Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մեր բոլոր նախագահները կողմնակից են եղել տարածքների հանձնմանը. «Ազգ»

Մայիս 06,2016 12:19

1997-ի սեպտեմբերի 26-ն է: Այդ օրը Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն անցնող շաբաթ Ղարաբաղում էր եւ երեքշաբթի օրը Բակո Սահակյանի հետ առանձնազրույց ունենալուց հետո վերջինիս հետ ոտքով զբոսնում էր Ստեփանակերտում, ասուլիս տվեց, որտեղ նշեց, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է Հայաստանի կողմից որոշակի տարածքների զիջումներ:

Ավելի ուշ, կոնկրետ 1997-ի նոյեմբերի 1-ին, լույս տեսավ Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հանրահայտ հոդվածը, որտեղ առաջին նախագահը վերահաստատեց տարածքների վերադարձ օպերացիան, այս անգամ տալով դրան գիտական, ռազմավարական, քաղաքական եւ դիվանագիտական բացատրություն եւ հիմնավորումներ:

Այսինքն, ֆիքսենք. մեր նախագահներից Տեր-Պետրոսյանը կողմնակից է եղել տարածքների հանձնմանը:

2006-ի սեպտեմբերի 28-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը: Հարցազրույցում Քոչարյանն ասաց. «Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»:

Ուրեմն ֆիքսենք նաեւ. մեր նախագահներից Քոչարյանն էլ կողմնակից է եղել տարածքների հանձնմանը:

2010-ի մարտի 22-ին սիրիական «Ալ Վաթան»-ին հարցազրույց տվեց նախագահ Սերժ Սարգսյանը : Ով մոռացել է, հիշեցնեմ, որ արեց բառացիորեն հետեւյալ հայտարարությունը. «Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձեւավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր: Հակառակ Ադրբեջանի պնդումներինՙ այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում եւ ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, եւ պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները»:

Ավելին, 2001-ին, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, ՀՀ ԱԺ-ում ղարաբաղյան հարցով լսումների ժամանակ (նույն թվականի մայիսի կեսերին տեղի ունեցած), նախարար Ս. Սարգսյանը, պատասխանելով հնչող մեղադրանքներին, թե Հայաստանը փոխզիջումներ անվան տակ տարածքներ է հանձնում, ասել էր բառացիորեն հետեւյալը. «Ես 2001-ից չեմ խոսում փոխզիջումների մասին, այլ ընդհանրապես 90-ական թվականներից: Նաեւ այն ժամանակ, երբ մեր ջոկատներին համոզում էի, որ անհրաժեշտություն կա վերացնելու շատ կրակակետեր: Դրանց վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031