Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը խոստանում է վիրավոր զինվորներին արտերկիր տեղափոխել, եթե մեզ մոտ բուժման հնարավորությունը սպառվի

Մայիս 12,2016 16:30

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Ռուբեն Առաքելյանի եւ Արման Լազգիյանի առողջական վիճակն օրերս Ֆրայբուրգի կլինիկայի գերմանացի բժիշկների տված գնահատականները, կարելի է ասել, տղաների ծնողներին այնքան էլ չեն բավարարել:

Չնայած գերմանացի բժիշկները վստահեցրել են, որ վիրավոր զինվորականների համար հայ մասնագետներն արել են այն, ինչ անհրաժեշտ է, եւ իրենք էլ նույնը կանեին, այնուամենայնիվ, ծնողներն ուզում են իրենց որդիներին տեղափոխել արտերկիր՝ բուժման: Արման Լազգիյանի ծնողները որոշել են իրենց որդուն տեղափոխել Գերմանիայի մեկ այլ քաղաքի՝ Համբուրգի կլինիկա, իսկ Ռուբենի մորը Քյոլնի կլինիկայից ասել են՝ «վիճակը ծանր է, շուտ տեղափոխել»: Հիմա ծնողները լիահույս են, որ տղաների առողջությունը վերականգնելու լավագույն միջոցը Գերմանիա տեղափոխելն է: Այս 2 զինծառայողներին արտերկիր տեղափոխելու ու բուժելու համար արդեն հաշվեհամար է բացվել, որպեսզի նրանց դրամական օգնություն տրամադրվի, քանի որ բուժումը մի քանի տասնյակ հազար եվրոյի է հասնում: Մինչ այս կառավարությունը հայտարարել էր, որ քառօրյա պատերազմում վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու եւ բուժման ծախսերը պետությունը կվերցնի իր վրա: Հանրության մի մասի մոտ կասկած կա, որ կառավարությունը խուսափում է տղաների բուժման ծախսերը հոգալ:

Արդյոք կառավարությունն ու առողջապահության նախարարությունը կսատարե՞ն Արմանի եւ Ռուբենի ծնողների որոշմանը, ֆինանսական աջակցություն կտրամադրվի՞ նրանց՝ այս մասին «Առավոտը» զրուցել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:

Նախարարն ասաց, որ վիրավոր զինծառայողների բուժման հարցը դիտարկում են 2 ուղղությամբ՝ նրանց բուժումը կազմակերպել Հայաստանում, եւ եթե այն, ինչ անհնար է այստեղ անել, կազմակերպել արտերկրում. «Մենք նպատակահարմար ենք գտնում, որ Հայաստան ժամանած բժիշկները ծանոթանան տղաների վիճակի հետ, կարողանան անկաշկանդ, արհեստավարժ ձեւավորել իրենց կարծիքը: Այս առումով մենք կազմակերպել ենք մի քանի այցելություններ ոչ միայն Ֆրայբուրգից ժամանածների հետ, ամսի 16-ին եւս մասնագետներ պետք է գան: Մոսկվայում պրոֆեսոր Սարուխանյանի հետ էլ կապի մեջ ենք, այնտեղից էլ պատրաստակամություն են հայտնել համագործակցելու»: Արմանի ծնողների՝ որդուն Համբուրգ տեղափոխելու առնչությամբ նախարարն ասաց, որ առաջարկվել է Համբուրգի այն բժիշկը, որը վստահեցնում է, որ կարող է բուժման ավելի բարձր հաջողություններ ունենալ, ժամանի Հայաստան եւ տեղում ծանոթանա տղաների վիճակի հետ, նոր գնահատական տա. «Այս վիճակում դեռ վաղ է նրանց տեղափոխելը, տրանսպորտացիայի հետ կապված խնդիրներ կարող են լինել, առավել եւս, որ նրանք վերակենդանացման բաժիններում են: Կարմիր խաչի վերականգնողական հիվանդանոցի բժիշկների հետ էլ կոնսիլիում ենք արել: Ես ցավում եմ, որ հուզական բաղադրիչը՝ տղաների բուժման հետ կապված, բավականին կողմնորոշիչ կարող է լինել: Դժվար է ամբողջովին ընկալել ծնողի ցավը՝ տեսնելով զավակին, բայց մենք պետք է հնարավորինս զերծ մնանք հուզական գնահատականներից: Մենք պետք է կարողանանք ճիշտ, սթափ գնահատականներ տալ առողջական վիճակի մասին, որպեսզի կարողանանք այդ տեղափոխման հետ կապված կամ բուժումն այստեղ կազմակերպելու հարցում հնարավորինս բարձր մակարդակ ապահովել»:

