Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Անունը փոխենք դնենք Վարդուշ, դրանից ինչ-որ բան փոխվելո՞ւ է». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

Փետրվար 24,2016 15:55

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու հարցը: Պայմանագիրը կնքվել էր 2009-ին:

Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը արձանագրությունը ներկայացնելիս ասաց, որ ուզում են վերանվանել հիմնադրամը՝ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի փոխարեն Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամ դարձնել: Բացի այդ, այսուհետեւ հիմնադրամը կարող է նաեւ փոքր դրամաշնորհներ տրամադրել, սոցիալական, կրթական ծրագրերի դեպքում»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ «Հիմա հիմնադրամի անունը փոխելով եւ այդ զարգացում բառն ավելացնելով՝ ի՞նչ ենք շահելու մենք: Ընդհանրապես այդ հիմնադրամի օգուտները Հայաստանի համար որո՞նք են, թվարկեք: Եվ ի՞նչ է, անո՞ւնն էր խանգարում, որ այդ հիմնադրամն արդյունավետ աշխատեր: Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը, ե՞րբ կարող ենք դիմել: Թե չէ անունը փոխենք, եկեք դնենք Վարդուշ, դրանից ինչ-որ բան փոխվելո՞ւ է, թե՞ չէ»:

Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց, որ 2009-ին ճգնաժամ կար, դրա համար ստեղծվեց հիմնադրամը, հիմա իրողություններ են փոխվել եւ անունը չի համապատասխանում:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ քանի որ հիմա ճգնաժամ չկա, տնտեսական որեւէ ծրագրի չկատարում այլեւս պաշտոնյաները չեն կարող մեկնաբանել միջազգային տնտեսական ճգնաժամով: Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ ներկա իրավիճակն էլ ՀՀ-ում կայուն չէ՝ մեր տնտեսության տեսակետից արտաքին ազդակները հաշվի առնելով:

Հերմինե Նաղդալյանն էլ արձանագրեց՝ «Փաստորեն, ճգնաժամի հարցը դեռ օրակարգում է, Վարդուշի հարցը չանցավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29