Հայաստանն առաջին անգամ մասնակցեց PISA միջազգային հետազոտությանը, և հենց առաջին փորձն անհարմար թիվ տվեց. մեր տասնհինգամյաների ընդամենը 19 տոկոսն է հասնում ընթերցանության գրագիտության բազային՝ երկրորդ մակարդակին։ ՏՀԶԿ երկրներում այդ ցուցանիշը 67 տոկոս է։ Այսինքն՝ մեր դեռահասներից չորսը հինգից չեն կարողանում վստահորեն ընկալել միջին երկարության տեքստ, առանձնացնել հիմնական միտքը, փաստը տարբերել կարծիքից։
Մաթեմատիկայից և բնագիտությունից բազային մակարդակին հասնում է 28 տոկոսը՝ ՏՀԶԿ-ի 65 և 74 տոկոսի դիմաց։ Բարձրագույն մակարդակներին մաթեմատիկայից հասել է աշակերտների մոտ 1 տոկոսը, բնագիտությունից և ընթերցանությունից՝ գրեթե ոչ ոք։ Մենք զիջում ենք Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Ղազախստանին, Ուզբեկստանին, Մոլդովային, Ռումինիային. հետխորհրդային երկրներից առաջ ենք միայն Ղրղզստանից։
Ամենացածր արդյունքը հենց ընթերցանությունից է։ Դրանից էլ արժե սկսել, որովհետև ընթերցանությունը առարկաներից մեկը չէ, այլ այն գործիքը, որով յուրացվում են մնացած բոլորը։ Դեռահասը, որը չի հասկանում խնդրի պայմանը, այն չի լուծի, որքան էլ լավ իմանա բանաձևերը։
Երեք հարմար արդարացում
«Ամբողջ աշխարհում այդպես է»։ Մասամբ ճիշտ է. արդյունքներն ընկնում են գրեթե ամենուր։ Բայց սա ֆոն է, ոչ թե արդարացում։ Հարևաններն ապրում են նույն աշխարհում՝ նույն սմարթֆոններով և հետևում թողած նույն համավարակով։ Վրաստանում ընթերցանության բազային մակարդակին հասնում է դեռահասների 39 տոկոսը, Ղազախստանում՝ 36, Ադրբեջանում՝ 35։
Կարդացեք նաև
«Երեխաները չեն ջանացել, թեստը ոչնչի վրա չէր ազդում»։ Հարևանները գրել են ճիշտ նույն՝ ոչնչի վրա չազդող թեստը։ Իսկ առանց արտաքին մտրակի մոբիլիզացվելու անկարողությունը չափման սխալ չէ, այլ հենց այն խնդրի մասը, որի մասին խոսում ենք։
«Այս երեխաները սովորել են հին չափորոշիչով»։ Նախարարությունն արդարացիորեն այս տվյալներն անվանում է ելակետ։ Սակայն չափորոշիչը փաստաթուղթ է, իսկ փաստաթղթերն ամենաարագն են փոխվում։ Ամենադանդաղը փոխվում է այն, ինչ կատարվում է դասարանում, ընտանիքում և դեռահասի գլխում։
«Ախր նա կարդալ գիտի»
Ծնողը հաճախ տարակուսում է. երեխան կարդում է սահուն, առանց կմկմալու, ինչպե՞ս կարող է չհասկանալ կարդացածը։ Հակասություն չկա։ Ընթերցանությունը մեկ հմտություն չէ, այլ ճանաչման մակարդակների համալիր, և սահունությունը ծածկում է միայն ստորին աստիճանը։
Տառ և վանկ։ Նշանի վերածումը հնչյունի։ Հայերենի թափանցիկ գրության պայմաններում սա յուրացվում է արագ՝ առաջին տարում։
Բառ։ Այստեղ սկսվում է իմաստը։ Բառերի մեծ մասը բազմիմաստ է, և ճիշտ իմաստն ընտրվում է ըստ համատեքստի։ «Սեր»-ը և՛ զգացմունքն է, և՛ կաթի վրայինը. «հոտ»-ը և՛ բույրն է, և՛ ոչխարներինը։
Բառակապակցություն։ Դարձվածքներ և փոխաբերություններ, որոնց իմաստը բաղադրիչներից չի գումարվում։
Նախադասություն։ Հա՞րց է, թե՞ հաստատում. կա՞ ժխտում, այդ թվում՝ քողարկված («հազիվ թե»). ո՞վ է գործողություն կատարողը։
Պարբերություն և ամբողջ տեքստ։ Տրամաբանական կապեր, ենթատեքստ, հեգնանք, սարկազմ, ժանր, հեղինակի նպատակ, փաստի և կարծիքի տարբերություն։
