Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի քարոզչական փուչիկը. իբր Իրանն օգնել է Ադրբեջանին` քառօրյա պատերազմում

Մայիս 05,2016 13:04

Այս օրերին ադրբեջանական քարոզչամեքենան աշխատում է նաեւ Հայաստան-Իրան հարաբերություններում սեպ խրելու ուղղությամբ: Այդ երկրի մամուլում պարբերաբար հայտնում են հրապարակումներ` Ադրբեջանի եւ Իրանի միջեւ «ջերմ» ու «եղբայրական» հարաբերությունների մասին, անգամ Իրանի անունից ասվում է, թե վերջինս նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին` այդ իսկ երկրի կողմից ԼՂՀ-ի դեմ իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում: Նմանօրինակ վերջին հայտարարությունն արեց Ադրբեջանի ՊՆ պահեստազորի գեներալ Յաշար Այդեմիրովը:

«Մի շարք երկրների, այդ թվում` Իրանի հետ ռազմատեխնիկական գործակցությունը մեզ համար անփոխարինելի է: Այսօր, ինչպես եւ Արցախյան պատերազմի ժամանակ, Իրանը մեզ սատարում է ոչ միայն քաղաքական, այլեւ ռազմական առումով»,-ասել է գեներալը` հայտարարելով, որ ներկայումս Իրանը եւ Ադրբեջանը սերտ գործակցում են ռազմատեխնիկական ոլորտում. «Գաղտնիք չէ, որ Իրանից ձեռք բերված 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթները, համազարկային կրակի 107 մմ ռեակտիվ (YARS) համակարգերը, 60 մմ ականանետները հաջողությամբ օգտագործվեցին ապրիլի սկզբին»:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն Aravot.am-ի հետ զրույցում խոսելով այս հրապարակման մասին` նկատեց, որ նման հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն. «Նշված զինատեսակների մի մասն Իրանն ուղղակի չի արտադրում, իսկ մասնավորապես ականանետներն, ըստ ռազմական փորձագետների, կարելի է ձեռք բերել ցանկացած երկրում, որը ռազմարդյունաբերության ոլորտում փոքրիշատե հաջողություններ ունի»:

Վարդան Ոսկանյանը փաստեց, որ հատկապես վերջին շրջանում Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է օգտագործել տեղեկատվական դաշտը` Հայաստան-Իրան ակնհայտ ջերմ հարաբերությունները խափանելու նպատակով. «Այդ գեներալի ներկայացրածը քարոզչական փուչիկ է, որը միտված է Հայաստան-Իրան հարաբերություններում սեպ խրելուն եւ այդ հարաբերություններում որոշակի խոչընդոտներ ի հայտ բերելուն: Մասնավորապես, այդպես փորձ է արվում ազդել հայկական լսարանի վրա, այսինքն` մեր հասարակական շրջանակներում ստեղծել Իրանի հանդեպ անվստահության որոշակի մթնոլորտ, որը, բնականաբար, ձեռնտու է Բաքվի բռնապետին:

Կարծում եմ, այս համատեքստում նման հրապարակումների եւ նյութերի դեպքում պետք է հստակ ճշգրտենք իրականության հետ համապատասխանությունը: Պետք է մեզ համար արձանագրենք մի կարեւոր հանգամանք. ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը ձեռնտու է առկա «ստատուս քվո»-ն, քանի որ ներկայիս պայմաններում հնարավորինս կրճատվել է ադրբեջանաիրանական ընդհանուր սահմանը, որի ամբողջ երկայնքով մեկ Ադրբեջանի հանրապետությունը տարիներ շարունակ, ուղղակիորեն եւ թե երրորդ երկրների շահերը սպասարկելով, վարել է հակաիրանական գործողությունների հստակ քաղաքականություն: Բնական է, որ իրանցիները չեն ուզենա, որպեսզի այդ սահմանը որեւէ փոփոխության ենթարկվի` հօգուտ Ադրբեջանի»:

Իրանագետն առանձնացրեց եւս մեկ կարեւոր հանգամանք` ԼՂ հարցի շուրջ իրանական կողմի հավասարակշիռ քաղաքականությունն արժանանում է ադրբեջանական հասարակության քննադատությանը. «Մասնավորապես սոցցանցերում առկա են ակնհայտ հակաիրանական տրամադրություններ: Խոսքը վերաբերում է նաեւ քառօրյա պատերազմի ժամանակաշրջանին, երբ ադրբեջանցի որոշ օգտատերեր պնդում էին, թե իրանական կողմը նույնիսկ աջակցել է հայկական ուժերին, մասնավորապես խոսքը Իրանի տարածքից ադրբեջանական դիրքերը իբր թե լուսավորելու եւ այդ կերպ դրանք հայկական կողմի համար տեսանելի դարձնելու մեղադրանքների մասին է: Այս առումով հստակ փաստենք, որ Ադրբեջանի հասարակության լայն շրջանակներում եւ պետական մակարդակում Իրանի հանդեպ դրական վերաբերմունք գոյություն չունի: Ըստ էության, Իրանի եւ Ադրբեջանի շահերը բազմաթիվ կետերով հակասում են միմյանց»:

Վարդան Ոսկանյանի գնահատմամբ` ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ-իրանական հարաբերություններում սեպ խրելու փորձերը ձախողված են, իսկ հասարակությունն էլ պետք է պահպանի «տեղեկատվական հիգիենայի» կանոնները ու տեղի չտա կեղծ նյութեր տարածող եւ բացահայտ քարոզչություն իրականացնող լրատվական աղբյուրներին:

Մեր զրուցակիցը Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա եւս մեկ հակասությանն անդրադարձավ` ասելով. «Խոսքն անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք քառօրյա պատերազմի ընթացքում օգտագործվեցին մեր դեմ: Մինչ այդ եւ այդ պահից հետո էլ տվյալ հանգամանքն օգտագործվում է նաեւ Իրանի դեմ` որոշակի հակաիրանական գործողություններ ծավալելու առումով: Այսինքն, այդ մեխանիզմների կիրառմամբ Իրանի հատկապես հյուսիսային շրջաններում հավաքվում է տեղեկատվություն, որը կիրառվում է ոչ միայն Ադրբեջանի ներսում` Իրանի դիրքերը սասանելու առումով, այլեւ տրամադրվում է նաեւ Մերձավոր Արեւելքում Իրանի ակնհայտ հակառակորդ հանդիսացող Իսրայելին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031