Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաբլուրում ՊՊԾ աշխատակիցները ստել են. ՊՆ-ից ու կառավարությունից Aravot.am-ին պարզաբանումներ են տվել, թե ինչու են լրագրողներին հրելով հեռացրել

Ապրիլ 01,2024 17:54

Այս տարի սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի օրը վարչապետ Փաշինյանի այցը Եռաբլուր կրկին միջադեպով ուղեկցվեց:

Նրա այցից առաջ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ ներկայացած անձինք ոստիկանների հետ տարածքից հրելով հեռացրեցին բոլոր լրագրողներին ու օպերատորներին: Պատճառաբանությունը հետեւյալն էր՝ դուք հավատարմագրված չեք լուսաբանելու այս միջոցառումը: Երբ լրագրողները հորդորեցին ներկայացնել, թե ո՞րն է հավատարմագրված լրագրողների ցուցակը, ՊՊԾ աշխատակիցներն արձագանքեցին հրելով, թե՝ «ճանապարհը բացեք»: Որ անկյուն ու փողոցի որ հատված գնում էին լրագրողները՝ կադրեր անելու, գոնե հեռվից վարչապետի կորտեժը նկարելու ու այցը լուսաբանելու համար, ոստիկանները այդ հատվածը համարում էին իրենց ծառայության գոտի ու արգելում նկարահանել:

Այս առնչությամբ Aravot.am-ը գրավոր հարցում էր արել ՀՀ կառավարությանը եւ ՊՆ-ին՝ փորձելով տեղեկանալ, թե՝

1. Ե՞րբ է հայտարարվել Եռաբլուրում միջոցառման լուսաբանման հավատարմագրման մասին ու ի՞նչ ժամկետ է սահմանվել:

2. Քանի՞ լրագրող կամ լրատվամիջոց է հավատարմագրվել վարչապետի այցը Եռաբլուր լուսաբանելու համար:

3. Ո՞րն է հավատարմագրված լրագրողների ցուցակը, որից դուրս էին դնում Եռաբլուրում գտնվող լրագրողներին:

4. Ինչո՞ւ է այդ օրը խոչընդոտվել լրատվամիջոցների գործունեության իրականացումը Եռաբլուրում:

Կառավարությունից տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը պատասխանել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին: Որեւէ հարցազրույց նախատեսված չի եղել, միջոցառումը եղել է արարողակարգային, ուստի լրատվամիջոցներն իրազեկված չեն եղել «Եռաբլուր» այցի մասին: Այցը վարչապետի աշխատակազմի կողմից լուսաբանվել է, հաղորդագրությունը, տեսանյութն ու լուսանկարները հասանելի են եղել բոլոր լրատվամիջոցներին»:

Իսկ Պաշտպանության նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ 5 օր անց նախ 30-օրյա լրացուցիչ ժամկետ ուզեցին՝ այս մի քանի պարզ հարցերի պատասխանը տալու համար, այնուհետեւ գրեցին, որ «նախարարությունը այդ օրը արարողակարգային միջոցառման լուսաբանման համար լրատվամիջոցների հավատարմագրում չի իրականացրել»: Երկու լրատվամիջոց նույնիսկ ՊՆ-ին նախապես դիմել էր՝ Եռաբլուրում լուսաբանման թույլտվություն ստանալու համար: Ըստ ՊՆ-ից ստացած պատասխանի, լրատվամիջոցին առաջարկվել է աշխատանքները կազմակերպել արարողակարգային միջոցառման ավարտից հետո ու գրել են. «Տեղեկացնում ենք նաեւ, որ արարողակարգային միջոցառման ավարտից հետո լրատվամիջոցները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրականացրել են լուսաբանման աշխատանքներ»:

Մեզ հետ զրույցում 24news.am-ի լրագրող Մերի Մանուկյանը, որը նախապես դիմել էր ՊՆ-ին՝ թույլտվություն ստանալու համար, ասաց, որ այդ օրը արարողակարգային միջոցառման ժամանակ իրենց նույնիսկ թույլ չի տրվել Եռաբլուրի տարածքից դուրս՝ ճանապարհի վրայից կադրեր անել, լուսաբանել օրվա ընթացքը. «Մենք չենք խանգարել արարողակարգային միջոցառման իրականացմանը: Մենք մեր մասնագիտական գործունեությունն ենք փորձել իրականացնել՝ լուսաբանել վարչապետի այցը Եռաբլուր, բայց արարողակարգային միջոցառումներին չենք մասնակցել ու չենք խանգարել»:

Նշենք, որ նախկինում երբեւէ նման արգելքներ չեն դրվել լրագրողների համար, մշտապես լրագրողները լուսաբանել են թե՛ Սպարապետի, թե՛ մեր զոհված հերոսների հետ կապված միջոցառումները՝ առանց որեւէ խոչընդոտի, հարցազրույցներ արել Եռաբլուր այցելած պաշտոնյաների հետ, ուղիղ եթերով հեռարձակել են դրանք: Իսկ «ժողովրդավարության բաստիոնում», փաստորեն ստելով, թե հավատարմագրում պիտի անցնեիք, լրագրողներին հրելով հանեցին տարածքից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930