Ընթերցանության գիտությունը նույնն է նկարագրում այլ բառերով։ Հոլիս Սքարբորոյի մոդելում ընթերցանությունը երկու խումբ թելերից հյուսված պարան է՝ բառերի ճանաչում և լեզվական ընկալում՝ բառապաշար, շարահյուսություն, դատողություն, ֆոնային գիտելիք։
Կարևորն այն է, որ մակարդակները խախտվում են տարբեր պատճառներով և շտկվում տարբեր կերպ։ Սահուն կարդացող, բայց հեգնանքը չնկատող երեխային տառաճանաչության վարժություններն ընդհանրապես չեն օգնի։ Նրան պետք են բառապաշար, ֆոնային գիտելիք, ժանրային փորձ և եզրահանգումներ անելու բացահայտ ուսուցում։
PISA-ի սանդղակը կառուցված է նույն տրամաբանությամբ. երկրորդ մակարդակը գլխավոր միտքը գտնելն է, հինգերորդն ու վեցերորդը՝ աբստրակտի և հակասականի հետ աշխատելը։ Այս մակարդակներում հայ աշակերտներ գրեթե չկան։ Կարծես մեր դպրոցը երեխային հասցնում է բառացի իմաստի աստիճանին և այնտեղ կանգ առնում։
Ինչպես են սովորեցնում առաջատարները
Բոլոր ուժեղ համակարգերն անցնում են երկու փուլ. նախ սովորեցնում են ապակոդավորել, ապա՝ կարդալ գիտելիք ստանալու համար։ Տարբեր են շեշտադրումները։
Անգլիան հիմնական շեշտը դնում է հնչյունատառային կապերի ուսուցման վրա՝ առաջին դասարանի վերջում պարտադիր ստուգմամբ։ Անգլերենի ուղղագրությունը խրթին է, ուստի այնտեղ այդ աստիճանը վճռական է։ Ֆինլանդիան և Էստոնիան, որտեղ գրությունը թափանցիկ է, առաջին աստիճանն անցնում են արագ և ներդրում անում ընկալման ու ընթերցանության մշակույթի մեջ՝ հզոր գրադարաններ, ընթերցանություն հաճույքի համար, խոսքի զարգացում դեռ նախադպրոցականում։ Ճապոնիայում տարածված է առավոտյան ընթերցանությունը. դասերից առաջ տասը րոպե բոլորը լուռ կարդում են իրենց ընտրած գիրքը՝ ներառյալ ուսուցիչը։ Միջոցը գրեթե ոչինչ չի արժենում, իսկ տարիների ընթացքում կուտակվող ծավալը հսկայական է։ Սինգապուրում ընկալումը սովորեցնում են ուղղակիորեն՝ որպես առանձին հմտություն։
Հայաստանի համար հետևությունը միանշանակ է. հայերենի գրությունը թափանցիկ է, և տառերի ապակոդավորումը հազիվ թե մեր գլխավոր խոցելի տեղն է։ Մեր ձախողումը վերին աստիճաններում է։ Ուրեմն սովորելու ենք ավելի շուտ Ճապոնիայից, Ֆինլանդիայից և Էստոնիայից, քան Անգլիայից։
Արագության ծուղակը
Հիմա այն մասին, ինչ չափում ենք մենք ինքներս։ Մեր դպրոցում ընթերցանության տեխնիկան ավանդաբար ստուգում են րոպեում կարդացած բառերի քանակով, իսկ ընթերցանության մրցույթներն ու օլիմպիադաները հաճախ դառնում են արագության մրցավազք։ Դա հարմար է չափել, և հենց դրանում է դժբախտությունը։
Քիթ Ռեյների և գործընկերների 2016 թվականի ակնարկը միանշանակ է. արագությունն ու ընկալումը կոշտ կապված են, և բնական տեմպը գերազանցող արագացման գինը ընկալման կորուստն է։ Նեղ օղակը աչքերը չեն, այլ լեզուն. ուղեղը չի հասցնում մշակել իմաստը։ Հասուն մարդու իրական միջին արագությունը րոպեում մոտ 240 բառ է։
