Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ստեղծել ենք անարժեք արժեքների երկիր

Հուլիս 21,2016 15:23

Ամենամեծ մոլորությունն է այսօր քննարկել կատարվածը ահաբեկչություն է՞, թե՝ ոչ: Քննարկել ապստամբություն է՞, թե՝ ոչ: Ահաբեկիչներ ե՞ն գունդ մտած մարդիկ, զինյալ ապստամբնե՞ր, քաղաքական հեղափոխիչնե՞ր, թե՝ հերոսներ կամ դավաճաններ: Ակադեմիական քննարկումներն ամենաանհարիրն են ստեղծված իրավիճակում: Դրա համար ավելի պատեհ ժամանակներ կլինեն, հուսանք: Իսկ պատեհ ժամանակներում պիտի քննարկենք անպայմանորեն և որպես հրամայական:

Նույնիսկ կատարվածի պատճառների քննությունն է այս պահին ինքնամսխումի նման:

Մենք մեր երկրի անկախությունը, մեր ազատությունը չենք լցրել բովանդակությամբ: Մենք ստեղծել ենք անարժեք արժեքների երկիր: Մեր բոլոր իշխանությունները՝ իրենց մշակութային, կրթական, հոգևոր քաղաքականությամբ, մարդ արժեքի նկատմամբ իրենց վերաբերմունքով, իրենց անհանդուրժողականությամբ, պատեհապաշտությամբ ամեն օր մեր երկրի մարմինը հյուծել են սարսափելիորեն, ու մենք բոլորս դրա մասնակիցն ենք եղել: Ոմանք ընդդիմության դերում, ոմանք՝ վերջին ազատախոհի, ոմանք՝ վերջին նվիրյալի, ոմանք՝ազգային հերոսի, պարծանքի, ոմանք՝ հանդուրժողի:

Այս պաշարով մենք հասել ենք վստահության այն մեծ ճգնաժամին, որի արդյունքում առաջնագիծը տեղափոխել ենք երկրի մայրաքաղաքի կենտրոն: Առաջնագիծ, որի կողմերում թշնամիներ չկան:

Սա գիտենք բոլորս և այս իրավիճակում սա քննարկելն ավելի է փոքրացնում առաջնագծի առջևի բուֆերային տարածքը: Եվ այդ բուֆերային տարածքը լցվում է մարդկանցով, որոնք կարող են անկախ իրենց կամքից, կամ՝ ոմանց կամքով, խաղալ հենց այն կայծի դերը, որի ստեղծած պայթյունը չի ուզում ոչ ոք: Իսկ պայթյունից հետո մեղավոր պարզելն անօգուտ կլինի, որովհետև պայթյունի կորուստներն անդառնալի կլինեն:

1990-ի օգոստոսին, երբ ՀԱԲ-ի անդամները հայտարարել էին, որ իրենց գրասենյակի տանիքից կռմբակոծեն խորհրդարանի նիստերի դահլիճը, այդ սպասումն ուղղակի սարսափելի էր: Սարսափելի էր, թե նրանց համար, ովքեր դահլիճում էին, թե նրանց՝ ովքեր ռմբակոծելու հայտարարություն էին արել: Որովհետև փոքրիկ կայծն անգամ կարող էր անդառնալի ավերածություններ անել: Իսկ հետո, երբ Վիտյա Այվազյանն ու Գեղազնիկ Միքայելյանը գնացին համերաշխության կոչ անելու, գնացին հայի հետ հայերեն խոսելու Վիտյային ու Գեղազնիկին սպանեցին: Ո՞վ սպանեց, ո՞վ տվեց կայծը՝ պատասխան չեղավ: Ամեն մարդ իր կարծիքն ուներ ու իր տեսակետը, մինչև այսօր էլ՝ ունի, բայց՝ պատասխանը չկա:

Հայկական քննարկումներում յուրաքանչյուրն իր անվերապահ ճշմարտություններն ունի, իր անբեկանելի ճշմարտությունները: Մեկ Աստծո գործերն են անքննելի, մեկ էլ՝ հայի ճշմարտությունները:

Այո, եթե արդարադատություն լիներ, եթե զարգանայինք մշակութապես, եթե կրթվեինք, եթե թալան, գողություն, քայքայում, զոռբայություն չլիներ, եթե իշխանությունն իշխանություն լիներ, ընդդիմությունը՝ ընդդիմություն, եթե քաղաքական համակարգը ավերված չլիներ, եթե երեսպաշտություն չլիներ, եթե ազնվորեն գնահատված լինեին երկրին նվիրյալ ծառայություններ մատուցած բոլոր մարդիկ, եթե արժանապատիվ ապրեին, եթե արժանի մարդը վտարված չլիներ, եթե համբակները մշտապես չլինեին թամբին, եթե մի բան փոխվեր երբևէ…:

