Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Խոշորին գլխի՞ց են բռնելու»

Մայիս 14,2016 17:00

Պատգամավորներին ոգեւորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, բայց քայլեր են ակնկալում

«Խոշորին գլխից բռնելու» հանձնարարականը Սերժ Սարգսյանը տվել էր դեռեւս 2012 թվականին՝ կառավարությունում անցկացնելով հայտնի խորհրդակցությունը: Այդ ժամանակ խոսվել էր գնումների, առողջապահության, տրանսպորտի եւ կապի, շինարարության ոլորտներում առկա ատկատների ու բյուջետային միջոցների անարդյունավետ տնօրինման մասին: Ազգային անվտանգության ծառայությանը եւ Գլխավոր դատախազությանը խստորեն հանձնարարվել էր լրջորեն զբաղվել այս խնդիրներով: Դրան հաջորդեցին առողջապահության համակարգի չարաշահումների վերաբերյալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բացահայտումները, ըստ որոնց՝ բուժհիմնարկները խախտել էին պետական գնումների մասին օրենսդրությունը՝ յուրացնելով պետական միջոցները: Պետությանը տարեկան պատճառվել էր 1.5 մլրդ դրամի վնաս: Այնուհետեւ 2013 թվականին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, թե բյուջեի 70 տոկոսը մսխվել է: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ արտահերթ զեկույց հրապարակեց, որտեղ դատական համակարգում առկա կոռուպցիայի վերաբերյալ տեղեկություններ ու դատավորների կողմից վերցվող կաշառքի հստակ գներ էին նշված: Բարձրաստիճան որեւէ պաշտոնյա այս գործերով պատժի չի ենթարկվել:

Կոռուպցիայի դեմ պայքարելու մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ խոսեց իր նշանակման երկրորդ ամսում եւ ասաց` սկսելու է իր շրջապատից: Այս ընթացքում հանձնաժողով ստեղծվեց: Հանձնաժողովն էլ ռազմավարություն մշակեց` իր գումարած մի քանի նիստերում: Գործնական` ոչինչ: Երեկ կառավարության նիստում վարչապետը նորից խոսեց «գոտիները ձգելու» մասին: «Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը եւ մեկ անգամ եւս անդրադառնալ հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Արդյոք մենք զարգանո՞ւմ ենք, արդյոք պայքարո՞ւմ ենք կոռուպցիայի դեմ, արդյոք ունե՞նք մարտունակ բանակ:

Պատասխանը` այո: Բայց արդյոք այդ ամենը բավարա՞ր է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ՝ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ»,- այսպես սկսեց Հովիկ Աբրահամյանը: Ապա շարունակեց. «Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը եւ կառավարության աշխատակազմին մինչեւ կառավարության հաջորդ նիստը ներկայացնել լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը: Երկրորդ: Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչեւ 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաեւ տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների:

Ակնկալում եմ պետական մարմինների սթափ եւ նշված հանգամանքներով պայմանավորված իրատեսական եւ էական առաջարկություններ: Որպեսզի այդ աշխատանքները կրեն համատարած եւ համակարգված բնույթ, առաջարկում եմ փոխվարչապետին ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ՝ իր ղեկավարությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձեւավորելու մասին: Կարծում եմ, որ այս մոտեցումը կորդեգրեն նաեւ իշխանության այլ ճյուղերի մեր գործընկերները»: Ապա հանձնարարեց էկոնոմիկայի նախարարին, առաջարկեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա եւ առաջարկել արդյունավետ լուծումներ, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը: Իսկ նոր վերակազմավորված Պետական եկամուտների կոմիտեին՝ շարունակել ակտիվ եւ հետեւողական աշխատանքներ իրականացնել՝ ուղղված բյուջեի հարկային եկամուտների ապահովմանը, ՓՄՁ-ների նկատմամբ մեղմ վարչարարության իրականացմանը, մաքսային եւ հարկային ոլորտներում ռիսկերի արդյունավետ կառավարմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտության երեւույթների վերացմանը, տնտեսվարման հավասար պայմանների ապահովմանը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն «Առավոտի» հետ զրույցում այս առիթով ասաց` այդ քայլերը տարիներ առաջ պետք է արված լինեին: Նրա հետ համամիտ են նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Երբ գործնականում արդյունքներ կտեսնենք, այդ ժամանակ էլ գնահատականներ կտանք»,- ասաց Հովհաննես Մարգարյանը` հավելելով, որ նախաձեռնությունը հավակնոտ է: Ի՞նչ չափով այն կյանքի կկոչվի՝ պատգամավորը չի ցանկանում կանխատեսել: Հաջողություններ է մաղթում, որ դա իրականություն դառնա: «Գործերն ավելի արժեն, քան խոսքերը: Կտեսնենք կոնկրետ ուղղություններով առաջընթաց գործեր` կկարեւորենք եւ արժանի կգնահատենք: Կարեւոր նախաձեռնություն է: Այն իրականություն դարձնելու համար պետք է կամք ու վճռականություն ցուցաբերել: Դա ի շահ մեր պետության է»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

