«Բրեժնեւը, որ կարդում էր, մի տող բաց էր թողնում: Իմ մոտ էլ էր….»,- «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների ներկայացուցչական հավաքին այսօր Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսպես արդարացրեց իր տեքստը կարդալիս տողերը շփոթելը:
Նա խոսեց քառօրյա պատերազմի, 21-րդ դարի մարտահրավերների մասին՝ ասելով. «Մենք չենք կարող անտարբեր մնալ, հանգիստ նստել եւ սպասել, թե ինչ տեղի կունենա եւ ինչ է սպասվում մեզ»:

Նա ասաց, որ բանակաշինության մեջ լուրջ տեղ է զբաղեցնում կոռուպցիան, որը հայտնի դարձավ հատկապես ապրիլյան պատերազմից հետո. «Իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսեւորեն արատավոր այս երեւույթները բացառելու համար»:
Կարդացեք նաև
Նա ցուցանիշներ ներկայացրեց, թե ինչքան խորն է արտագաղթը մեր երկրում: Նա ասաց, որ Հայաստանի հզորացման գործում պետք է սփյուռքն էլ ակտիվանա, գործարար միջավայրը սփյուռքի:

Արա Աբրահամյանը նաեւ այսպիսի առաջարկ արեց՝ մի համաժողով-քննարկում էլ կազմակերպել Արցախյան հարցի շուրջ. «Պետք է ՀՀ եւ Արցախի անվտանգության հարցերով զբաղվենք, համազգային համախմբում անենք: Պետք է ցույց տանք, որ դա ոչ միայն հայաստանցիների, այլեւ միլիոնավոր սփյուռքի խնդիրն է»:

Նա հորդորեց բարի երթ մաղթել իրենց շարժմանը եւ ելույթի վերջում ասաց. «Հեռավոր տեղից եմ եկել՝ Ամերիկայից, ուստի այնքան լավ չեմ զգում: Քանի որ այսօր կազմակերպվել էր ժողովը, ես ելույթ պետք է ունենայի, բավականին երկար ելույթ էր, հոգնեցի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































