Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազություն են հրավիրվել Արմեն Աշոտյանի հայրը և քույրը․ Նաիրա Զոհրաբյան

Հուլիս 10,2026 14:35 Share

Դատախազություն են հրավիրվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայրն ու քույրը․ այս մասին այսօր Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Արմեն Աշոտյանի հարազատները դատախազություն են հրավիրվել ենթադրյալ ապօրինի գույքի գործով։

«Ազդարար» համակարգից տեղեկանում ենք, որ Գևորգ Եփրեմի Աշոտյանը ծանուցում է ստացել. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արմեն Աշոտյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»։

«Արմեն Աշոտյանի դեմ հարուցված երկու գործն էլ անհեթեթ է, ոնց պրպտես, այդ գործերից ծայրից ծայր քաղաքականության հոտ է գալիս։ Սա քաղաքական հաշվեհարդար է, հետապնդում է Արմեն Աշոտյանի խոսքի համար, այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Այստեղ իրավաբանություն կա այնքան, ինչքան ես Անգլիայի թագուհին եմ։ Այսինքն՝ չկա։ Ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան այս գործի մեջ կա որևէ իրավական հետք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանին մեղսագրվող արարքներին։

Արմեն Աշոտյանը, հիշեցնենք, այժմ կալանավորված է մեկ այլ գործով։

Խոսելով նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին  էլ՝ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ եվրոպական կառույցները պարբերաբար բարձրաձայնել էին, որ Հայաստանը պետք է փոխի օրենսդրությունն ու կալանքը, որպես խափանման միջոց ընտրի բացառիկ դեպքերում. «Այսօր տեսնում ենք, որ կալանքը դարձել է պոպկորն, «սեմչկա», բոլորին տանում են կալանքի։ Միջազգային կառույցները որևէ ձայն չեն հանի, քանի որ Նիկոլ Փաշինյանը քարտ-բլանշ ունի՝ անելու է այն, ինչ ուզում է սեփական իշխանությունը պահելու համար»։

«Չկա տուժող, չկա պատճառված վնաս՝ ոչ պետությանը, ոչ մասնավոր ընկերությանը կամ մասնավոր անձին․ ինչո՞ւ է շարունակվում Արմեն Աշոտյանի նկատմամբ այս քրեական հետապնդումը», – լրագրողների հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ Արմեն Աշոտյանին հետապնդում են քաղաքական նպատակով՝ նրան լռեցնելու եւ չեզոքացնելու համար նրա հանրային ազդեցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031