Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ժամանակակից պարը միջազգային բեմում

Հոկտեմբեր 02,2026 16:39 Share

Վերջերս Լեհաստանում անցկացվեց Գդանսկի ամենամյա միջազգային պարի 18-րդ փառատոնը, որի շրջանակում տեղի ունեցավ ժամանակակից պարի մենապարերի միջազգային մրցույթը։

Փառատոնի պաշտոնական կայքից և տեղի պարբերականներից տեղեկանում ենք, որ այս տարի հայ խորեոգրաֆ, ռեժիսոր և պարուհի Ռիմա Պիպոյանը հրավիրված էր փառատոնի միջազգային ժյուրիի կազմում։

Փառատոնի շրջանակում նա նաև ներկայացրեց իր երկու բեմադրությունները՝ «Խալի» և «Ոսկորը», որոնք ներկայացրեց Rima Pipoyan Dance Company-ն։ Ի դեպ, ներկայացումները մինչ այդ արդեն իսկ ցուցադրվել են միջազգային հարթակներում, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Բուլղարիայում և այլն։

Բացի բեմադրություններից, Ռիմա Պիպոյանը փառատոնի մասնակիցներին և հանդիսատեսին ներկայացրեց իր մասնագիտական գործունեությունը և ցուցադրեց իր երկու կարճ պարային ֆիլմերը։

Գդանսկի փառատոնի հետ Ռիմա Պիպոյանի համագործակցությունը նոր չէ։ Դեռևս 2018 թվականին նրա «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարը փառատոնի շրջանակում արժանացել էր միանգամից երկու մրցանակի՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակին և երրորդ մրցանակին։

Միջազգային մենապարերի մրցույթ

Այս տարվա ժամանակակից պարի մենապարերի մրցույթին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 23 պարողներ։ Մասնակիցները ներկայացնում էին Հունաստանը, Լեհաստանը, Լիտվան, Արգենտինան, Սլովակիան, Թայվանը, Ֆինլանդիան, Իտալիան, Ավստրիան, Գերմանիան, Ռումինիան, Պորտուգալիան, Բուրկինա Ֆասոն, Սլովենիան, Իսպանիան և այլ երկրներ։

Մրցույթի մասնակիցներն ընտրվել էին ավելի քան 200 դիմորդներից անցկացված նախնական ընտրության արդյունքում։ Երեք օր տևած մրցույթի ընթացքում նրանք ներկայացրին տեխնիկապես բազմազան և ինքնատիպ բեմադրություններ։

Մրցույթի արդյունքում ժյուրին ընտրեց երեք մրցանակակիրների․ առաջին մրցանակը ստացավ Արգենտինայի ներկայացուցիչը, երկրորդը՝ Սլովակիայի, իսկ երրորդը՝ Լիտվայի ներկայացուցիչը։ Հանդիսատեսի համակրանքի մրցանակներին արժանացան Թայվանի և Ավստրիայի ներկայացուցիչները։

«Խալի» և «Ոսկորը»՝ Գդանսկի բեմում

Rima Pipoyan Dance Company-ն Գդանսկի փառատոնի շրջանակում ներկայացրեց «Խալի» և «Ոսկորը» բեմադրությունները։ Ներկայացումները արժանացան հանդիսատեսի և ոլորտի մասնագետների բարձր գնահատականին։

Լեհական Między Uchem a Mózgiem պարբերականում հրապարակված հոդվածում, որը նվիրված էր ներկայացումներին, հեղինակ Ալեքսանդրա Վոյչինսկան երկու աշխատանքները բնութագրում է որպես ժառանգության հետ երկխոսության ձև։

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ գրականությունից և հայկական գորգագործության պատմությունից ներշնչված երկու ստեղծագործությունները միավորվում էին ոչ միայն խորեոգրաֆի և նրա սաների աշխատանքով, այլև «նրբությամբ, ճշգրտությամբ և զգայունությամբ» առանձնացող կատարմամբ։

Ռիմա Պիպոյան

Ռիմա Պիպոյանի ղեկավարությամբ հայ արվեստագետները ներկայացրել են «Ոսկորը» և «Խալին»՝ աշխատանքներ, որոնք, ըստ հոդվածի, կամրջում են պատմությունն ու ներկան՝ կենդանություն հաղորդելով առասպելներին, հավատալիքներին և ավանդույթներին։

«Ոսկորը» ներշնչված է «Կանայք, որոնք վազում են գայլերի հետ» ստեղծագործությունից և անդրադառնում է «վայրի կնոջ» արքետիպին, մենությանը, վախի հաղթահարմանը և բնության հետ մարդու հարաբերությանը։ Հոդվածում ընդգծվում է բեմադրության դինամիկ, կրքոտ և միևնույն ժամանակ նուրբ շարժողական լեզուն։

«Խալին» անդրադառնում է հայկական մշակութային ժառանգությանը և հնագույն ժամանակներից հայտնի գորգագործության ավանդույթին։ Ներկայացման հիմքում հայկական գորգերի հինգ հիմնական գույներն են՝ կարմիրը, կապույտը, կանաչը, դեղինը և շագանակագույնը։ Պարողները մարմնավորում են այդ գույները՝ շարժման միջոցով վերարտադրելով հայկական գորգագործության մեջ հանդիպող խորհրդանշական մոտիվներն ու պատկերները։

Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պարողների ձեռքերի շարժմանը, որոնք ստեղծում են աշխատանքի նուրբ և բազմաշերտ շարժողական հյուսվածքը։

Հեղինակը նշում է, որ բեմադրությունը համադրում է ժամանակակից պարի լեզուն բալետի, մարտարվեստների և հայկական մշակութային ժառանգության տարրերի հետ՝ այդ համադրությունը բնութագրելով որպես ներդաշնակ, հուզիչ և տպավորիչ։

Հոդվածն ավարտվում է երկու ստեղծագործությունների մասին կարճ, բայց խոսուն բնորոշմամբ՝ «Շատ պոետիկ»։

Փորձի փոխանակում և կրթական ծրագիր

Գդանսկի միջազգային պարի փառատոնը ներառում է ոչ միայն ներկայացումներ և մրցութային ծրագիր, այլև մասնագիտական կրթական բաղադրիչներ։ Փառատոնի շրջանակում կազմակերպվում են վարպետության դասեր պրոֆեսիոնալ պարողների համար, իսկ ներկայացումներից հետո անցկացվում են քննարկումներ և հետադարձ կապի հանդիպումներ։

Այս հարթակները հնարավորություն են տալիս խորեոգրաֆներին, պարողներին և հանդիսատեսին քննարկելու ներկայացումները, փոխանակելու գեղարվեստական գաղափարներ և զարգացնելու մասնագիտական ու ստեղծագործական հմտությունները։

Ռիմա Պիպոյանի մասնակցությունը փառատոնին՝ որպես միջազգային ժյուրիի անդամ, հեղինակ և բեմադրիչ, ինչպես նաև Rima Pipoyan Dance Company-ի ներկայացումները ևս մեկ կարևոր առիթ դարձան հայկական ժամանակակից պարի միջազգային ներկայության և մասնագիտական երկխոսության ընդլայնման համար։

17.09.2026. Solo Dance Contest. . GdaЕ„ski Festiwal TaЕ„ca. fot. PaweЕ‚ Wyszomirski

Սամվել Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Որոշ պարուսույցներ շատ են մեծամիտ…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031