Հուսիթների՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության դեմ օրերս իրականացրած հարձակումները կրկին բացահայտեցին արդի ռազմաքաղաքական դաշինքների արդյունավետության և դրանց ընձեռած երաշխիքների բնույթի հիմնախնդիրը։ Ի՞նչ են իրականում ենթադրում այդ երաշխիքները՝ հավանական հակառակորդին զսպո՞ւմ, ճգնաժամի մեջ հայտնված գործընկերոջը քաղաքական և դիվանագիտական աջակցությո՞ւն, թե՞ ռազմական ուժ կիրառելու անվերապահ պարտավորություն։
Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրեցին Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը։ Այն ամրագրում է կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը․ մասնակիցներից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի դեմ։ Սակայն համաձայնագրի հրապարակված դրույթներում հստակեցված չեն ո՛չ արձագանքի կոնկրետ միջոցները, ո՛չ էլ որոշումների ընդունման կարգը։
Հուսիթների հարձակումներից հետո Պակիստանը հայտարարեց, որ համաձայնագրի շրջանակում ռազմական պատասխանը տվյալ պահին չի քննարկվում, թեև երկիրը պատրաստ է գործելու անհրաժեշտության դեպքում։ Թուրքիան դատապարտեց հարձակումները և վերահաստատեց իր աջակցությունը Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, սակայն չհայտարարեց համաձայնագրի շրջանակում ռազմական պատասխան տալու մասին։ Այսպիսով, առայժմ արձանագրվել է քաղաքական համերաշխություն և դիվանագիտական աջակցություն, բայց ոչ՝ համաձայնեցված ռազմական միջամտություն։
Նման սահմանափակումներ ի հայտ եկան նաև ԱՄՆ–Սաուդյան Արաբիա հարաբերություններում։ Երկու երկրները 2025 թվականի նոյեմբերին ստորագրել էին ռազմավարական պաշտպանության համաձայնագիր։ Այնուամենայնիվ, Reuters-ի փոխանցմամբ՝ թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը Դոնալդ Թրամփից խնդրել էր հարվածներ հասցնել հուսիթներին, սակայն ԱՄՆ նախագահը մերժել էր ուղիղ ռազմական միջամտության խնդրանքը։ Վաշինգտոնը փոխարենն առաջարկել էր հետախուզական աջակցություն և թիրախավորման հարցում օժանդակություն։
Կարդացեք նաև
Այս օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ պաշտոնական երկկողմ պաշտպանական գործընկերությունը չի երաշխավորում յուրաքանչյուր ճգնաժամում ռազմական միջամտություն։ Դաշինքի շուրջ ձևավորված ակնկալիքների և փաստացի ստանձնած պարտավորությունների միջև կարող է խզում առաջանալ՝ պայմանավորված մասնակիցների ազգային շահերի տարբերություններով և սպառնալիքի բնույթի ու աստիճանի գնահատման հարցում նրանց տարակարծություններով։
Այս դեպքերն ինքնին հիմք չեն տալիս դաշինքային համաձայնագրերը անարդյունավետ համարելու։ Ռազմական միջամտությունը դաշինքի հնարավոր գործառույթներից միայն մեկն է։ Դաշինքները կարող են նպաստել նաև զսպմանը, հետախուզական տվյալների փոխանակմանը, քաղաքական համակարգմանը և նյութական աջակցությանը։ Այնուամենայնիվ, զսպման արդյունավետությունը կախված է նրանից, թե հավանական հակառակորդը որքան հավանական և համոզիչ է համարում հավաքական պատասխանը։
Եթե արձագանքի պայմաններն ու հնարավոր քայլերը պայմանագրով հստակեցված չեն, դաշինքի անդամներն ավելի լայն հայեցողություն ունեն արձագանքի ձևն ու ծավալը որոշելու հարցում։ Արդյունքում, համատեղ պատասխանի խոստումը կարող է ընկալվել որպես պակաս արժանահավատ, իսկ դրա իրականացման ձևն ու ժամկետները՝ ավելի քիչ կանխատեսելի։
Անորոշությունն ավելի է մեծանում ժամանակակից հակամարտությունների պայմաններում, երբ հարձակումներն իրականացնում են ոչ թե կանոնավոր բանակները, այլ ոչ պետական զինված խմբավորումները։ Նման իրավիճակներում դաշնակիցները պետք է գնահատեն հարձակման մասշտաբը, պարզեն դրա աղբյուրը և որոշեն՝ արդյոք տվյալ դեպքը համապատասխանում է համաձայնագրի պայմաններին։ Սպառնալիքի գնահատման և էսկալացիայի պատրաստակամության տարբերությունները կարող են դաշնակիցներին մղել աջակցության տարբեր ձևերի ընտրության։
Հետևաբար, դաշինքի հուսալիությունը պայմանավորված է ոչ միայն նրա հռչակած սկզբունքներով, այլև արձագանքման պայմանների հստակությամբ, համակարգման մեխանիզմների բնույթով, ազգային շահերի համադրելիությամբ, սպառնալիքի բնույթի, անմիջականության և լրջության վերաբերյալ դաշնակիցների գնահատականների համընկմամբ, ինչպես նաև ստանձնած պարտավորությունները կատարելու քաղաքական կամքով։
Թրամփի՝ հուսիթների դեմ ուղիղ հարվածներ իրականացնելուց հրաժարումը պետք է դիտարկել որպես էսկալացիայի ռիսկը հաշվի առնելու քայլ․ ամերիկյան ռազմական ուժի կիրառումը կարող էր ընդլայնել հակամարտությունը և է՛լ ավելի վտանգել տարածաշրջանային անվտանգությունը։
Ուստի կոլեկտիվ անվտանգության պայմանագրերը գնահատելիս՝ պետք է ելնել ոչ թե դրանցից բխող մաքսիմալիստական ակնկալիքներից, այլ այն քաղաքական և իրավական իրականությունից, որի շրջանակում դրանք գործում են՝ հաշվի առնելով պարտավորությունների փաստացի բովանդակությունը, մասնակիցների շահերի համադրելիությունը և սպառնալիքների վերաբերյալ նրանց գնահատականների համընկնումը։
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն Խորհրդի և Ազգային Ժողովի պատգամավոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
«Առավոտ» օրաթերթ
15.09.2026թ.


















































