Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Հայաստանի մասին վաղուց գիտեինք». Կարին Օլդգրին

Մայիս 05,2016 23:35

«Հայաստանն իր երաժշտական ավանդույթներով հայտնի երկիր է, հետևաբար՝ հետաքրքիր է ցանկացած երաժշտի համար»,- ասում է Շվեդիայի Սուրբ Հովհաննեսի անվան կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կարին Օլդգրինը:

Այս օրերին Հայաստանում գտնվող երգչախումբը որոշել է մեր երկիր գալ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի հետ ծանոթանալուց հետո. «Երգչախումբը հյուրախաղերով մեկ տարի առաջ Շվեդիայում էր։ Այն ժամանակ մեր դիրիժորը ծանոթացավ երգչախմբի երկու անդամների հետ. նրանք հյուրընկալվել էին նրա տանը։ Եվ այդպես մեր «երգչախմբային ճանապարհորդությունը» մեզ բերեց Երևան»,- Կոմիտասի թանգարան­-ինստիտուտում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատմեց Սուրբ Հովհաննեսի անվան Կամերային երգչախմբի երգիչ և մենեջեր Սերգեյ Ռյուդերհոլմը։

«Հայաստան գալու կարևորագույն նպատակներից մեկն էլ հայկական մշակույթին մոտիկից ծանոթանալու ցանկությունն էր,- հավելեց Կարին Օլդգրինը.- մեր նվագախմբի համար կարծես թե սկզբունք է դարձել այցելել հատկապես այն երկրներ, որոնք հարուստ մշակութային և երաժշտական ավանդույթներ ունեն: Այս առումով մենք Հայաստանի մասին վաղուց գիտեինք և ուրախ ենք այսօր համատեղ համերգներով հանդես գալ այս գեղեցիկ երկրում»:

Շվեդիայից ժամանած երգչախմբի և Սարինա Ավթանդիլյանի ղեկավարած «Սպեղանի» երգչախմբի առաջին համատեղ համերգը կայացավ այսօր՝ մայիսի 5-ին, Կոմիտասի թանգարան­-ինստիտուտում:

Նախօրեին՝ մայիսի 4­-ին, նույն տեղում, Կարին Օլդգրինը վարպետության դասեր է անցկացրել հայ երիտասարդ երաժիշտների և երգիչների համար:

Իսկ վաղը՝ մայիսի 6-­ին, Շվեդիայի կամերային երգչախումբը ելույթ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:

«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում ելույթ ունենալը»,- ասաց Սերգեյ Ռյուդերհոլմը։

Սուրբ Հովհաննեսի անվան կամերային երգչախմբի, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան) և «Սպեղանի» երգչախմբի համատեղ մյուս համերգը նախատեսված է մայիսի 7­-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հավելենք, որ այս համերգները նվիրված են «Սպեղանի» երգչախմբի 20-ամյակին:

Համերգային ծրագրում կհնչեն Կոմիտասի, Երվանդ Երկանյանի և Ջեննի Ասատրյանի խմբերգերից: Առաջին անգամ կկատարվի Ջեննի Ասատրյանի՝ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված հինգ խմբերգ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031