Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Երկրի ամբողջ քաղաքական կյանքը ծավալվում էր ՊՊԾ գնդում եւ նրա հարակից տարածքում» (տեսանյութ)

Օգոստոս 01,2016 17:43

«Իշխանությունը ընդամենը լուծեց զինված խմբի հարցերը, բայց ոչ արմատները»,- օգոստոսի 1-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները հանձնվեցին ասպետաբար՝ խուսափելով արյունահեղությունից. «Կարող էին դա անել, կարող էին մարտիրոսվել, մինչեւ վերջին փամփուշտը կռվել, կարող էին թափել դիմացի ոստիկանի արյունը, չարեցին դա: Նման հանգուցալուծման պայմաններում, երբ խումբը բավականին բարձր քաղաքական նշաձող է սահմանել, թերեւս վերին աստիճանի ամոթալի կլինի, եթե իշխանությունը բավականին բարձր չպահի իրենց թե՛ խմբի հետ առնչվող քննչական եւ այլ գործողություններում, եւ թե՛ նաեւ քաղաքական հարաբերություններում: Ցավում եմ, բայց վտանգավոր նշան արդեն համարենք ԱԱԾ-ի կողմից կրկին շրջանառության մեջ դրված «ահաբեկիչ» որակումը»:

Styopa 2Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ինքը կցանկանար, որ իշխանությունները առաջին հերթին ազատ արձակեն քաղաքական բանտարկյալներին. «Ակնհայտորեն Սարի թաղի միջադեպից հետո բոլոր ձերբակալվածները առնվազն քաղբանտարկյալներ են: Ես նրանց բոլորին շատ լավ եմ ճանաչում, թերեւս ես գոնե կարող եմ ասել, որ Հովսեփ Խուրշուդյանը կամ Դավիթ Սանասարյանը լավագույն դեպքում կարող էին իրենց արժանապատվությունը եւ իրենց ֆիզիկական գոյությունը պաշտպանել ֆիզիկական վայրագություններից, բայց ոչ երբեք զանգվածային անկարգության կազմակերպիչ կամ մասնակից լինել»:

Ստյոպա Սաֆարյանը համարում է, որ «Սասնա ծռեր» խմբի հանձնվելը հանրությունում լավագույն դեպքում մեծացնելու է հիասթափությունները, սակայն այն չի նվազեցնելու դժգոհությունը. «Մարդիկ փնտրելու են հաջորդ «Սասնա ծռին», որը դասեր կքաղի այս մի «Սասնա ծռերի» սխալներից եւ կասի ճիշտը՝ ոչ թե օրինակ երեսուն հոգով ՊՊԾ գունդ գնալն է, այլ տաս հոգով նախագահական, տաս հոգով Ազգային ժողով կամ կառավարություն, տաս հոգով էլ վարչապետի տուն, ինչպես ես արդեն լսել եմ, ցավոք սրտի: Սա՞ է ուզում իշխանությունը, եթե սա է ուզում, ուրեմն՝ այս քննարկումները կան, եւ մարդիկ սրանից են դասեր քաղելու: Ես ցավում եմ՝ մենք ձախողվել ենք «Սասնա ծռերին» կամ Հիմնադիր խորհրդարանին ապացուցել, որ քաղաքական եղանակներով հնարավոր է բանի հասնել, մենք բոլորս ենք ձախողվել: Մենք այդ ձախողումներով թույլ տվեցինք, որ նրանց գործողությունները դառնան վերին աստիճանի լեգիտիմ, հասկանալի եւ արդյունքը սա է»:

Ըստ նրա, երկիրը պետք է գնա լրջագույն բարեկարգումների, պետք է վերանայումներ կատարվեն. «Երկրի ամբողջ քաղաքական կյանքը ծավալվում էր ՊՊԾ գնդում եւ նրա հարակից տարածքում: Սա աննորմալ վիճակ է, երբ այդ խնդիրները պետք է գնային պետական ինստիտուտներ՝ կառավարություն, Ազգային ժողով եւ մնացած պատկան մարմինները: Հետեւաբար՝ խմբի հանձնվելը էապես կազդի ակցիաների բազմամարդության վրա, բայց իշխանության մեծ սխալներից այն է եղել, որ նա միշտ նայել է, թե քանի հոգի մարդ է հավաքվում, ինքը չի հասկացել, թե քանի մարդ է սեփական տանը դժգոհ իրենից եւ կառավարումից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031