Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգի Գերասիմչուկ. Հայաստանի իշխանություններն իրենց համար ոչ այնքան ձեռնտու իրավիճակում են հայտնվել. «168 ժամ»

Հուլիս 12,2016 11:55

Վարշավայում օրերս ավարտվեց ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, որի շրջանակներում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտոնյաները հայտարարեցին աշխարհի համար անկյունաքարային նշանակություն ունեցող որոշումների մասին։ Գագաթաժողովի արդյունքների շուրջ «168 ժամը» զրուցել է Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկի հետ:

– ՆԱՏՕ-ն, ինչպես պնդում եք, բացում է նոր քաղաքականություն Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Հետաքրքիր է, թե սա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ռուսական ռազմական բազա ունի, ՆԱՏՕ-ի հետ ևս ունի լավ հարաբերություններ։ Այս նոր քաղաքականության շրջանակում ի՞նչ հեռանկար ունի Հայաստանը։

– Հայաստանի իշխանություններն իրենց համար ոչ այնքան ձեռնտու իրավիճակում են հայտնվել, քանի որ ՆԱՏՕ-ն մի կողմից խոսում է այն մասին, որ սպառնալիք չէ Ռուսաստանի համար և պատրաստ է այդ երկրի հետ երկխոսությանը, երբ դրան Ռուսաստանը պատրաստ լինի, մյուս կողմից Ռուսաստանը բավական նյարդային է ընդունում ՆԱՏՕ-ի ընդլայնումը, և չեմ բացառում, որ ՌԴ-ն ճնշելու է իր գործընկերներին, որպեսզի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները նվազագույնի հասցվեն կամ ընդհանրապես դադարեցվեն։

Պետք է անկեղծ խոսենք, մտնում ենք նոր Սառը պատերազմի պարադիգմ, երկու աթոռի վրա նստել քչերին է հաջողվել։ Իհարկե, եղել է չմիացած երկրների շարժում, բայց մյուս կողմից, ինձ թվում է, որ հնարավոր է՝ նաև լինեն նման երկրներ, այնինչ Հայաստանը նման երկրների շարքին չի դասվում, քանի որ Հայաստանը նշվում է որպես ՌԴ-ի գործընկեր, և դա կարող է իր դերակատարությունն ունենալ։ Երկու աթոռի վրա նստելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կավարտվի, և Ռուսաստանի աջակցության վրա հույս դնել հնարավոր չի լինի։

– Հայաստանում կա կարծիք, որ այս քաղաքականության կոնտեքստում Հայաստանին լավ հնարավորություն է ընձեռվել «հեռանալ» Ռուսաստանից։ Հայաստանը նման հնարավորություն, ըստ Ձեզ, ներկայումս ունի՞։

– Հետաքրքիր հարց է։ Մեծ հաշվով, չեմ բացառում, որ նման հնարավորություն Հայաստանն ունի, բայց դրա համար գոնե պետք կլինի անցում կատարել ավելի չեզոք դիրքերի։ Իր մի շարք քայլերով, այդ թվում՝ ՄԱԿ ԳԱ-ում իր քվեարկությամբ, Հայաստանն իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանին։ Եթե կա նման նպատակ, առաջին հերթին պետք է աշխատել երկրի իմիջի վրա, որն ընդունում է որոշումներն ինքնիշխան կերպով, իսկ դրանից հետո կարելի է խոսել Արևմուտքի հետ նոր հարաբերությունների մասին, այսինքն՝ Հայաստանը պետք է ցույց տա, որ հենց Երևանն է կայացնում իր որոշումները։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031