Առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Աբրահամյաններ» խորագրով ցուցահանդես: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բացված ցուցահանդեսի նախաձեռնության հեղինակը Հայ նկարիչների կենտրոնի նախագահ Խաչիկ Աբրահամյանն է: Հենց նա էլ գտել ու մի ցուցադրության շուրջ է միավորել Աբրահամյան ազգանունը կրող 15 հայ արվեստագետի. ՀԽՍՀ և ՀՀ վաստակավոր նկարչներից մինչև երիտասարդ, բայց արդեն կերպարվեստում համարձակ քայլեր անող գեղանկարիչ ու քանդակագործ:


ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի խոսքով՝ Աբրահամյան արվեստագետներն իրականում ավելի շատ են, քան ներկայացված են այս ցուցադրության մեջ։ «Հսկայական պատասխանատվություն է ներկայանալ մեծ վաստակ ունեցող հեղինակների հետ, որոնք իմ ուսուցիչներն են եղել և ցավոք այլևս մեզ հետ չեն: Երբ ամիսներ առաջ Խաչիկ Աբրահամյանն ինձ ասաց այս նախաձեռնության մասին, առանց վարանելու համաձայնեցի մասնակցել, չէ որ սա հրաշալի նախաձեռնություն է, որը վկայում է, թե Աբրահամյան ազգանունը կրող որքան տաղանդավոր արվեստագետներ կան: Փորձել եմ ներկայացնել իմ ստեղծագործության մասին ընդգրկուն պատկերացում տվող աշխատանքներ: Այստեղ ցուցադրվում է 9 կտավ, որոնք ստեղծվել են տարբեր տարիներին, կան նաև աշխատանքներ, որոնք նկարել եմ բոլորովին վերջերս և առաջին անգամ եմ ներկայացնում»,- անկեղծանում է 75-ամյա նկարիչը։
Հայ նկարիչների կենտրոնի նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տպագրվել է «Աբրահամյաններ» կատալոգը, որտեղ ընդգրկվել են ցուցահանդեսում ներկայացված հեղինակների աշխատանքները:
Նառա ԵՓՐԵՄՅԱՆ



















