Երեխային սահունություն պետք է, բայց ավտոմատացման շեմին հասնելու չափով և միաժամանակ երեք հարթությունում՝ ճշգրտություն, ավտոմատություն, արտահայտչականություն։ Վերջինը ամենահետաքրքիրն է. եթե երեխան հարցը կարդում է հարցական հնչերանգով, իսկ ժխտումը՝ ճիշտ շեշտադրմամբ, նշանակում է՝ ճանաչել է նախադասության տեսակը։ Ընկալումը դառնում է լսելի։
Արագությունը խրախուսելով՝ մենք երեխային սովորեցնում ենք չկանգ առնել, հետ չվերադառնալ և չվերընթերցել դժվար հատվածը։ Բայց հենց դա է անում բարդ տեքստի լավ ընթերցողը։ Ստացվում է պարադոքս. մենք մեդալ ենք տալիս այն հմտության համար, որը PISA-ն ընդհանրապես չի չափում, և չենք մարզում այն, որտեղ ունենք 19 տոկոս։
Մրցույթը պետք չէ չեղարկել՝ պետք է փոխել չափանիշը։ Թող լինի արտահայտիչ ընթերցանության մրցույթ, որտեղ հնչերանգով լսվում է ընկալումը։ Կամ անծանոթ տեքստի բանավոր վերլուծություն. ո՞րն է գլխավորը, ի՞նչ նկատի ուներ հեղինակը, փա՞ստ է սա, թե՞ կարծիք։ Ընթերցանության օլիմպիադան կարող է նման լինել մաթեմատիկայի օլիմպիադային, որտեղ գնահատվում է լուծումը, ոչ թե հաշվելու արագությունը։
Սա մասնավոր օրինակ է, բայց ցույց է տալիս ընդհանուր օրենքը՝ սովորեցնում են այն, ինչ ստուգում են։
Ուսուցիչը, որն ինքը չի կարդում
Սանդուղքի վերին աստիճանները հրահանգով չեն սովորեցվում. դրանք փոխանցվում են անձնական օրինակով։ Ուսուցիչը բարձրաձայն դատողություն է անում տեքստի շուրջ, ոչ ակնհայտ հարցեր տալիս, կոնկրետ երեխային կոնկրետ գիրք խորհուրդ տալիս։ Անհնար է սովորեցնել տեսնել երկրորդ իմաստը, եթե ինքդ այն չես նկատում։
Թերեզա Քրեմինի և գործընկերների բրիտանական ուսումնասիրությունը, որն ընդգրկել է տարրական դպրոցի շուրջ 1200 ուսուցիչ, ցույց տվեց, որ նրանցից շատերը շատ քիչ բան գիտեն ժամանակակից մանկական հեղինակների մասին՝ հիմնականում սեփական մանկության դասականները։ Այդպիսի ուսուցիչը չի կարող երեխայի համար ընտրել հենց նրա գիրքը, իսկ կարդալու սովորությունը սկսվում է հենց դրանից։ Էրիկ Հանուշեկի և գործընկերների աշխատանքները ցույց են տալիս, որ ուսուցիչների գրագիտության տարբերությունները բացատրում են աշակերտների արդյունքների միջազգային տարբերությունների զգալի մասը։
Ուրեմն ուսուցիչների պատրաստման հարցը միայն մեթոդիկայի և ատեստավորման մասին չէ։ Տարրական դասարանների ուսուցիչը պետք է լինի նախևառաջ ընթերցող։
Մյուս արմատները
Դասարան։ PISA-ն ստուգում է ոչ թե պարագրաֆի իմացությունը, այլ գիտելիքի կիրառումն անծանոթ իրավիճակում։ Մեր դպրոցը պատմականորեն արժևորում է վերարտադրությունը. գրատախտակի մոտ լավ պատասխանը դասագրքին մոտ վերապատմումն է։ Եթե ստուգում են վերապատմումը, աշակերտը սովորում է վերապատմել, և վարվում է ռացիոնալ։
Քննություն և կրկնուսույց։ Շատ ընտանիքներում բուհ ընդունվելու լուրջ նախապատրաստությունն ընթանում է ոչ թե դպրոցում, այլ կրկնուսույցի մոտ, որն ազնվորեն նախապատրաստում է քննության կոնկրետ ձևաչափին։ Դպրոցն աստիճանաբար դառնում է տեղ, որտեղ ներկա են գտնվում։
