Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան քառօրյա պատերազմն Արսենի տեսած «կինոն» իրականություն դարձրեց

Մայիս 13,2016 17:30

«Առավոտի» զրուցակիցը Արցախի բանակի սպա Արսեն Առաքելյանն է, որը «կարմիր դիպլոմով» ավարտել է Ռուսաստանի ռազմական ավտոմոբիլային ինստիտուտը հետո վերադարձել է հայրենի Ստեփանակերտ՝ իր հմտությունները պաշտպանական բանակում ներդնելու: Սպան հակառակորդին չի թերագնահատում, բայց գտնում է, որ հայերը գենետիկորեն զինվորներ են՝ պատրաստ կյանքի գնով պաշտպանելու հայրենի հողը:

– Պատերազմից գրեթե 40 օր անց, երբ պատերազմը քո միջով էլ է անցել՝ վիրավորվել ես եւ կազդուրվելու օրերին ժամանակ ես ունեցել դեպքերը վերլուծելու, ինչպե՞ս ես պատկերացնում ապագան:

– Բոլորիս երազանքն է խաղաղություն լինի, այն ինչ-որ անում ենք՝ կրակում ենք, այլ գործողություններ ենք անում, անենք միայն զորավարժությունների ժամանակ ու միայն փայտից պատրաստված թիրախի վրա: Կենդանի ուժի վրա չկիրառենք: Անհրաժեշտության դեպքում պիտի կատարենք, պատրաստ ենք եւ կատարելու ենք, բայց իհարկե ցանկալի չէ:
Եթե առաջնորդվենք 1994 թվականի փաստաթղթերով, որով կնքվեց հրադադարի պայմանագիրը, էլի մի որոշ ժամանակ սուս են անելու, սուս, նորից փորձեն ու նորից սուս մնան եւ այդպես շարունակ:

-Այսօր 18-20 տարեկան հերոսներ ունեցանք, որոնք հետմահու արժանացան ամենաբարձր պարգեւների ու կոչումների: Նրանց կատարած գործողություններն անգամ բարձրաստիճան զինվորականների զարմանքն առաջացրին: Տեսնելով ուժերի անհամաչափությունը, հակառակորդի զինտեխնիկայի գերազանցումը, արդյոք չէր ընկճվել մեր զինվորը:

– Հնարավոր է, որ ինչ-որ մի պահի վախեցել է թուրքին տեսնելով, բայց մեկ-երկու կրակոցից, երբ տեսել է, որ թեկուզ նրանք շատ են, բայց ինքը կարողանում է հաջողության հասնել, մի քիչ ոգեւորվել է ու հանգիստ սկսել «բոյ» տալ:

-Բայց չէ՞, որ մեր զինվորների դեմ հատուկ ջոկատայիններ էին կռվում եւ նույնիսկ, տեղեկություններ կային, որ այլ պատերազմներին մասնակցած փորձառու զինվորներ են բերվել. ինչպե՞ս եղավ, որ նրանց այդ փորձառությունն էլ դեր չխաղաց:

– Որովհետեւ մեր զինվորը հայ է: Նրանց գիտակցության մեջ է դա: Պատերազմի առաջին օրվանից թոշակի անցած գնդապետներ, փոխգնդապետներ, ազատամարտիկներ զենքը վերցրած եկան: Ասում էին՝ ո՛ր պոստը գնանք, որտեղ է ավելի վատ: Ստեփանակերտից հարյուրավոր երիտասարդներ ինձնից մեծ, փոքր հավաքված եկել էին, թե զենք տվեք՝ գնանք: Թուրքի մոտ, համոզված եմ, նման բան չկա, նրանց ենթագիտակցությունն այլ է: Մեզ մոտ մեծից փոքր՝ ամեն մեկը փորձում էր մի ձեւով օգտակար լինել, Ստեփանակերտում անգամ դպրոցի երեխաները, հիմնարկներում՝ կանայք նստած զինտեխնիկան քողարկելու համար շորեր էին կարում: Թուրքը չի էլ պատկերացրել մեր համախմբվածությունը եւ չի էլ կարող պատկերացնել, նրանց մոտ դա չկա:

-Շատ է խոսվում այդ օրերին զենքի պակասության, փամփուշտների վերջանալու մասին:

-Չկա նման բան: Ամեն մարտական դիրքում այն քանակության նռնակ, փամփուշտ կա, որքան հարկավոր է: Առաջին՝ հակառակորդի հարձակումն անակնկալ էր եւ երկրորդ, դու ութ հոգով կանգնած, սովորաբար սպասում ես քո դիմաց ասենք՝ 50-60 հոգով գան, այդքանի դեմ քո եղած զինամթերքը կհերիքի, բայց ոչ թե 150 հոգի: Անընդհատ այդքան մարդ կրակում էր, դրա համար, վերջացած տեղը, այդ խնդիրն առաջացավ եւ չէին կարողանում փամփուշտ հասցնել: Ամեն դեպքում, մենք՝ հայերս սիրում ենք ճոխացնել, մեր բանակը միշտ էլ պատրաստ է եղել, հիմի՝ ավելի պատրաստ է: Չնայած անակնկալին, բանակն արժանի հակահարված է տվել եւ իր խնդիրը լիարժեք կատարել է՝ չնայած կորուստներին: Կորուստներ պետք է լինեն, պատերազմ է, չի կարա չլինի, բայց բանակն իր առջեւ դրված խնդիրը կատարել է:

