Լրահոս
Օրվա լրահոսը

«Խռոված էր աշխարհից, բայց ոչ երբեք խելագարված»

Մայիս 23,2016 14:30

«Կոմիտաս վարդապետն իր կյանքով ապացուցեց, որ Մաշտոցի եւ Գրիգոր Նարեկացու հետ միասին իրավամբ հանդիսանում է հայ ինքնության սուրբ երրորդության երրորդ դեմքը՝ երանելի սուրբերի նման իր կյանքն ապրելով «Կյանք իմացյալ անմահություն» սկզբունքով»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Մեր հանդիպման առիթը սրբազանի հետ նրա «Կոմիտաս» ծավալուն աշխատության լույս ընծայումն է: Ներկայացնում ենք Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի խոսքը՝ իր Կոմիտասի մասին:

Կոմիտաս վարդապետը, դեռեւս իր կյանքի պատանի տարիներին, եղավ այն սուրբ անոթն ու պայծառ հոգին, որը դեպի իրեն էր ձգում մաքրամաքուր հայերեն մեղեդին, իսկ Գեւորգյան ճեմարանում, Թիֆլիսում, այնուհետեւ Բեռլինում ժամանակի լավագույն երաժշտագետների մոտ ստացած իր մասնագիտական կրթության շնորհիվ նա կարողացավ այդ բնատուր տաղանդը վերածել կատարելության մոտեցող մի երաժշտագիտական համակարգի։ Երաժշտագիտական հաղթարշավից զատ՝ վարդապետը լավագույնս գիտակցում էր նաեւ ժամանակի ազգային խնդիրները եւ ապրում էր դրանցով։ Դեռեւս սարկավագ եղած տարիներին քառաձայն խառը խմբի համար, հայկական նոտագրությամբ, Կոմիտասը Վաղարշապատում լույս է ընծայում իր գրչին պատկանող «Ազգային օրհներգը», որից հետո մեկը մյուսի ետեւից հրապարակում եւ հրատարակում է աշխարհիկ-ժողովրդական եւ եկեղեցական-հոգեւոր բազմաթիվ աշխատանքներ։ Վարդապետի ստեղծագործական ընթացքի գագաթը եղավ Հայ եկեղեցու Ս. Պատարագի երգեցողության մշակումը։ Վարդապետի առաջին մտահոգություններից ու ստեղծագործական ձեռնակումներից էր Ս. Պատարագի բազմաձայն դաշնավորումը։ Երբ դասախոսում էր Ս. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում եւ ղեկավարում էր Մայր Տաճարի երգչախումբը, զուգահեռաբար զբաղվում էր նաեւ պատարագով։ Աշխատանքն ամփոփվեց եւ հրատարակվեց անհամեմատ ուշ՝ 1933 թ. իր երբեմնի սան Վարդան Սարգիսյանի ուժերով։ Բայց այդ գործը Մայր Տաճարում կատարվել էր արդեն 1908 թ.: Ս. Պատարագի երգեցողության այս մշակումը Կոմիտասի ղեկավարությամբ կատարվել է նաեւ Կ. Պոլսում՝ եղեռնական 15-ին։

Դեռ որքա՜ն պետք է բարձրացներ Հային ազգային երգի այս մեծ Առաքյալը, եթե չլինեին չարաբաստիկ 1915-ը եւ ցեղասպան թուրքը։

Komitas

1915 թ. ապրիլ 24-ին Կ. Պոլսում գտնվող բազմաթիվ հայ մտավորականների հետ ձերբակալվում եւ աքսորի է դատապարտվում նաեւ Կոմիտաս վարդապետը։ Աքսորի ճանապարհին նա տեսնում է այն բոլոր արհավիրքներն ու տանջանքները, որ կրում են իր հարազատ ազգի զավակները: Նույն թվականի մայիս 5-ին Պոլսի աքսորականների մի մասը, որոնց թվում նաեւ Կոմիտաս վարդապետը, փոխադրվում են Չանկըրը քաղաք, որտեղ վարդապետը եւ եւս ութ այլ աքսորականներ ստանում են ազատման հեռագիր եւ փոխադրվում են Կ. Պոլիս:

1935 թ. Փարիզի Վիլ-Ժուի հոգեբուժարանում վարդապետի մահվանից հետո ժամանակի մասնագետների կողմից հրատարակվում են բազմաթիվ անդրադարձեր 1915-ի աքսորից հետո նրա հոգեկան վիճակի մասին, որոնց մեջ ամենից տարածված եւ հիմնական կարծիքն այն էր, որ Կոմիտասն ուներ դասական հոգեկան խանգարում, սակայն ժամանակակից հոգեբանների կատարած ուսումնասիրությունները փաստում են այլ բան, որոնցից Մ. Գարագաշյանը թեմայի շուրջ կատարած իր մանրամասն ուսումնասիրության մեջ նշում է վարդապետի հոգեցնցման մեջ գտնվելու մասին, ինչը, ըստ մասնագետի, հեշտությամբ բուժվող ախտանիշ է, որը թերեւս այն ժամանակվա հոգեբույժները չեն գիտակցել:
Կոմիտաս վարդապետն ինքն իր կողմից 1916 թ. կատարած թերեւս վերջին՝ «Ազգին Վիճակը» վերտառությամբ գրությունը, որտեղ իրեն հատուկ անկեղծությամբ եւ ամբողջությամբ պարզ մտքով ներկայացնում է 1915-ից հետո տիրող հայության վիճակը, ավարտում է «Սիրտս Փլած է» բառերով։ Այո՛, նրա սիրտն էր փլած, ոչ թե հոգին կամ միտքը։ Ինպես նշում է Գարագաշյանը, հավատում ենք, համոզված ենք, որ Կոմիտասը հոգեցնցվել էր Մեծ եղեռնի իր ականատեսությունից, որն այսօր մասնագետները բնական արդյունքն են համարում այդ անբնական իրադարձությունների։
Եվ առհասարակ ինչպե՞ս կարող էր խելագարվել հոգու այդ միջնաբերդը, այո՛, նա խռոված էր աշխարհից, բայց ոչ երբեք խելագարված։
Պատրաստեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031