Arman-Lazgiyan-4-1
Մեր այն դիտարկմանը՝ ծնողները պնդում են արտերկիր տեղափոխելը, Մուրադյանն ասաց, որ այս պահին ավելի անվտանգ է, որպեսզի դրսից մասնագետը գա, եւ եթե դրսի որեւէ մասնագետ օբյեկտիվորեն կասի՝ ես ունեմ նման փորձ, ավելի բարձր արդյունք կտամ, քան դուք, ես ավելի նվազ ռիսկեր եմ տեսնում, քան դուք, մենք ամբողջ ընթացակարգով կգնանք. «Շատ դժվար որոշելու խնդիր է լինելու: Դրսից ժամանած այն մասնագետները, որոնք ռազմական բժշկության մեծ փորձ ունեն, ասել են՝ իրենց մոտ ավելին չէին կարող անել, եւ կարծես թե ձեւավորվում է նեգատիվիզմ: Բայց եթե ասում են՝ ոչ, մենք կգնանք այնտեղ, որտեղ ավելի բարձր արդյունք կտան, ես վստահեցնում եմ՝ մենք ձեր կողքին ենք, մենք էլ կգանք: Բայց կրկնում եմ՝ ավելի հեշտ է արդյունք խոստացողին հրավիրել Հայաստան, ոչ թե մեր երեխային պատգարակով տեղափոխել: Ես պատրաստ եմ իրենց ընտրած կլինիկայի մասնագետների հետ բանակցել, եթե կան կլինիկաներ, որոնց տղաների ծնողները ծանոթ են, մենք կմիանանք իրենց նախաձեռնությանը»:

Հայաստանում էլ եղել են բժիշկներ, ինչպես մեզ վստահեցրել էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, որոնք ասել են, որ տղաների ծանր վիճակի նման դեպքեր ունեցել են եւ տեղափոխել են արտերկիր, ուստի ծնողներն անդրդվելի են իրենց որոշման մեջ, ընդ որում՝ տղաներից մեկի ծնողն ասել է, որ վտանգի պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Այս առնչությամբ էլ նախարարն ասաց, որ այս պահին հիվանդանոցից այլ երկիր տեղափոխելու ռիսկերը պետք է սթափ գնահատել. «Այո, կարող է ուզեն ամենալավ հիվանդանոց տեղափոխել, բայց արդյոք նա կարո՞ղ է հաղթահարել թռիչքը, որքան էլ ռիսկերն իրենց վրա են վերցնում: Առաջին հերթին որպես բժիշկ պետք է նրան ներկայացնել ռիսկերն ու որոշումները: Իհարկե, որոշումը զինվորինն ու ծնողինն է լինելու: Մենք իրենց որոշմանը սատարելու ենք մինչեւ վերջ, ամեն ինչով»: Նախարարն ասաց, որ սա այն դեպքն է, երբ պետք է հուզական դաշտից դուրս գալ եւ մասնագիտական ճիշտ գնահատական տալ:

Նախարարի խոսքերով՝ «Ես հասկանում եմ նրանց, իհարկե, ծնողն ուզում է դրականը լսել, մենք էլ ենք ուզում: Պետք է հասկանալ, որ այս խնդիրը չի լուծվելու մեկ օրվա, մեկ ամսվա մեջ, տարիների խնդիր կարող է լինել: Եվ այս ամբողջ ճանապարհին մենք եւ մեր մասնագետները մեր երեխաների եւ նրանց ծնողների կողքին պետք է լինենք, եթե անգամ դրսում բուժվեն: Այս ամենը պետք է սթափ, հեռանկարային հաշվարկված հիմքերի վրա որոշումներ լինեն: Բայց կան տղաներ, որոնց վերակենդանացման բաժնից հիվանդասենյակ տեղափոխելն է վտանգավոր»:

Արմեն Մուրադյանի ներկայացմամբ՝ սա ակնթարթային լուծվող խնդիր չէ, սպինալ (պարալիզացված) հիվանդները երկար տարիներ վերականգնում պիտի անցնեն. «Մենք պատրաստ ենք մինչեւ վերջ նրանց կողքին լինել: Տղաների աչքերում տեսնելով այն տոկունությունը, մենք պետք է կարողանանք այն նաեւ արտացոլել մեր հարաբերություններում, որ ստվեր չգցենք մեր աշխատանքում: Այսօր արվում է առավելագույնը, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ Հայաստանից դուրս կարվի: Եթե Կարմիր խաչի վերականգնողական հիվանդանոցում բուժվելիս իրենք ասեն, որ դա բավարար չէ, ուզում ենք այլ տեսակի բուժում, եթե մեր կլինիկաներում հնարավորություն չկա, իսկ դրսում դա կա, կառավարությունը կօգնի: Մենք մասնագիտական հարաբերություններ չենք պարզում, տղաների առողջության հարցն է, եւ եթե մեզ մոտ տեխնոլոգիաները բավարար չլինեն, իհարկե, կնախընտրենք արտերկիրը»:

Պետական աջակցություն ստանալու համար վիրավոր տղաների ծնողները պետք է դիմեն պաշտպանության նախարարություն, եւ ինչպես բացատրեց Մուրադյանը՝ ՊՆ-ն պետք է դիմի առողջապահության նախարարությանը, ձեւավորված մասնագիտական խումբը կգնահատի բուժման արդյունավետությունը Հայաստանում եւ հնարավոր բուժման եղանակները՝ արտերկրում: Ըստ այդմ էլ, կորոշվի՝ նպատակահարմա՞ր է տղաներին արտերկիր տեղափոխել, թե՞ ոչ:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031