Հակառակորդն, անկախ այն բանից, գործի է դնում իր հատուկ ջոկատայիններին, թե հզոր տեխնիկա, մարտավարությունում գրագետ չէ: Մեր բախտը բերել է, որ նրանք այդքան էլ գրագետ չեն: Հարյուրավոր արկեր էին կրակում արտերի մեջ, սարերի վրա: Հրետանու մեջ մեկ թվի տեղը երկու գրելն արդեն մեծ շեղում է, դու նշանակետին չես կարող խփել, եթե իրենք օրինակ՝ մի զինատեսակից հանել են 12 հատ, մերոնք հանել են 4 հատ, մեր 4 հատն ավելի էֆեկտիվ ենք օգտագործել, քան իրենց 12 հատը: Մերոնք ավելի հմուտ են, կարողացել են ավելի դիպուկ կրակել, իսկ իրենք, իմ աչքի տեսածն եմ ասում՝ աջ-ձախ, ճիշտ է բնակավայրերին էլ է կպել, բայց հարյուր արկ են կրակում, ոնց էլ լինի 100-ից գոնե երկուսը կկպնի, բայց մերոնց կրակածից տասն էլ կպել ա:

-Պատերազմական օրերին էլ, կարծես թե, խուճապ չկար հասարակ ժողովրդի շրջանում եւ արտագաղթ էլ չնկատվեց, Արցախի ժողովրդի հանգստությունը, նույնիսկ, ադրբեջանական մամուլում որակվեց որպես «համազգային պսիխոզ», որոնք չեն գիտակցում պահի լրջությունը:

– Թիկունքում հանգիստ էին, խուճապ չկար, քանի որ զինվորների մոտ էլ չկար: Երբ ինձ տնեցիները զանգում էին, համոզված ասում էի՝ ամեն ինչ լավ է, արխային եղեք: Նույնը զինվորները: Նրանց գյուղերն ամբողջությամբ տարհանվել են, իսկ մեր գյուղացին ասում է՝ չեմ գնալու, սա իմ գյուղն է: Այդ օրերին առաջնագծի գյուղերի բնակիչներն իրենց ընտանիքին բերում՝ թողնում էին Ստեփանակերտ ու նորից ներկայանում զորամաս ասում՝ մենք եկել ենք գնանք պոստեր:

-Պատերազմական ո՞ր գոտում վիրավորվեցիր:

-Մարտակերտում: Անօդաչու սարքի պայթյունից: Սիսիանի ջոկատի տղաների օգնությամբ ինձ այրվածքներով տեղափոխեցին Մարտակերտի հոսպիտալ, այնուհետեւ Ստեփանակերտ հետո՝ Երեւան: Այրվածքաբանական կենտրոնի բժիշկներն արդեն Ստեփանակերտում բուժօգնությունս արագ կազմակերպեցին, վիրահատեցին եւ այդ ամենի շնորհիվ է, որ այսօր բավականին լավ վիճակում եմ եւ 1-2 օրից դուրս եմ գրվելու եւ վերադառնամ ծառայության:

-Ռուսական «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ այդ օրերին Ղարաբաղում, հակառակ առողջապահության ոլորտի պատասխանատուների այն պնդումներին, թե բոլոր տեսակի դեղորայքով պատրաստ ենք, հակայրվածքային դեղամիջոցներ չի եղել եւ որ դրանք Մոսկվայից են բերվել:

-Ես չգիտեմ՝ ով ինչ է գրում, բայց մի քանի օր առաջ Գերմանիայից բժիշկներ էին եկել եւ նրանք, տեսնելով իմ այրվածքները, զարմացել էին, որ նման խորությամբ այրվածքների պարագայում բուժումն այդքան արդյունավետ է եղել, որ Հայաստանում այսպիսի հմտությամբ բուժօգնություն է ցուցաբերվել: Ես 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ եմ ստացել մարմնիս տարբեր հատվածներում եւ, եթե չի եղել այդ դեղորայքը, էլ չեմ ասում մասնագետների մասին, ինչպե՞ս կարող էին այսքան կարճ ժամանակում ինձ ոտքի կանգնեցնել: Ամենածանր այրվածքներով ընկել եմ հիվանդանոց: Առաջին օրերին վիճակս կրիտիկական է եղել: Եթե առաջին բուժօգնությունն այդքան հմտորեն չլիներ, ավելի բարդ վիճակ կլիներ, նույնիսկ վտանգ կար ձեռքերս ամպուտացնելու, բայց այսօր ձեռքերս նորմալ շարժում եմ, եւ վերականգնողական կուրս անցնելուց հետո ավելի լավ կլինի:

– Այս ամենի միջով անցնելուց հետո, եթե հնարավորություն ընձեռնվեր նոր կյանք սկսել, ինչպե՞ս այն կսկսեիր, նորի՞ց զինվորական կլինեիր:

– Փոքրուց եմ ուզել զինվորական դառնալ: Հայրիկիս հետ գնում էի նայում զինվորական տեխնիկային, շատ տարված էի: Դա իմ կոչումն է, իհարկե, այն ինչ տեսանք քառօրյա պատերազմում, կինոներում էինք նման բան տեսել, բայց այդ պատերազմի միջով անցնելով զինվորի մեջ շատ բան է փոխվում: Նախեւառաջ փորձ է, եւ հետո ավելի շատ ես գնահատում քո կատարած գործն ու հայրենիքդ:

 
Հարցազրույցը՝
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
Լուսանկարը՝ hetq.am-ի

«Առավոտ» օրաթերթ
12.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031