Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը հագեցած կլինի նաև բացօթյա կինոդիտումներով և համերգային ծրագրերով

Հունիս 17,2016 16:45

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը համատեղ մամուլի ասուլիսում ներկայացրել են արդեն 13-րդ անգամ անցկացվող երևանյան կինոփառատոնի ծրագիրը, ինչպես նաև քաղաքապետարանի հետ համագործակցությամբ նախատեսված միջոցառումները: Այս տարի «Ոսկե ծիրան»-ը կանցկացվի հուլիսի 10-17-ը և կնվիրվի ՀՀ Անկախության 25-ամյակին:

Կինոփառատոնի շրջանականում արդեն ավանդաբար կկազմակերպվեն ֆիլմերի, ինչպես նաև փակման հանդիսավոր արարողության բացօթյա ցուցադրություններ՝ Կարապի լճի տարածքում տեղադրված էկրանին: Ծրագրի ընթացքին և օրակարգին երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կկարողանան ծանոթանալ Երևանի տարբեր հատվածներում տեղադրված տեսաէկրաններից:

«Տարվա խոշորագույն մշակութային իրադարձությունից անմասն չէ նաև Երևանի քաղաքապետարանն՝ իր օժանդակությամբ, առանձին ծրագրերով և միջոցառումներով: Այդ օրերին Երևանում հյուրընկալվում են բազմաթիվ հեղինակավոր կինոգործիչներ, ովքեր կծանոթանան նաև մեր երեքհազարամյա քաղաքի մշակութային անցյալին ու ներկային: Հաշվի առնելով մայրաքաղաքի համար միջազգային կինոփառատոնի նշանակությունը՝ Երևանի քաղաքապետարանի կողմից փառատոնի անցկացման համար նախատեսված բյուջեն պահպանվել է, չնայած հանգամանքին, որ, սահմանագծում ապրիլյան դեպքերով պայմանավորված, մշակութային մի շարք միջոցառումների համար նախատեսված միջոցները կրճատվել են»,-ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Կինոփառատոնի բոլոր օրերին Ազնավուրի անվան հրապարակում կհնչի երևանյան ջազ՝ անվանի ջազ գործիչների և ջազ բենդերի մասնակցությամբ: Այս տարի Ազատության հրապարակում կտեղակայվի շարժական կինոավտոմոբիլ, որով պարբերաբար կցուցադրվեն ամենատարբեր ժանրերի ֆիլմեր:

««Ոսկե ծիրան»ը մեծ և սպասված իրադարձություն է Երևանի համար և կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի մշակութային կյանքում: Այս տարի հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու անկախ Հայաստանում ստեղծված ֆիլմերին: Հայկական կինոյում դեռ շատ անելիքներ կան և նպատակ՝ Երևանը դարձնել տարածաշրջանային մշակութային կենտրոն, ինչին ուղղված է նաև կինոփառատոնի անցկացումը:  Փառատոնում ընդգրկված են մի շարք ծրագրեր, որոնք չեն կարող իրականություն դառնալ առանց համապատասխան աջակցության: Այս առումով մշտական աջակցության համար առանձնահատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ Երևանի քաղաքապետին: Քաղաքապետարանը մշտապես մեր կողքին է և շատ հարցեր իրենց լուծումներն են ստանում հենց քաղաքապետարանի աջակցության շնորհիվ»,- նշել է Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրում ընդգրկված են նաև մի շարք երկրների արտադրության նոր ֆիլմեր, որոնք երբևէ չեն ցուցադրվել Երևանում: Կլինեն նաև մի շարք հայտնի փառատոների մրցութային ֆիլմերի ցուցադրություններ: Կկազմակերպվեն ֆրանսիական, լեհական, գերմանական ֆիլմերի օրեր:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ Աստղերի պուրակում, կտեղադրվի ևս 3 հայ անվանի կինոգործիչների աստղ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930