյուղատնտեսության իրական աճը կամ արտադրանքը մեր երկրում ճի՞շտ է չափվում: Մեր այս հարցին ի պատասխան, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ասաց, որ հարցման արդյունքներով է չափվում գյուղարտադրանքը. «Կա գլուխ, հավանաբար գյուղնախարարն է, կամ վարչապետը, մարզպետները, մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ գյուղմթերքների կեսն այդպես էլ շրջանառության մեջ չի մտնում, բնամթերային տնտեսություններ են, հարցումներ են անում ճիշտ այնպես, ինչպես ուզում են: Մարզպետը զանգում է գյուղապետին, ասում՝ ի՞նչ կա-չկա, դե պարզ է, որ գյուղապետն էլ լավ բաներ պիտի ասի, եւ մենք մի անհեթեթ իրավիճակի առջեւ ենք կանգնած»:

Ապա պարոն Ասատրյանը մի օրինակ բերեց, թե Հայաստանում ինչպես են հաշվարկում գյուղատնտեսության աճը. «Մեկն իր բակում տանձի ծառ ունի, գարունը, որ գալիս է, ծառը հենց ծաղկում է՝ արդեն այդ ծաղիկը ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) մեջ մտած է: Թե՝ տանձը կլինի, մեկը կօգտվի դրանից, շուկա դուրս կգա՞, կիրացվի՞-չի իրացվի, ոչ մեկին չի հետաքրքրում: Ով ինչ ուզում նկարում է, մեթոդաբանությունը սխալ է»:

ԵՊՏՀ տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն էլ նշեց, որ բնակլիմայական լավ պայմաններ էին, բերքն առատ էր, որն անուղղակի ազդեցություն է ունեցել գնաճի վրա. «Գնաճը, որ ցածր էր՝ 3.7%, կարելի է ասել, այդ հատվածի ազդեցության արդյունքն է: Բայց եթե բացեմ փակագծերը, ըստ էության, գնաճը երկատված է, Հայաստանում առկա է բարձր գնաճ՝ բիֆլյացիոն, երկգնաճային իրավիճակ է՝ աշխատավարձերով գնվող ապրանքների մասով, մյուս կողմից, վարկով գնվող ապրանքների գնանկում կա: Ընդհանուր առմամբ, որպես ցածր արտադրողականություն ունեցող ոլորտ, ավելացված արժեքի ցածր մասնաբաժին ունեցող ոլորտ, նրա ներդրումը ՀՆԱ –ի մեջ, ցածր է, որակապես՝ նույնպես»:

Մանրամասն՝ տեսանյութում

Քննարկմանը ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր,ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ անդրադառնալով մեր հարցին, նկատեց՝ գյուղատնտեսությունում անասնագլխաքանակն էլ սխալ է ներկայացվում, ավելի քիչ, որովհետեւ կա նպաստի, փարոսից գումար ստանալու խնդիր: Գյուղացին եթե անգամ աղքատ է, մի կով, կամ մի երկու հավ ունենա, այլեւս աղքատ չի համարվում, նպաստ չի ստանում:

Պատգամավորի ներկայացմամբ՝ գյուղատնտեսությունում ամենաշատն է զբաղվածությունը՝ 436 հազար մարդ է աշխատում, հետո՝ կրթությունն է՝ 105 հազար մարդ, ապա արդյունաբերությունը՝ 82 հազար մարդ. «Իսկ ամսական արտադրողականությունը մեկ գյուղացու հաշվով՝ 400 դոլար է: Այսինքն, այո, ճիշտ հաշվարկ չի կատարվում այդ ոլորտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29