Ընտանիք և գիրք։ PISA-ն պատահաբար չէ, որ հարցնում է՝ քանի՞ գիրք կա տանը. բոլոր երկրներում սա արդյունքի ամենակայուն կանխագուշակիչներից է։ Ուղիղ ասեմ իմ շահագրգռվածության մասին. ես հրատարակիչ եմ, և ինձ ձեռնտու է, որ ավելի շատ կարդան։ Բայց հենց դրա համար էլ գիտեմ, թե որքան բարակ է Հայաստանում կանոնավոր մանկական ընթերցանության շերտը։ Մեր աշակերտները դպրոցում օրական 2,2 ժամ են անցկացնում թվային սարքերի հետ ուսումնական նպատակով՝ ՏՀԶԿ-ի 1,7 ժամի դիմաց, և ևս 1,4 ժամ՝ ժամանցի համար՝ հենց դպրոցում։ Գրեթե կեսը՝ 49 տոկոսը, շաբաթը գոնե մեկ անգամ օգտվում է արհեստական բանականության չաթբոտերից։ Ինքնին արհեստական բանականությունը թշնամի չէ։ Բայց եթե այն աշակերտի փոխարեն է վերապատմում տեքստը, ընթերցանության մկանը չի աշխատում։
Արդարացնո՞ւմ է գիտելիքն իրեն։ Նախարարը թույլ մոտիվացիան անվանեց առանցքային խնդիրներից մեկը։ Բայց մոտիվացիան սերնդի բնավորության գիծ չէ, այլ դեռահասի ռացիոնալ պատասխանը հասարակության ազդանշաններին։ Մեր աշակերտների 15 տոկոսը համաձայնել է, որ դպրոցը ժամանակի վատնում է, իսկ նրանք, ովքեր այդպես չեն կարծում, բնագիտությունից միջինում 13 միավոր ավելի են հավաքել։ Կապն այստեղ, իհարկե, երկկողմանի է. թույլ աշակերտն ավելի հեշտ է հիասթափվում դպրոցից։ Բայց հարցը մնում է. եթե դեռահասը տեսնում է, որ հաջողությունը որոշում են կապերը, ոչ թե գիտելիքը, ապա չլարվելու ցանկությունը ծուլություն չէ, այլ սթափ հաշվարկ։
Ինչու կետային լուծումները չեն աշխատում
Ցանկացած համակարգում կան արագ և դանդաղ մասեր։ Շենքերը, սարքավորումները, չափորոշիչները, դասագրքերը փոխվում են մեկից երեք տարում։ Գիտելիքի արժեքը, կարդալու սովորությունը և դպրոցի՝ որպես արդար վերելակի նկատմամբ վստահությունը փոխվում են սերնդի ընթացքում։
Վերջին տարիներին Հայաստանը ներդրումներ արեց հիմնականում արագի մեջ՝ կառուցեց, վերանորոգեց, վերազինեց դպրոցները։ Սրանք անհրաժեշտ ներդրումներ են։ Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանն առաջարկում է դրանք գնահատել ոչ թե վերանորոգված շենքերի թվով, այլ նրանով, թե արդյոք աճել են աշակերտների հմտությունները։ Դժվար է չհամաձայնել։ Վերանորոգված դասարանը, որտեղ առաջվա պես սովորեցնում են պարագրաֆն անգիր անել, տալիս է նույն արդյունքը։
Կա նաև կառավարման տեսությանը վաղուց հայտնի ընդհանուր օրինաչափություն. համակարգի պատասխանների բազմազանությունը պետք է ոչ պակաս լինի, քան խնդրի բազմազանությունը։ Խնդիրը, որի արմատները միաժամանակ դասարանում են, քննության մեջ, ընտանիքում և հասարակական արժեքներում, մեկ նախարարության ուժերով չի լուծվում։
Ինչ անել. յոթ ուղղություն
- Դադարել խրախուսել արագությունը։ Վերանայել ընթերցանության տեխնիկայի գնահատման չափանիշները և մրցույթների ձևաչափը՝ արտահայտչականություն և ընկալում՝ րոպեում բառերի փոխարեն։ Ցանկի ամենաէժան և ամենաարագ գործող միջոցը։
- Վերին աստիճանները սովորեցնել բացահայտ։ Եզրահանգում, ենթատեքստ, հեգնանք, ժանր, փաստի և կարծիքի տարբերակում՝ հատուկ ընտրված տեքստերի վրա։ Նաև՝ աշխատանք տեղեկատվական, ոչ միայն գեղարվեստական տեքստերի հետ։
- Ամենօրյա ընթերցանություն դասացուցակում։ Ճապոնական մոդելը՝ օրական տասը-տասնհինգ րոպե, գիրքն ընտրում է երեխան, կարդում են բոլորը՝ ուսուցիչը ներառյալ։ Զուգահեռ՝ դպրոցական գրադարանների համալրում ժամանակակից մանկական ու պատանեկան գրականությամբ և ընտանեկան ընթերցանության խրախուսում։
