Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հետ կկանչի՞ հարկային օրենսգրքի նախագիծը

Հունիս 07,2016 17:06

Հարկային նոր օրենսգրքի նախագիծը երկու տարբեր օրինակներով այս օրերին դրվել է քննարկման, ընդ որում՝ միաժամանակ բարձրագույն երկու օղակներում՝ կառավարությունում եւ ԱԺ-ում:

Այս օրերին երկրի օրենսդիր եւ գործադիր մարմիններում միեւնույն ժամանակ քննարկումներ են տեղի ունենում նույն նախագծի շուրջ: Այս իրողությունն առնվազն անհասկանալի է, նոնսենս: Բանն այն է, որ կառավարության կողմից հավանության արժանացած նոր օրենքի նախագիծն իրականում այն չէ, որն ուղարկվել է խորհրդարան: Այս մասին օրերս վարչապետին տեղեկացրել են մասնավոր հատվածի, այդ թվում՝ ՓՄՁ ներկայացուցիչները, որոնց ձեռամբ հարկային խորհրդում մինչ այդ հաստատվել էր բոլորովին այլ նախագիծ: Վարչապետին ուղղված իրենց մտահոգությունները, տարակուսանքը եւ մտորումները խորհրդի անդամները ձեւակերպել են գրավոր:

Փորձագետները համոզված են, որ եթե աղմուկ չբարձրացնեն, եւ եթե վարչապետն անձամբ քայլեր չձեռնարկի, ապա խորհրդարանական ուժերը, սովորականի պես, մի սեղմումով կհաստատեն Հարկային օրենսգրքի մի փաթեթ, որում «թաքուն լրամշակումով» տեղ գտած բովանդակային մի շարք փոփոխություններ, հասարակական ընդվզումների նոր ալիք կբարձրացնեն: Նրանք հիմնավորել են` ՊԵԿ-ն, ըստ էության, շրջանառության մեջ է դրել ոչ թե իրենց ու գերատեսչությունների հետ նախնական շրջանում համաձայնեցրած նախագիծը, այլ մի բան, որը ոտնահարում է մի շարք տնտեսվարողների շահերը: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների եւ մասնավոր հատվածի մասնակցությամբ ներկայացված հարցերի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում եւ դրա արդյունքները ներկայացնել կառավարություն: Բայց սա թերեւս չի բավարարել քննարկման հրավիրված կողմերին, նրանք հակված են ավելի կտրուկ քայլերի: Մասնավորաբար, վարչապետից պահանջել են խորհրդարանից հետ կանչել շրջանառվող նախագիծը: Թե ինչի կհանգի մասնավոր հատված-ՊԵԿ հեռակա լուռ բախումը՝ թերեւս մոտ ժամանակում հայտնի կդառնա: Առայժմ կանխատեսելի է մի բան, որ խնդրահարույց օրենսգրքի շուրջ թեժ պայքար է սպասվում, իսկ ՊԵԿ-ի նոր ղեկավարը ավելի շուտ կնախընտրի նախագիծն անցնի արմատական քննարկումների նոր փուլ, քան ավելորդ աղմուկ բարձրանա իր ղեկավարած կառույցի շուրջ:

Ի դեպ, երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում կայացած քննարկումներում եւս նշյալ նախագիծը գործարար հատվածը ներկայացնող պատգամավորների դժգոհությունն է առաջացրել: «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարել է. «Սա այս տեսքով ես չեմ քվեարկելու, «դեմ» եմ քվեարկելու, ոչ մեկը թող ոչ նեղանա, ոչ էլ: Այս նախագծի նպատակը Հայաստանում բիզնեսը վերացնելն է, եւ մենք համաձայն ենք դրան, եթե քվեարկենք:

Այսօր ամբողջ բյուջեն դրած ա բիզնեսի հարկերի վրա: Թողնենք հիմա, ամառվա ընթացքում քննարկենք մասնագետների հետ, հետո աշունն ընդհանուր հայտարարի գանք, նորմալ օրենսգիրք կընդունենք: Ի՞նչ ա նշանակում՝ միջազգային կազմակերպությունները մեզ ստիպում են, ջայնամ չեն ստիպում: Էլ տեղ չկա. ես բիզնեսի մեջ եմ, երբ որ մի քանի տարի առաջ ես ասում էի` հետ ենք գնում, ոչ մեկը բանի տեղ չէր դնում: Եթե տենց ա լինելու, ես առաջարկելու եմ հետաձգենք մինչեւ 2021 թվականը՝ վարկերը փակենք, մեր երկրից գնանք»: Գարեգին Նուշիկյանն էլ է կիսում գործընկերոջ կարծիքը. «Այս նախագիծը սահմանափակում է բիզնեսը»: ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանն էլ հավելում է. «Արտադրողի նկատմամբ բռնություն է կիրառվում»: Պատգամավորներն, ընդհանուր առմամբ, դեմ են, որ միջազգային կառույցների պարտադրանքի ներքո շապողական վերաբերմունք ցուցաբերվի նման կարեւոր օրենքի նկատմամբ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

07.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930