Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ արժե Ադրբեջանում զինվորի կյանքը

Հուլիս 07,2016 18:30

Ալիեւի ժլատ փոխհատուցումն ու ադրբեջանցիների լռությունը՝
մի քանի կոպեկի դիմաց

Իհարկե, մարդու կյանքը, առավել եւս՝ հայրենիքին ծառայող զինվորի կյանքն անգին է, բայց կախված նրանից, թե որքան փոխհատուցում է տրվում զոհված զինվորի ընտանիքներին՝ երեւում է պետության մոտեցումը, թե որքան ես դու գնահատում քո զինվորի կյանքը՝ կախված պետբյուջեի հնարավորությունից:

Ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, այդպես էլ քառօրյա պատերազմի ժամանակ իրական կորուստները փորձեց խնամքով թաքցնել, ցույց չտալ, որ մեծ քանակի զոհեր ունեն:

Երբ թուրքագետ, ադրբեջանագետ եւ razm.info կայքի փորձագետ Տարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է հնարավոր այդքան զոհերը թաքցնել, բա զոհված զինծառայողների հարազատները, ծնողները չե՞ն բողոքում, աղմուկ չե՞ն բարձրացնում, նա ասաց, որ ադրբեջանցիները բավականին զգույշ են ինֆորմացիա տալու առումով, շատ զուսպ են ու վախենում են իրենց զոհերի մասին ասել. «Զոհվածների մեջ շատ են հատուկջոկատայինները: Իրենց հարազատներն էլ շատ պատրաստված են: Իրենք նաեւ կորցնելու բան ունեն՝ թոշակների հարց կա, պետության կողմից վճարվող գումարների հարց կա, դրա համար լուռ են մնում, երբ հարազատին կորցնում են»:

adrbejanci-diakner
Մենք հետաքրքրվեցինք՝ շա՞տ բարձր փոխհատուցումներ են այնտեղ տալիս զոհված զինծառայողի համար, որ ձայն չեն հանում, Տարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ադրբեջանի զինծառայողների կյանքի ապահովագրության գումարը, այն է՝ զինծառայողի մահվանից հետո վերջինիս ընտանիքին հատկացվող միանվագ նպաստը 2013-ի օգոստոսից սահմանվել է 11 հազար մանաթ: Այդ ժամանակ դոլարային փոխարժեքով դա կազմում էր շուրջ 14 հազար ԱՄՆ դոլար: 2015-ի փետրվարից մինչեւ դեկտեմբեր դոլարային փոխարժեքով նույն գումարը կազմում էր արդեն 10-11 հազար ԱՄՆ դոլար: Իսկ 2015-ի դեկտեմբերին մանաթի արժեզրկումից հետո 11 հազար մանաթը 2016-ի հուլիսի փոխարժեքով կազմում է շուրջ 7 հազար դոլար, ավելի կոնկրետ՝ 7100 դոլար»:

Չնայած Ադրբեջանի բյուջեն անհամեմատելի է ՀՀ-ի բյուջեի հետ, այնուամենայնիվ, մեր երկրում զոհված զինվորի ընտանիքներին տրվող նպաստը ավելի մեծ է:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը քառօրյա պատերազմից հետո ասաց, որ զոհված զինծառայողների ընտանիքներին տալիս են ընդհանուր առմամբ մոտ 4 մլն դրամի նպաստ: Դա ավելի քան 8 հազար դոլար է: Զոհվածների ընտանիքներին միանվագ ապահովագրական գումարը տրամադրվում է 2 մլն դրամի չափով, 1 մլն 400 հազար դրամի չափով տրամադրվում է հուղարկավորության կատարման եւ եւս 700 հազար դրամ՝ գերեզմանների բարեկարգման համար: Կենսաթոշակներ են նշանակվում ամսական չափով՝ պայմանավորված նրանով՝ զինծառայողը սպայակա՞ն կազմի է, թե՞ շարքային: Նաեւ գործում է պարգեւավճարի ինստիտուտը, որն ի լրումն կենսաթոշակների՝ ընտանիքներին է տրամադրվում միասնական եւ ընտանիքի առանձին անդամներին՝ առանձին չափերով, որոնք տարբերակված են՝ երեխաների համար, ընտանիքի այլ անդամների համար:

Տարոն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ հորդորում են այս գումարները բարձրացնել, բայց դեռեւս նման որոշում չի կայացվել. «2016-ի հունվարին Ադրբեջանի նախագահը ստորագրել էր զինծառայողներին հատկացվող թոշակները 10 տոկոս ավելացնելու հրամանագիր, բայց օրենքն ուժի մեջ չի մտել, մի քանի անգամ քննարկվել է Ադրբեջանի խորհրդարանում: Ամեն դեպքում, անգամ 10 տոկոսով բարձրանալու դեպքում մանաթի գնողունակության անկման հետ կապված այդ գումարը դոլարային համարժեքով 2013-ին հաստատված չափից շուրջ 1,5 անգամ պակաս կլինի»:

Ադրբեջանում զինվորական պարտականություններն իրականացնելիս 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողների թոշակը կազմում է օրենքով սահմանված միանվագ գումարի (11 հազար մանաթ) 80 տոկոսը, այսինքն՝ 8800 մանաթ: 2-րդ խմբի հաշմանդամներինը՝ 60 տոկոսը՝ 6600 մանաթ, 3-րդ խմբի հաշմանդամներին՝ 40 տոկոսը՝ 4400 մանաթ: Գումարն էլ հատկացնում են 3 տարվա ընթացքում:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

06.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031