Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում չեն ամուսնանում, երեխա չեն ունենում բնակարան չունենալու պատճառով (Տեսանյութ)

Մայիս 16,2016 16:07

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը, կարելի է ասել՝ աղետալի վիճակում է: Ըստ հետազոտությունների՝ սոցիալական մի շարք խնդիրներ են ազդում ամուսնալուծության, ծնելիության նվազման եւ ամուսնության տարիքի բարձրացման վրա:

Այսօր «Անդրադարձ» ակումբում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» տնօրեն Արման Սարգսյանը ներկայացրեց որոշ ցուցանիշներ: Ըստ այդմ, ամուսնությունների մեջ ամուսնալուծությունների տոկոսը 23.8% է: Ամուսնալուծվածների 60.1% -ը չունի մասնագիտական կրթություն, միջին մասնագիտական կրթություն ունեն նրանց 14.9%-ը, բարձրագույն եւ հետբուհական կրթություն՝ 24.9%-ը: Ամուսնալուծության հիմնական պատճառներից են՝ վեճերը տարբեր խնդիրների շուրջ՝ 50.5%, բնավորության անհամատեղելիությունը՝ 13.9% եւ արտագնա աշխատանքի մեկնումը՝ 8.0%: Ըստ հարցումների, ամուսնալուծության ոչ պակաս կարեւոր պատճառներից են նաեւ նյութական միջոցների անբավարարությունը:

Կառավարության քննարկմանն է ներկայացվել 20016-2018 թվականների ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագիրը: Այն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչներ՝ ուղղված ժողովրդագրական խնդիրների լուծմանը. բաղադրիչներից մեկը՝ ընտանիքներին մատչելի պայմաններով բնակարանով ապահովումը: Սա դեռ քննարկման փուլում է, եւ դեռ պարզ չէ, թե ծրագրի որ բաղադրիչը կընդունվի, որը՝ ոչ:

Aravot.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց մայրաքաղաքի փողոցներում. Մեր հարցին՝ որքանով է անդրադառնում բնակարանային խնդիրը ընտանիք կազմելու կամ այն ընդլայնելու վրա, մեծ մասը պատասխանեցին, որ դա իրենց համար առաջնային խնդիր է: 23 ամյա Մարիաննան ասաց, որ 2 տարի է նշանված է, նշանածը արտագնա աշխատանքի է մեկնել, որպեսզի բնակարան գնելու համար գումար աշխատի. «Հիմա Ռուսաստանում էլ գործերը լավ չեն, մենք ուզում ենք, գոնե կանխավճարի գումար հավաքել, բայց դա էլ դժվար է: Առանց կանխավճարի հիմա տուն առնելն անհնար է»:

30-ամյա Սուրենն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի կարողանում ամուսնանալ, որովհետեւ ընտանիքը մեծ է եւ իրենց փոքր բնակարանում արդեն եղբայրն իր ընտանիքով հազիվ են տեղավորվում. «Որ ամուսնանամ, պիտի վարձով ապրենք, հիմա էլ աղջիկներն առանց տուն տղա չեն ուզում: Աշխատում եմ, բայց չեմ հասցնում փող հավաքեմ տան կանխավճարի համար»:

Մեկ այլ երիտասարդ կին էլ ասաց, որ 5 տարի է ամուսնացած է, 1 երեխա ունի, ամուսիններով ծրագրել էին 3 երեխա ունենալ, բայց վարձով են ապրում, եւ հաջորդ երեխա ունենալը հոգսն ավելացնելու է, եւ առայժմ չեն ծրագրում հաջորդ երեխան:

Մի երիտասարդ էլ վստահեցրեց, որ եթե աշխատանք ու մատչելի պայմաններով բնակարան գնելու հնարավորություն լինի, ինքն ու իր եղբայրը արտերկիր աշխատելու չեն մեկնի. «Ես էլ, ախպերս էլ մեծ ենք, երկուսս էլ 30-ն անց ենք, ամուսնանալը դժվար է, համ տուն չկա, համ էլ պաստայաննի գործ չկա: Ասենք թե, հա, ուզում եմ տուն առնեմ, պսակվեմ: Բայց հետաքրքրվել եմ, առնվազն 5-7 հազար դոլար ա պետք, որ կանխավճար մուծեմ, ոնց հավաքեմ էդ փողը, որ ամեն ինչ նենց թանկ ա, որ չեմ հասցնում»:

Aravot.am-ի հարցին՝ որքանով է անդրադառնում բնակարանային խնդիրը ամուսնության եւ ծնելիության վրա, եւ արդյոք ժողովրդագրական ազգային ծրագիրն այս խնդիրները կլուծի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասաց, որ առաջնային խնդիրը սոցիալ-տնտեսականն է, իհարկե, բնակարանային խնդիրն էլ լուրջ ազդեցություն է ունենում մեր նշած խնդիրների վրա. «Մենք նոր մոտեցում ենք որդեգրել՝ ոչ թե գումար տալ, որ հաջորդ երեխան ունենան, այլ առաջին անգամ փորձել ենք համատեղել աշխատանքային պատասխանատվությունը ծնողական պատասխանատվության հետ, որ կանայք երեխա ունենալով չեն կարծի, դա ռիսկ է ընտանիքի բարեկեցության համար: Հայաստանում մոտ 14% է երկրորդական անպտղությունը, սա մոտ է կրիտիկական շեմին, սա այն ընտանիքներն են, որ ուզում են հաջորդ երեխան ունենալ, բայց չեն կարողանում՝ մի շարք պատճառներով»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գարիկ Հայրապետյանի խոսքերով՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիրը կազմվել է տարիներով կատարված հետազոտությունների հիման վրա, այն իրագործելը թանկ հաճույք է, բայց խիստ անհրաժեշտ:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին ի պատասխան՝ երկարաժամկետ կտրվածքով ծրագիրն ինչ ազդեցություն է թողնելու Հայաստանում ժողովրդագրական խնդիրների լուծմանը՝ ամուսնությունների եւ ծնելիության աճին, Հայրապետյանն ասաց, որ ծրագրի արդյունքները կերեւան 20-25 տարի հետո. «Մեր խնդիրը ծնելիության՝ 1.5-1.6 ցուցանիշը հասցնել առնվազն բնական վերարտադրման: Այսօր ծնունդների եւ մահացություններ թիվը շատ մոտ են՝ կես տոկոսով է տարբերությունը: Նման ձեւով եթե շարունակվի, ապա բացասական հետեւանքներ կլինեն՝ ծնունդները չեն աճի, ունենք ծերացող հասարակություն: 20 տարի հետո մեր բնակչության 1/3-ը կենսաթոշակային տարիքի է լինելու, սա լուրջ խնդիր է, բնական աճը նվազելու է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031