Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ծննդատանը 10 օր առաջ լույս աշխարհ եկած երկվորյակ տղաներից մեկին ծնողներն անվանեցին Գեւորգ՝ ի հիշատակ Թալիշում նահատակված 20-ամյա Գեւորգ Վարդանյանի:
Երեխաների հայրը՝ Սպարտակ Մկրտչյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Գեւորգ Վարդանյանի հայրն ու հարազատները կոնյակով գնացել են ծննդատուն՝ երեխաներին տեսության: Մի քանի օր առաջ էլ ծաղկեփնջով, նվերներով այցելել են իրենց տուն: «Շատ հուզիչ պահ էր, ես իրենց ասացի՝ մի քիչ մեծանա երեխան, երբ ուզում եք եկեք, տարեք, ինչքան պետք է թող ձեր մոտ մնա, հետո կբերեք: Ինչքան որ իմ բալիկն է, այնքան էլ իրենցն է: Ես երախտապարտ եմ Գեւորգի ծնողներին. Գեւորգն իր կյանքով փրկեց իր 6 բալիկների կյանքը: Փառք, պատիվ մեր հերոսներին, փառք մեր Գեւորգին, երանի բոլոր հայորդիները Գեւորգ լինեն»,-ասաց Սպարտակ Մկրտչյանը:

Բազմազավակ հայրը՝ Սպարտակ Մկրտչյանը, զգացված է նաեւ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի վերաբերմունքից, որը իր երեխաների ծնվելուց անմիջապես հետո մարզպետարանի մեծ թվով աշխատակիցների՝ իր տեղակալների, վարչության պետերի հետ շտապել է ծննդատուն՝ աչքալուսանքի: Ըստ նրա, իր բալիկներին տեսության են գնացել ԵԿՄ-ականները, որոնք մեդալ են հանձնել իրենց, արջուկ նվիրել տղաներին: Անարձագանք չեն թողել նաեւ իշխող կուսակցության տեղի ներկայացուցիչները, որոնք եւս նվերներով շտապել են ծննդատուն:
Կարդացեք նաև

Ինձ ճանաչողները գիտեն՝ ես լացկան չեմ, հպարտ մարդ եմ, Փառք Աստծո, ապրում ենք, ուղղակի մի թեթեւ հնարավորություն լինի, կաշխատեմ, բալիկներիս անհոգ մանկությունը կապահովեմ: Դուք ինձանից էլ լավ գիտեք, որ Գյումրիում հեչ հնարավորություն չկա աշխատանք գտնելու: Ուզում էի Երեւան տեղափոխվել, բայց 6 երեխաների հետ շատ դժվար է: Ես չեմ ասում օգնություն տան ինձ, ես ինձանից կամաչեմ, եթե նման բան մտածեմ, մի փոքր հնարավորություն ստեղծեն, ես պատրաստ եմ իմ քրտինքով աշխատել, վաստակել…», -խնդրում է բազմազավակ հայրը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