«Լավ է ուշ, քան երբեք: Գոտիները շատ վաղուց պիտի ձգվեին: Ինչ վերաբերում է խոշոր շնաձկներին, կարծում եմ՝ դրա համար երեք շաբաթ պետք չի: Բոլոր խոշոր մոնոպոլիստների տեղերը բոլորս հատ-հատ եւ վաղուց գիտենք: Չեմ կարծում, որ դրա համար անհրաժեշտ է հատուկ մոնիտորինգ անցկացնել: Դուրս եկեք փողոց` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ձեզ կասի, թե ով է շաքար բերող միակ մոնոպոլիստը, ով է բենզին կրելու իրավունք ունեցող միակ մոնոպոլիստը եւ այլն: Եթե կառավարությունն իսկապես մտադիր է օպերատիվ պայքարել մոնոպոլիաների դեմ, երեք շաբաթ կորցնել պետք չէ»,- ասում է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Թանկարժեք մեքենաների եւ շքեղ գործուղումների մասին Նաիրա Զոհրաբյանն էլ խորհրդարանի ամբիոնից քանիցս ասել է. «Ես 9 տարի է՝ հանձնաժողովի նախագահ եմ, երբեւէ ինձ թույլ չեմ տվել օգտվել բիզնես-կլասի ավիատոմսերից, բայց երբ մտել եմ ինքնաթիռ, բիզնես-կլասում եղել են ոչ միայն նախարարներ, այլեւ փռված են փոխնախարարներ, նախարարությունների վարչության պետեր, նախարարների օգնականներ եւ օգնականուհիներ: Երկու անգամ եմ ես օգտվել բիզնես-կլասից, երկու անգամն էլ հրավիրող կողմն է ֆինանսավորել. Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի հերթական գագաթնաժողովին մասնակցելու համար՝ որպես այդ դաշինքի անդամ կուսակցության նախագահ»: Նաիրա Զոհրաբյանը չի կարողանում հասկանալ` ինչպե՞ս է իր աշխատավարձի չափ աշխատավարձ ստացող նախարարը կարողանում իր գումարով երթեւեկել բիզնես-կլասով, հինգ աստղանի հյուրանոցներում մնալ. «Իրենց որտեղի՞ց այդ հաշիվները, որ իրենց հաշվին են դա անում»:

«ԾԻԳ-երը դարձել են բարձրաստիճան պաշտոնյաների երեխաների աշխատանքի տեղավորման օբյեկտ: Ստանում են անտրամաբանական մեծ չափերի աշխատավարձեր` ոչինչ չանելու դիմաց: Ուզում ես Նյուտոնը եղիր, ուզում ես Էյնշտեյնը կամ Ջոբսը, եթե որեւէ կլանի, նախարարական գերդաստանի կամ օլիգարխիայի ներկայացուցիչ չես, մրցույթում հաղթել չես կարող: Մրցույթին մասնակցել թույլ կտան, բայց շատ հմտորեն դուրս կմնաս մրցույթից: Մի պաշտոնյայի երեխայի առաջնագծում չտեսանք…»,- շարունակում է մեր զրուցակիցը` հավելելով, որ եթե հիմա էլ որոշակի արդարություն վերականգնվի երկրում, դա կարող է մթնոլորտի փոփոխություն բերել:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանն էլ անխուսափելի է համարում այն քայլերը, որոնք պետք է հետեւեն Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին: «Այն համախմբումն ու միասնականությունը, որը վտանգի պահին ապահովեց հայ հասարակությունը, ժողովուրդը, քաղաքական ուժերը` կանգնելով բանակի եւ իշխանության կողքին, անկախ ներքին խնդիրներից, տարաձայնություններից եւ սոցիալական լարվածությունից՝ իշխանությունը պետք է հետեւություններ, նաեւ քայլեր անի: Վարչապետի հայտարարության մեջ նշված կետերն այն նվազագույնն են, որը պարտավոր է այս փուլում անել իշխանությունը: Շատ հայտարարություններ լսել ենք, որոնք այդպես էլ մնացել են օդում հնչած, իշխանությունը տեր չի կանգնել իր տված խոստումներին: Բայց սա այլ դեպք է: Բացառիկ դեպք է: Երկրում վիճակն ուրիշ է: Ամեն ասված խոսք իր կոնկրետ հետեւանքը պետք է ունենա: Բոլոր հայտարարությունները կառավարությունը պարտավոր է կետ առ կետ կատարել»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031