Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ուզում ենք այն երկիրը, որի մասին երազում ենք, սա սպրինտ չի». Լարիսա Ալավերդյան

Հուլիս 19,2016 18:52

Այսօր «Հոդված 3» ակումբում քաղաքական եւ հասարակական գործիչները քննարկեցին Հիմնադիր խորհրդարանի զինված խմբի հարձակման հետեւանքները:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ ինքը լուծում է առաջարկում ստեղծված իրավիճակի՝ իշխանությունները պետք է գնան լուրջ զիջումների, ընդհուպ մինչեւ համաներում, բացի ոստիկանի սպանության օբյեկտիվ քննությունը: Պետք է գնալ զիջումների, որ արյունահեղություն չլինի: Պետք է լինի բաց քննություն:

Ըստ նրա, մինչեւ ապրիլյան պատերազմը մարդկանց պահում էր այն, որ Ղարաբաղի հարց ունենք, իսկ ապրիլյան պատերազմից հետո պարզվեց, որ իշխանությունները իրենց հույսը դրել են մարդկանց հերոսության վրա ու բանակը չեն զինել:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ «Զինված խումբը մտնում է բանակցությունների մեջ, պատանդների են թողել, խոսում է դրական բանի մասին: Բայց իշխանությունները հստակ ասել են, որ իրենք չեն գնալու պահանջներին: Ցավոք, պահանջներն անուղղակի քաղաքական են: Սերժ Սարգսյանի հրաժարականը կես բերան ասվեց: Հիմնական շեշտը դրվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ քաղբանտարկյալների վրա: Եթե խնդիրը եղել է արթնացնել, դա դատական գործընթաց է: Դատարանն էլ է պայքարի ձեւ: Եթե մենք ասում ենք՝ չենք զիջելու, դա խոսում է արյան մասին: Որ արյունահեղություն չլինի, ես հույս ունեմ տղաների խելամտության վրա: Սադրիչ է հայտարարությունը, որ մինչեւ վերջին փամփուշտը կդիմադրենք: Վերջին փամփուշտի տեղը սահմանն  է, այդ բառապաշարը այն տեղը չէ ներսում խնդիրներ լուծելու»:

Larisa_Alaverdyan

Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը գտնում է, որ զինված խմբի անդամները, եթե հանձնվեն, գիտեն, թե իրենց ինչ օրը կգցեն: Ուստի նա ասաց, որ ոստիկաները պետք է նախ զսպված լինեն:

Ara_Papyan

Լարիսա Ալավերդյանն ասաց. «Երբ լեգիտիմացնում են ծեծը՝ որպես միջամտություն, մեզ վարժեցնում են: Եկեք գնանք ոստիկանապետի մոտ մի խմբով եւ պահանջենք, որ վերջ դրվի դա, դատապարտվեն նրանք, ովքեր ծեծում են անմեղ քաղաքացիների: Գնանք ստիպենք»:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքերով՝ «Հանրությունը պետք է ազդեցություն ունենա, որ բոլորը հրաժարվեն արյուն թափելուց:

Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ միակ ելքը հասարակության կողմից ակտիվ մասնակցությունն է. «Որեւիցե խնդիր, որի համար հասարակությունը պայքարել է, լուծվե՞լ է: Խոսում են «էլեկտրիկ Երեւանի» հաղթանակի մասին: Ինձ հարցրեք՝ 3 երեխաների հայր եմ, որը պետք է ջեռուցի տունը, 3 աղջիկ մեծացնի,ես ո՞նց կարող եմ 250 կՎՏ-ով բավարարվեմ»:

Armen_Martirosyan

Լարիսա Ալավերդյանն ասաց, որ կա օպերատիվ իրավիճակ, որը պետք է լուծվի. «Եթե ուզում ենք այն երկիրը, որի մասին երազում ենք, սա սպրինտ չի, մի անգամով չի: Չեմ ասում սա, որ իշխանության բերանում լեզու դնենք, այլ որ հասարակությունը ունակություններ ձեռք բերի: Երկարատեւ պայքար է մեզ սպասվում, պետք չի ցրենք: Էլեկտրիկ Երեւանը եւ մյուսները վարժեցնում են, մկան են գցում: Եթե նայում ենք ամենահեղափոխական երկրներին, տեսեք քանի անգամ է դա տեղի ունեցել: Ուժի կիրառումը, զենքի օգտագործումը, եթե հաղթանակով չի ավարտվել, լեգալ չի, օրինական չի, օրենքից դուրս է համարվելու: Այն ժամանակ է ստանալու լեգիտիմություն, երբ հաղթում է: Այն, ինչը միանգամից չի ստացվում, մի ընդունեք որպես պարտություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031