Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրից աքսորված Ամոթը շտապ պետք է գտնել

Ապրիլ 14,2016 18:30

Արցախյան հաղթանակը մեր հպարտությունն էր, մեր ապրելու իրավունքն ու արժանապատվությունը, մեր ոգին էր, պատմությունից մեր դասն ու մեր վրեժը… Ծանր էր այդ հաղթանակը, զոհերը շատ էին, նրանք մեր աչքի լույս տղաներն էին… բայց ցանկալի հայրենիք ունենալու հավատը մեծ էր… Հաղթանակ էր:

Հետո… հետո պետք էր սարքել հզոր ու արժանապատիվ երկիր, որտեղ իշխելու էր հաղթողի հոգեբանությունն ու արարելու ոգին: Երկիր, որ պահանջատեր պետք է լիներ, հարգանքի պահանջատեր: Բայց անհասկանալի «թեթեւ ձեռքով» oդը գաղջացավ: Անամոթությունը գլուխ բարձրացրեց ու օրեցօր սկսեց ծավալվել:

Էլի եմ գրել` մենք պատերազմը հաղթեցինք, բայց մեր մեջի ագահին հաղթել չկարողացան… Հողը բզկտվում էր, ժողովուրդը թալանվում էր… իսկ որկորը չէր լցվում: Եվ կամաց-կամաց իմ հայրենիքում անամոթությունը դարձավ տեր ու տիրական. ժողովրդին մնաց հիասթափությունը: Տարիներ շարունակ օրը ցերեկով օդը խտանում էր… շքեղագույն դղյակներով, գերշքեղ հյուրանոցներով ու ռեստորաններով, գերթանկարժեք մեքենաներով, անօրեն պահվածքով, մայրաքաղաք կոչվածում անճոռնի, անքանակ ու անտրամաբանական վխտացող շենքերով… Եվ ի հակակշիռ այդ ամենի՝ գյուղերը դատարկվում էին…

Պարզվեց` թշնամու դեմ պայքարելն ավելի դյուրին էր:

Իսկ երբ իմ հայրենիքում ամոթը հիմնավոր փակվեց պահոցում, պատերազմը հաղթած հայը դարձավ աշխարհից դառնացած, ընկճված, անատամ, չսափրված, խեղճացած մի տղամարդ եւ քայքայված երթուղայինների մեջ կռացած մի կին, որ համբերատար դիմանալուց ծերանում է… Ու թվում էր` այդ հայը այլեւս հավատ չունի ու հայրենիք չունի…
2011թ.-ին մի բան գրեցի՝ «Հավատս օդից կախված» վերնագրով, որի ամփոփումը սա էր. «…ակամա մտածում եմ՝ ո՞վ է մեր ժամանակի հերոսը` Եռաբլուրի տղանե՞րը, թե՞ հեռուստացույցով հետեւողական պրոպագանդվող սերիալների «ճշտով գողը». ո՞րն է իմ երկրի ազգապահպան քաղաքականությունը, երբ տղամարդիկ կամ անաստված են, կամ ջարդված… Եվ վերջապես՝ ո՞վ է հաղթելու մեր պատերազմը… Իսկ հաղթելո՞ւ ենք…»:
Հայկական գենի ֆենոմենն անըմբռնելի է. 88-ից հետո, Արցախյան պատերազմի ժամանակ, մտածում էի` ո՞նց պատահեց, որ սովետական դատարկ լոզունգներով մեծացած իմ սերունդը գնաց Արցախ ու պատերազմը հաղթեց: Հիմա նույնը կրկնվեց… Մենք մոտ 25 տարի հետեւողական մեր երիտասարդ սերնդին սնել ենք աղավաղված հայերենով, էժան արժեքներով, խայտառակ օրինակներով, հիմարագույն սերիալներով… Բայց արի ու տես, որ այսօր մեր քսան տարեկանը գնում է Արցախ՝ հաղթելու, մեր աղջիկները կրակել են սովորում, Մաշտոցի պողոտայում օգնության շտաբ է հիմնվում, դպրոցականները նամակներ են գրում զինվորներին… Այ քեզ բան… Էս ի՜նչ ժողովուրդ ենք: Որտեղից այսքա՜ն լույս տղաներ, այսքա՜ն հպարտ տղամարդիկ, ասես հանկարծ հայացած այսքա՜ն ջահելներ, այսքա՜ն լուսավոր հայացքներ… եւ մեր զոհված պայծառ տղաների համար այսքա՜ն հառաչ, արցունք ու տառապանք… Ո՞նց կարող է մի ժողովուրդ լինել էսքան թշվառ ու էսքա՜ն հզոր:

Այսօր ուզում եմ ներողություն խնդրել իմ անհավատ ու հուսահատ տողերի համար. ներողություն մեր սիրուն աղջիկներից, մեր ջահել տղաներից, մեր հզոր կանանցից ու մեր «անատամ» տղամարդկանցից: Այսօր մենք ազգովի դիմակայեցինք:
Մենք պարզապես հայ ենք` անվերծանելի նկարագրով:
Պարզ է, որ պատերազմը շարունակվելու է… բայց հավատանք, որ մենք հաղթելու ենք: Հաղթելու ենք ոչ միայն թշնամուն, այլեւ անբարո աշխարհի ողորմելի քաղաքականությանը: Բայց պարզ է նաեւ շատ էական մի բան` մենք ինքնամաքրման գերխնդիր ունենք:

Մենք ազգովի պարտավոր ենք պատասխանել բազմաթիվ հարցերի. օրինակ՝ արդյոք անհնա՞ր է երկրում օրենքը դարձնել գերակա, չէ՞ որ օրենքի բացակայությունը ապականում է հասարակությունը. արդյոք պատերազմող երկրին ներելի՞ է ունենալ գերժամանակակից շռայլությամբ ապրող վերնախավ, չէ՞ որ դա բոլորի աչքի առաջ է, եւ այսօր աշխարհն է երեսով տալիս. արդյոք սահմանին պե՞տք է կանգնեն 18-20 տարեկան երիտասարդներ, ովքեր դեռ պետք է ժառանգ տան, թե՞ կարելի է բարձր թոշակով բանակում ներգրավել մեր ազատամարտիկներին. արդյոք ժողովրդի թշվառությունը բոլորիս հոգսն ու ամոթը չէ՞, երբ հեռուստացույցով անվերջ գովազդվող հյուրանոցների ու ռեստորանների անճաշակ շքեղությունը խենթացնում է. արդյոք հնարավոր չէ՞ երկու-երեք գործարան սարքել, որ ժողովուրդն աշխատելու տեղ ունենա, թե՞ ամեն ինչ ներկրելն ավելի պատվաբեր է. արդյոք անտուն նորապսակներին բնակարան հատկացնելը պետության մտահոգությունը չէ՝ որպես նրանց երկրում պահելու նախապայման. արդյոք անհնա՞ր է երկիրն ազատագրել օտար տառերից, որոնք խփում են մեր արժանապատվությանը. արդյոք հեռուստատեսությունը պե՞տք է շարունակի իր ապազգային ու տխմար քաղաքականությունը, չէ՞ որ պատերազմող երկրում այն հզոր զենք է պետության ձեռքում… եւ վերջապես` արդյոք այսպես կարելի՞ է շարունակել: Այսինքն՝ այսօր պատերազմի դաշտից պետք է տուն բերել պատվախնդրությունն ու հայրենասիրությունը եւ փորձել ամեն գնով աշխարհին ներկայանալ` հայատառ երկրով, գրագետ ու ներկայանալի պատգամավորով, սեփական երկրում պահված ու շահված արվեստագետով ու ազատամարտիկով, վարձատրվող երիտասարդով, մարդկային տեսքը վերագտած հողագործով, զինված զինվորով:

Այսինքն` երկրից աքսորված ամոթը շտապ պետք է գտնել: Պետք է այսուհետ այնպես ապրել, որ ոչ ոք չհամարձակվի ասել, թե երկրում տղամարդ չկա, պետք է հարգել ու փայփայել մեր հողի տիրոջը` մեր ժողովրդին… Մենք ազգովի պետք է հպարտանանք մեր ոգու հզորությամբ եւ ամաչենք մեր թշվառության համար: Գուցե դաժան հնչի, բայց միշտ պետք է հիշել, որ դագաղը, անգամ ոսկուց, մնում է որպես վերջին ու միակ հանգրվան, իսկ անունը հավերժ պահում է անեծք կամ օրհնություն: Մեր ժառանգներին առաջին հերթին օրհնությամբ ապրելու իրավունքն է պետք:
ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Լրիվ կիսում եմ հեղինակի արտահայտած մտքերը: Հույս ունեմ, որ ԲՈՀ-ը ևս կհետևի, որ խնամու, ծանոթի, փեսայի, հարսի, քաղաքապետի<> թեզերը չհաստատվեն այդ հաստատության կողմից: Չէ որ դա պակաս վնաս չի հասցնում պետությանը, որը աշխատավարձ է հատկացնում պետբյուջեից՝մտածելով, որ այսինչ բնագավառի մասնագետ ունի ու երբ անհրաժեշտություն է առաջանում դիմելու այդ <>, պարզվում է՝ նա պարզապես Պետրոսի-Պողոսի-Մարտիրոսի փեսան է, հասրն է, աղջիկն ու թոռը ու ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ:(((

  2. Մարիամ says:

    Շներհակալություն հոդվածի համար։ Այսօրվա մեր իշխանություննարի հավաքական կերպարը այս տեսանյութի գյուղապետն է ՝ https://www.facebook.com/287822698007881/videos/871023676354444/?pnref=story

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930