Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական քաղաքական վերնախավում ցեղասպան մտածողությունը շարունակում է դոմինանտ լինել»

Ապրիլ 22,2016 14:03

«Պահանջատիրության ուղղությամբ մեր քայլերը դեռ ցանկալիից շատ հեռու են, եւ երբեմն նաեւ դանդաղ են»,- ապրիլի 22-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ թեկուզ ուշացած պարտադիր է մշակել այն իրավաքաղաքական փաթեթը, որը հիմք կտա կամ մեզ համար հիմք կդառնա լուծել պահանջատիրության տարբեր ասպեկտները. «Կարծում եմ եւ վստահ եմ նաեւ այն փաթեթը, որը մշակվել է Հայաստանում պատասխան կտա տարբեր հարցերին, քանի որ այդ փաթեթում հարցերի բավականին լայն սպեկտոր է ընդգրկված, ինչպես Ցեղասպանության բուն հասցրած վնասները, այնպես էլ հետցեղասպանական շրջանում տեղի ունեցած որոշ խնդիրներ, եւ այնպես նաեւ Թուրքիայի Հանրապետության պատասխանատվության հարցը՝ իր տարածքներում պահպանված ե՛ւ հայերի, ե՛ւ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իր քայլերի առումով: Ինչը, ըստ էության, մեզ հուշում է այն, որ Թուրքիան, լինելով տարբեր միջազգային կառույցների անդամ հետագայում էլ չի պահպանել այդ կառույցներին անդամակցության ժամանակ ստորագրած իր պարտավորությունները, եւ սիստեմատիկ կերպով շարունակել է ցեղասպանական գործողություններ իրականացնել ինչպես հայկական մշակույթի, այնպես էլ գոյատեւած առանձին հայերի նկատմամբ: Ի դեպ այսօր էլ այդ քաղաքականությունը շարունակվում է»:

Ռուբեն Մելքոնյանը համարում է, որ Հայոց ցեղասպանության խնդիրը առնվազն երկու-երեք ոլորտներում առաջընթաց է գրանցել, օրինակ՝ Հռոմի պապի ելույթը եւ դրանից հետո սկսված գործընթացը: Սակայն, նա նկատեց, որ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտումը, ինչը թուրքագետի կարծիքով, ցեղասպանական գործողություն է. «Մենք նաեւ պետք է ցավով արձանագրենք, որ անցած հարյուր տարիների ընթացքում Թուրքիայի մեթոդները գրեթե չեն փոխվել: Անցած տարի, պետք է արձանագրենք, Թուրքիան համագործակցելով ծայրահեղ իսլամական ահաբեկչական այդ խմբավորման հետ, ի թիվս իր այլ նպատակների շարունակեց մշակութային եղեռնը: Դեր Զորի հայտնի հայկական եկեղեցին, որը նաեւ որոշակիորեն խորհրդանիշ էր, ըստ էության, Թուրքիայի եւ Իսլամական պետության ջանքերով պայթեցվեց, այսինքն՝ մշակութային եղեռնը այդ հակամարդկային երկու ուժերի կողմից շարունակվում է: Եվ նաեւ սա ցույց է տալիս, որ թուրքական քաղաքական վերնախավում ցեղասպան մտածողությունը շարունակում է դոմինանտ լինել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930