- Ընթերցող ուսուցիչ։ Ուսուցիչների ընթերցանության ակումբներ, ծանոթություն ժամանակակից մանկական գրականությանը, նոր գրքերը՝ նախ մանկավարժի ձեռքը։ Մանկավարժական բուհերում բարդ տեքստի ընկալումը պետք է լինի ուսուցման առարկա, ոչ թե ֆոն։
- Փոխել քննությունը, որ փոխվի դպրոցը։ Եթե ավարտական ու ընդունելության քննությունները սկսեն ստուգել գիտելիքի կիրառումը՝ աշխատանք տեքստի, տվյալների, փաստարկի հետ, կրկնուսույցների շուկան կվերակառուցվի մեկ-երկու տարում, իսկ նրա հետևից՝ դասերը։
- Չափել ամեն տարի, ոչ թե չորս տարին մեկ։ Ֆունկցիոնալ գրագիտության ազգային մոնիտորինգ, օրինակ՝ 4-րդ և 7-րդ դասարաններում, բաց արդյունքներով։ Նպատակը հետադարձ կապն է, ոչ թե պատիժը։
- Անել այնպես, որ գիտելիքն արդարացնի իրեն։ Թափանցիկ ընդունելություն բուհեր, ստաժավորումներ, դպրոցների ուղիղ կապ գործատուների հետ, առաջին հերթին՝ ՏՏ ոլորտի, որը սուր կարիք ունի կադրերի։ Ամենադանդաղ ուղղությունն է, բայց առանց դրա մնացածը կտա միայն ժամանակավոր արդյունք։
Այս ուղղություններից ոչ մեկը պետությունից միայնակ գործել չի պահանջում։ Բիզնեսը, մասնագիտական միությունները, հրատարակիչները, գրադարանները, սփյուռքը և լրատվամիջոցներն ի վիճակի են իրենց մասն ստանձնել՝ ընդհանուր նպատակի և ընդհանուր չափման համակարգի պայմանով։
Թիրախը՝ 2029 թվական
PISA-ի հաջորդ ցիկլը չորս տարուց է։ Պետք է յուրաքանչյուրին հասկանալի, չափելի նպատակ։ Օրինակ՝ բազային ընթերցողական գրագիտություն ունեցող դեռահասների բաժինը հասցնել գոնե այսօրվա վրացական մակարդակին, այսինքն՝ մոտավորապես կրկնապատկել՝ 19-ից 39 տոկոս։
Իրատեսակա՞ն է։ Վրաստանը 2022-ից 2025 թվականներին բնագիտության արդյունքը բարձրացրեց 38 միավորով։ Ճիշտ է, մեկնարկել էր համավարակից հետո ընկած ցածր կետից, բայց օրինակը ցույց է տալիս՝ հետևողական աշխատանքի դեպքում արագ տեղաշարժեր հնարավոր են։
Հայաստանը նավթ ու գազ չունի։ Մեր գլխավոր ռեսուրսը մարդիկ են և այն, ինչ նրանց գլխում է։ Տասնհինգամյաները, որոնք PISA գրեցին 2025-ի գարնանը, 2035-ին կլինեն ինժեներներ, բժիշկներ, ձեռներեցներ, ընտրողներ։ Նրանցից չորսը հինգից այսօր գլուխ չեն հանում միջին երկարության տեքստից։ Սա դատավճիռ չէ, այլ ախտորոշում։ Իսկ ախտորոշումն ունի բուժում, եթե ջերմիջեցնողը չշփոթենք դեղի հետ։
Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հեղինակը «Անտարես» մեդիա հոլդինգի գլխավոր տնօրենն է, Հայաստանի հրատարակիչների միության նախագահը։
Աղբյուրներ. ՏՀԶԿ, PISA 2025 Results (Volume I), երկրային տեղեկանք Հայաստանի մասին. ՏՀԶԿ, PISA 2025 Student Questionnaire (Main Survey, 2025). «Ազատություն» ռ/կ, 09.09.2026. JAMnews, 09.09.2026. Rayner K. et al., Psychological Science in the Public Interest, 2016. Scarborough H., «ընթերցանության պարանի» մոդել. Cremin T. et al., Teachers as Readers, UKLA. Hanushek E. et al. ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի հաղորդագրությունը։


















