Այո, սա էլ գիտենք բոլորս, սրա արմատներն էլ խորն են. խորհրդային հասարակությունից մինչև անկախ Հայաստանի հիմքեր, մինչև դրանք հետևողականորեն խարխլած անգետներ, մինչև չլյուստրացված ցուցակների տիրակալներ, մինչև մենք, ինքներս, որովհետև «…բոլորն ուզում են աշխարհը փոխել, ոչ ոք չի ուզում սկսել իրենից…»:

Բայց սրա քննարկումն էլ պահին, օրվան, իրավիճակին հարմար չէ կարծես:

Այս պահին մի պահանջ պետք է ձևավորենք (պահանջ, խնդրանք, հորդոր՝ բառը չեմ կարևորում այս պարագայում) երկրի իշխանությունից՝ նախագահից մասնավորապես. ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾԵԼ:

Հանգուցալուծել առանց բռնության, առանց մարդկային կորուստների, առանց խորհրդային մոդելների: Դրանք նույնիսկ խորհրդային երկրում չէին աշխատում:

Հանգուցալուծել առանց կուսակցական, քաղաքական, անձնային մոտիվների: Արդարացված, թե՝ ոչ, անկարևոր է:

Հանգուցալուծել պետականությանը չվնասող զիջումներով:

Խոսք ասել Հայաստանի քաղաքացիներին: Երկրի նախագահի խոսք՝ ուղիղ, անկեղծ, շիտակ, հանգուցալուծման եզրերով, նախորդ լարված օրերի մասին արվածի տեղեկացմամբ: Հանրային լինելը երկրի նախագահի պարտավորություն է, անկախ այն հանգամանքից դա մոտ է մարդու անձնային հատկանշներին, թե՝ոչ: Սպասումը խորացնում է ընկճվածությունը, իսկ ընկճվածությունը չի տանում ոչ մի տեղ:

Եթե հարկ է՝ առանց յուրայինների և ոչ յուրայինների, առանց հաճոների և անհաճոների տարաբաժանման հանգուցալուծման ուղիները քննարկել մարդկային ռեսուրսի մոբիլիզացմամբ: Դրա բացակայությունն այդ ռեսուրսը տարալուծում է այլ ուղղություններով: Միայն ծափահարողների մատուցածը միշտ արջի ծառայություն է լինում:

Գուցե այս պահին կամովի մեծացնենք խոսքի, բառի նկատմամբ պատասխանատվության մեր զգացողությունը: Սեռական հայհոյանքները ոչ մի կերպ տղամարդկության ապացույց չեն, ոչ էլ թունդ ընդդիմադրի կամ պայքարի հերոս մարտիկի: Մանավանդ, որ համակարգչի այն կողմում են և Աստված գիտի, թե որ հեռուներից:

Առավել ևս՝ սեռական հայհոյանքները կանանց չեն տրված: Համենայնդեպս՝ որպես պարկեշտ դիրքավորվող կանանց:

Գուցե առավել, քան երբևէ կարևորենք ֆեյսբուքյան ստատուս գրելուց առաջ մտածելը, ոստիկանին թուրք, խուժան, դավաճան ասելուց առաջ՝ հայի, ընտանիքի, որդու, ամուսնու մասին խորհելը, գունդ մտածներին ու իշխանության մարդկանց այպանելուց առաջ՝ դադար վերցնելու ամեն բան փոխող պահը:

Գուցե դադարեցնենք հեռուստատեսությունների ահաբեկչությունը՝ (այս մեկն ահաբեկչություն է, անկասկած) հարյուր անգամ հատուկ թողարկումներով ուղիղ եթեր դուրս գալն ու ոչ մի բան չասելը, 24:00-ին հրատապ թողարկմամբ կեսօրի «նորություններին» ծանոթացնելը: Դադարեցնենք «ազատ» մեդիայի ինքնանպատակ ուղիղ եթերները, երբ ոչ մի գործողություն չի կատարվում, երբ ուղղակի միացված է տեսախցիկն ու օպերատորը նստած է ծառի ստվերում: Ուղիղ եթեր տանք, երբ գործողություն կա, թեկուզ՝ աննշան, բայց գործողություն:

Այսպես զանգվածներին դրդում ենք շարժի, իսկ զանգվածների մեջ նաև բոսյակներ են լինում: Ներմուծված, թե՝ ինքնակազմակերպված, դարձյալ կարևոր չէ:

Կարող է՞ արդյոք մի անգամ խոհեմությունը հաղթել. բոլորիս խոհեմությունը:

Որ «փրկության արևը միայն այստեղ և այս պահին կարող է ծագել», «այստեղ ծնվում է նոր Հայաստանը», «վաղվա ազատ Հայաստանն այստեղ է ծնվում, հայեր» կարգի պոռթկումներ շատ ենք տեսել, որոնք միշտ տարել են…երեկվա Հայաստան:

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031